Բաժիններ՝

Ինչ պետք է իմանա կենսաթոշակային համակարգին միացողը. պարզաբանում է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների թիվը կհամալրվի եւս 80 հազարով։ Տարեցտարի նոր միացողներ կլինեն, այնպես, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում ողջ աշխատուժը կներգրավվի համակարգում։ Կուտակային կենսաթոշակային համակարգի անհրաժեշտությունը, քաղաքացիների կողմից գումարների տնօրինման, դրանց ռիսկայնության եւ այլ հարցերին «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։
«Եթե ուզում ենք արժանապատիվ կենսաթոշակ ապահովել ապագա սերնդի համար, գոնե այն սերնդի, որն այսօր միջին տարիքում է գտնվում, այս բարեփոխումն անհրաժեշտություն է։ Նախկին համակարգն ավելի շատ նպաստի համակարգ է, քան կենսաթոշակի, այն չի ապահովագրում աշխատողների արտադրողական կյանքի ընթացքում եկամտի փոխհատուցումը ծերության ժամանակ։ Ամբողջ առաջադեմ աշխարհում կենսաթոշակային տարիքի եկամուտը ապահովագրում են՝ այդ թվում՝ պետության միջամտությամբ եւ աջակցությամբ, դա կամավոր տեղի չի ունենում»,-ասում է Ներսես Երիցյանը։

Բացի այդ՝ նրա խոսքով, մեր երկրում սպառումը բարձր է, ինչը հնարավորություն է տալիս նաեւ ձեւավորել խնայողություններ, դրանք պետության աջակցության ներքո փոխակերպել արդյունավետ ներդրումների ու կուտակել հարստություն։ Ինչու է կարեւոր կուտակումը։ Այն հարատեւ ու ներառական տնտեսական աճի երաշխիք է։ Ներառական աճը, պաշտոնյայի բնորոշմամբ, մեկից հարկը վերցնելու մյուսին տալու մեջ չէ, քանի որ, եթե մեկին չափից ավելի շատ ես հարկում, նա դադարում է արտադրողականություն ապահովել, մյուսին էլ շատ ես նպաստներ տալիս՝ ծուլանում է՝ չի աշխատում։ Պետք է հավասարակշռության ճիշտ մակարդակ գտնել, իսկ դրա լավագույն ձեւն այն է, որ երկուսն էլ ունենան որոշակի կուտակումներ եւ ներդրումներ կատարեն։ «Այդ դեպքում հասարակության առաջընթացի ու զարգացման հնարավորություն է ստեղծվում։ Երբ մարդիկ սկսում են խնայել ու կուտակել, դառնում են այլ տիպի քաղաքացիներ, նրանք ավելի պահանջատեր են դառնում իրենց գումարների ճիշտ կառավարման հարցում։ Կառավարությանն ու իշխանություններին հաշվետու են պահում իրենց առջեւ, որպեսզի ներդրումները պաշտպանված լինեն, առավելագույն վերադարձելիություն ապահովեն»,-վստահեցնում է ԿԲ փոխնախագահը։

Կուտակային համակարգը «փրկում է» հարկերի հնարավոր բարձրացումից

Ներսես Երիցյանի խոսքով՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի գոյությունը նաեւ զերծ է պահում շատ բարձր հարկեր (օրինակ 40 տոկոս եկամտահարկ ու սոցիալական վճարներ) ունենալու հեռանկարից, քանի որ Հայաստանը մոտակա տասը տարիներին կունենա զարգացած երկրներին բնորոշ ծերացման մակարդակ։ Այսինքն՝ մեկ աշխատողը պետք է ավելի մեծ թվով մեծահասակների համար հարկեր վճարի, որոնցից էլ ներկայում ձեւավորվում են կենսաթոշակները։ Պաշտոնյան նկատում է՝ ներկայիս համակարգի պայմաններում, երբ այս սերունդը վճարում է ավագների համար, կենսաթոշակի էական բարելավման մասին պետք է մոռանալ կամ հարկերը պետք է ավելացնել, որպեսզի աշխատավարձ/ կենսաթոշակ հարաբերակցությունը լինի ընդունելի սահմանում։
«Երկրները, որտեղ գործում է այն մոդելը, որ հարկատուն վճարում է այսօրվա կենսաթոշակառուին, սկսել են 8 կամ 10 աշխատողին 1 կենսաթոշակառու հարաբերակցությամբ ու այդ ընթացքում կարողացել են ձեւավորել պահուստներ։ Պահուստները կառավարվում են, դրանցից ստացված եկամուտների հաշվին մեղմվում է հարկային բեռը, բայց հարկային բեռը, այնուամենայնիվ, շատ բարձր է։ Կուտակային կենսաթոշակային համակարգի պարագայում դեմոգրաֆիական խնդիրներից ձերբազատվում ես, որովհետեւ ամեն անձ իր համար է կուտակում, բայց միաժամանակ հարկեր է վճարում բոլոր նրանց համար, ովքեր աշխատաշուկայում չեն»,—նշում է պաշտոնյան։

Ինչու է պետք պարտադիր բաղադրիչը

Ներսես Երիցյանը նշում է՝ կուտակային համակարգն ավելի ընկալելի ու հասկանալի դարձնելու համար միշտ կարելի է փոփոխություններ իրականացնել, բայց «պարտադիր, թե կամավոր» երկընտրանքում անհրաժեշտ է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. համակարգն արդյունավետ է, երբ առկա է մասշտաբի բաղադրիչը։ Ներկայում էլ Հայաստանում գործում է կամավոր կենսաթոշակային կուտակային համակարգ, որին, ինչպես փորձն է ցույց տվել, միացողների մեծ բանակ չկա։ Ներսես Երիցյանի խոսքով՝ երկար ժամանակ է պետք, որ մարդիկ կամավոր միանան։ Այդ իսկ պատճառով՝ ամբողջ աշխարհում երկրներն այդ բարեփոխումն իրականացնում են պարտադիր։ «Երկրորդը՝ այս համակարգերը կյանքի են կոչում բոլորի համար պարտադիր կերպով, որպեսզի նվազեցնեն ծախսերը, քանի որ համակարգի գործունեության համար պահանջվում են ենթակառուցվածքներ։ Իսկ ենթակառուցվածքները, որոնք ստեղծված են այս կենսաթոշակային համակարգի համար, կարող եմ վստահեցնել, լավագույնն են»։

Միջոցների վերադարձի երաշխավորումն ու ռիսկայնությունը

«Ֆոնդերը մեր սեփականությունն են, դրանցում մեր փայլերն առանձնացված են եւ կառավարիչներից, եւ ենթակառուցվածքներից։ Եթե կառավարչի հետ որեւէ բան եղավ, մեր ներդրումները պաշտպանված են, դրանք անձեռնմխելի են։ Բացի այդ՝ կառավարությունն ու ԿԲ-ն ներդրումային հստակ սահմանափակումներ են դրել, որոնք երաշխավորում են կառավարիչների կողմից այնպիսի մոդելների որդեգրում, որոնք երկարաժամկետ հեռանկարում կապահովեն առավելագույն եկամտաբերություն՝ նվազագույն ծախսերի կամ կորուստների դիմաց»,-ասում է պաշտոնյան։
Կառավարիչները լավագույն մշակույթ եւ կառավարման փորձ ունեցող միջազգային ընկերություններ են, որոնք գրանցված են նաեւ Հայաստանում, հետեւաբար, նրանց վրա առկա է վերահսկողություն պետության կողմից։ «Իրենց հեղինակության ռիսկը մի քանի անգամ ավելի բարձր է, քան այն միջոցները, որ իրենք Հայաստանում կառավարում են»,-հավելում է ԿԲ փոխնախագահը։

Միջոցների տնօրինման հնարավորությունները

Մարդիկ, ովքեր որոշակի չափից ավելի են կուտակում, համակարգը թույլ է տալիս 55 տարեկանից հետո ստանալ իրենց միջոցները։ Երկրորդը՝ որեւէ հիվանդության կամ մահացության դեպքում ժառանգներն ամբողջությամբ կարող են կանխիկացնել գումարը։ Այս դեպքում՝ Ներսես Երիցյանի դիտարկմամբ՝ համակարգը հանդես է գալիս որպես կյանքի ապահովագրություն, եւ ի տարբերություն այլ երկրների, որտեղ ժառանգները, կանխիկ ստանալով գումարը, եկամտահարկ են վճարում, Հայաստանում օգուտները չեն հարկվում, որովհետեւ այն հարկվում է վճարման պահին։
Համակարգի շրջանակում կուտակումը կամ հարստությունը դիտարկվում է նաեւ որպես երաշխիք վարկեր ձեւակերպելիս։ Եթե հետագայում անձի եկամուտները չբավարարեն կամ պարտքի մարումից ավելի շուտ նրա հետ ինչ-որ բան պատահի, կուտակային հաշվի վրա եղած ակտիվներով հնարավոր կլինի փոխհատուցել բանկի պարտքը։ «Ուղղակիորեն գրավ չես կարող դնել այդ ակտիվները, բայց այն տալիս է երաշխիք տարբեր գործիքներից օգտվելիս»,-հավելում է Ներսես Երիցյանը։
Ինչ վերաբերում է 63 տարեկանից հետո կուտակված գումարների տնօրինմանը, ապա քիչ կուտակման դեպքում հնարավոր է ամբողջությամբ կանխիկացնել, իսկ որոշակի մեծությունից բարձրի դեպքում՝ անձը կարող է վերցնել գումարի մի մասը, մնացածն ուղղել կյանքի ապահովագրմանը։ «Ապահովագրական ընկերությունն իր վրա է վերցնում քաղաքացու երկարակեցության ռիսկը եւ ամիսների հաշվարկով փոխհատուցում կենսաթոշակը։ Եթե կարճ է ապրում անձը, վերահաշվարկ է արվում, գումարը կանխիկով ժառանգներին է տրվում»,-բացատրում է ԿԲ փոխնախագահը։

Ֆոնդերում կուտակված գումարները ծառայում են ՀՀ տնտեսությանը

Ֆոնդերում կուտակված միջոցները ներկայում 30-70 հարաբերակցությամբ ուղղվել են արտարժույթով եւ դրամով ներդրումներին։ Արտարժույթով ներդրումների նպատակը փոխարժեքի ռիսկերից միջոցների ապահովագրումն է։ «2014-ը ապացույց է, երբ մենք 14 տոկոս արժեզրկում ունեցանք, մեր ֆոնդերը դրական եկամտաբերություն ապահովեցին հենց այդ տարբերակման արդյունքում։ Արտարժութային ակտիվները հուսալի ու իրացվելի են, դրանք միջազգային կապիտալի շուկաներում գոյություն ունեն, վաղը կարող է Հայաստանում էլ զարգանալ այդ շուկան, այստեղ էլ ներդրվեն։ Արտարժույթով կատարված ներդրումները եւս ֆիքսվում են մեր ՀՆԱ-ի մեջ, քանի որ եկամուտ են բերում երկիր»,-նշում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է պետական արժեթղթերում ներդրումներին, ապա դրանք արվում են ֆոնդերի կայունությունն ապահովելու համար. «Այս միջոցները, անկախ նրանից, ինչպես են ներդրվում, ծառայում են մեր տնտեսությանը»։

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս