Աստվածաշնչում ասվում է…
«Չկա ծածուկ բան, որ չհայտնվի» (Ղուկաս 8:17)
Բոլորս էլ մեր հոգիներում ունենք ինչ-որ ծածուկ բան, և այդ ծածուկը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեղք, սխալ արարք, որից ամաչում ենք և վախենում, որ մարդկանց հայտնի կլինի:
Մարդն իր հոգու խորքում ունի երկու իրականություն: Առաջինն այն է, որի մասին խոսեցինք. մեր հոգու մի անկյունում թաքնված են մութ գործերը, որոնց հայտնի դառնալուց շատ ենք վախենում: Երկրորդ իրողությունն այն է, որ նույն մեր հոգու մի անկյունում էլ թաքնված է աստվածային լույսը. ստեղծված ենք՝ Աստծո որդիներ, Լույսի որդիներ լինելու և այդ ճշմարտությունը բացահայտվելիս, ի տարբերություն առաջինի, մենք չենք ամաչի:
Երբ Քրիստոս ասում է, որ չկա ծածուկ բան, որ չհայտնվի, նախ և առաջ նկատի ունի աստվածային լույսը, աստվածային իրականությունը: Այն իրականությունը, որ մարդկանցից ծածկված էր, և միայն մեր Տիրոջ հայտնությամբ և հարությամբ մարդիկ ճանաչեցին Աստծուն ու հոգու աչքերով հաղորդ դարձան աստվածային ծրագրերին և պատգամներին: Ինչպես, օրինակ՝ Բեթղեհեմում իրենց հոտը արածեցնող հովիվները տեսան հրեշտակի փայլը և լսեցին ավետիսն ու ամբողջ աշխարհին վկայեցին Աստծո Որդու հայտնությունը անշուք քարայրի մեջ: Այդ հովիվների անունը մեզ հայտնի չէ, բայց իրենց հոգու զորավոր տեսողությամբ անմահության պսակին են արժանացել: Դեպի Բեթղեհեմ ճամփորդող մոգերը աստվածային իրականությունը տեսան փայլող աստղի միջոցով և ճանաչեցին Աստծուն:
Երբ Քրիստոս աշակերտներին հարցրեց՝ ո՞վ է Ինքը, նրանք ոչինչ չկարողացան պատասխանել, բայց այդ պահին բացվեցին Պետրոսի հոգու աչքերը և նա պատասխանեց. «Դու՛ ես Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին»:
Երբ Հիսուս հարությունից հետո երևաց վերնատան մեջ, Թովմաին ասաց. «Ձեռքերդ երկարիր և շոշափիր ձեռքերս և կողս ու մի՛ եղիր թերահավատ»: Եվ բացվեցին Թովմաի հոգու աչքերը ու բացականչեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: Նույն կերպ Սողոսը, որ հալածում էր քրիստոնյաներին, երբ Դամասկոսի ճանապարհին երկնային Լույսի պատճառով կուրացավ, ցանկացավ իր հետ կատարվելիքը հասկանալ ու հարցրեց. «Ո՞վ ես Տեր», ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»: Իրականությանը իրազեկ լինելով՝ Պողոսը դարձավ Աստծո Որդու տասներեքերորդ առաքյալը:
Աստված ծածկված էր մարդկանցից, և Հիսուսի մարդեղությամբ մարդիկ հաղորդ դարձան Աստծո էությանը: Հիսուս նոր կյանք բերեց աշխարհ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց առօրյայում հոգու աչքերով տեսնել և ընկալել իրականությունը` վանելով խավարն ու մշուշը: Այսօր աստվածային իրականությունը կրկին «ծածկված է» մեզանից, որովհետև փակ են մեր հոգու աչքերը, իսկ մեր մարմնական աչքերը փնտրում են այնպիսի իրականություն, որի արդյունքը մեղքն է և մեղքից ծնված ամոթն ու մեղքի բացահայտման վտանգը:
Հարկավոր է ուղղակի բացել մեր հոգու աչքերը, որոնք պիտի փնտրեն այնպիսի իրականություն, որը պիտի լուսավորի ու մաքրի խիղճը, հոգին ու սիրտը:
Տ. Եսայի քհն. Արթենյան
Qahana.am