Բաժիններ՝

«Այսօր էլեկտրաէներգիայի սակագինն ամենաքիչը կարելի է իջեցնել 4-5 դրամով». Անկախ փորձագետ

«Ես արդեն մեկ ու կես տարի  համագործակցում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ, նրանց հետ անընդհատ վիճել և ապացուցել եմ, որ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու տեղ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ անկախ փորձագետ Էդուարդ Արզումանյանը։

Նրա խոսքով՝ ինքը «մատով ցույց է տվել», թե որ տողն ինչ պետք է անել, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ։

«Էլեկտրական ցանցերում չարդարացված կորուստների վերլուծությունը ցույց տվեց, որ մենք այնտեղ ունենք ռեզերվներ, և այնտեղ աշխատող մարդկանցից է կախված, որ այդ կորուստների պատճառները վեր հանելով՝ կարողանան դրանք վերացնել։ Ես հանդիպեցի շատ մեծ դժկամության հանձնաժողովի կողմից»,- նշեց փորձագետը։

Հարցին՝ հաշվարկներ ունե՞ք՝ ինչքանով կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, Է. Արզումանյանն այսպես պատասխանեց. «Չունենալով այն բոլոր տվյալները, որ նրանք ունեն, անելով մոտավոր հաշվարկներ՝ կարծում եմ՝ էլեկտրաէներգիայի սակագինն ամենաքիչը կարելի է այսօր իջեցնել 4-5 դրամով, իսկ հետագայում տեսնենք՝ ինչպես կլինի»։

Նա նկատեց, որ հիմա Հայաստանը Ռուսաստանից վարկ է վերցրել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով. «Այդ վարկերը պետք է սպասարկես, հետո փակես, ու այդ բոլորը նստում են սակագնի հաշվարկի մեջ։ Բայց սակագների հաշվարկման մեթոդիկաներում կան այնպիսի վիճահարույց հարցեր, որոնց մասին պետք է խոսել»։

Հարցին էլ, թե կորուստները ՀԷՑ-ում որքա՞ն են կազմում՝ փորձագետն այսպես պատասխանեց. «2015 թվականին ՀԷՑ-ում կորուստները 13 տոկոս են կազմել, հիմա 2018 թվականի առաջին եռամսյակում նրանք հաշվարկներ են տվել, որ այդ կորուստները կազմում են 8.2 տոկոս, այսինքն՝ զգալիորեն նվազել են։ Խնդիրն այն է, որ այդ կորուստների նվազումը չբերեց սակագների նվազման, որովհետև մեր ՀԾԿՀ-ն նրանց ասել է՝ «լավ, գնացեք՝ մինչև 2022 թիվն աշխատեք, կորուստները պակասեցրեք, ինչքան լրացուցիչ գերշահույթ կստացվի, դա ձերն է»։

Այսինքն՝ իրենց տրամաբանությամբ՝ դա պետք է սեփականատիրոջը ստիպի, որ նա կրճատի կորուստները, որ գրպանի համար լրացուցիչ շահույթ ունենա։ Դուք չպետք է զարմանայիք, թե ինչո՞ւ «Տաշիր» կապիտալը 10 օր առաջ հայտարարեց, որ իրենք բնակչության անապահով խավի համար սակագինը կիջեցնեն, և այլն։ Որտեղի՞ց. նրանից, որ նա կորուստների նվազեցման շնորհիվ այդ լրացուցիչ շահույթն ունի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս