«Ծնողներն ամաչում են այդ հարցը բարձրացնել՝ մտածելով, որ երեխան կարող է խարանի ենթարկվել». Արման Թաթոյան
«Մենք ունենք կարծրատիպեր լրագրողի աշխատանքի վերաբերյալ, որոնք խոչընդոտում են լրագրողի աշխատանքի իրականացմանը։ Լիարժեք չի գործում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության սկզբունքը։ Դրա համար լրագրողների մոտ արդարացի ընկալում է ստեղծվում, որ իրենք պետության կողմից պաշտպանված չեն»,- այս մասին տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված Հարկային օրենսգրքի հետ, որը վերաբերում է քողարկված տեսքով օրենքից բացի՝ կառավարության որոշումներով հարկատեսակներ սահմանելուն։
Զեկույցում, ըստ պաշտպանի՝ կարմիր թելով անցնում են կալանքների վերաբերյալ հարցերը. «Նախնական կալանքի ժամանակ քննիչի արգելքից հետո մարդը զրկվում է ընտանիքի անդամների հետ տեսակցելու հնարավորությունից, ինչն անթույլատրելի է։ Սա լրացուցիչ զրկանք է, պատճառ է դառնում ինքնավնասումների և ինքնասպանությունների։ Ունեցել ենք մի դեպք, երբ անձը խնդրել է փաստաբանին՝ ավելի հաճախ այցելել իրեն և պատմել ընտանիքի անդամների վիճակի մասին։ Քննիչը պետք է առնչություն չունենա այս որոշման հետ, այդ ակտը պետք է կիրառվի դատարանի կողմից և առնվազն՝ դատախազի միջնորդությամբ։ Տեսակցությունից զրկելու որոշումը պետք է լինի ժամկետային և ժամանակ առ ժամանակ վերանայվի»։
Թաթոյանի խոսքով՝ խնդրահարույց են առողջապահական հարցերը փակ հաստատություններում. «Մենք այստեղ ունենք խնամքի, բժշկական գաղտնիքի հետ կապված խնդիրներ։ Բժիշկը անձին պետք է վերաբերվի՝ որպես իր հիվանդի»։
Պաշտպանն անդրադարձավ նաև ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին. «Այս տարի սոցիալական երաշխիքների փոփոխությունների շատ մեծ ծավալներ ենք առաջարկել։ Նախկինում չկար պահանջ բժշկական եզրակացությունների հիմնավորման համար, ՊՆ նախկին նախարարի հետ աշխատանքի արդյունքում օրենսդրորեն նախատեսվել է, որ բժշկական եզրակացությունը պետք է հիմնավորումների մաս ունենա, հանձնվի զորակոչիկին, որպեսզի նա բողոքարկելու հնարավորություն ունենա։ Մենք խնդիր էինք հայտնաբերել, որ հիվանդանոցները կարող է զորակոչիկին չընդունեն, եթե պայմանավորվածություն չկա, կամ այն հիվանդանոցը չէ, որ զինկոմիսարիատի հետ աշխատում է»։
Արման Թաթոյանը խոսեց նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դասագրքերն անվճար տրամադրելու մասին: Նրա խոսքով՝ հիմա վիճելի է, թե ինչ սկզբունքով են անվճար դասագրքերը տալիս՝ ծնողական խորհուրդների միջոցով. «Ունենք դեպքեր, երբ ծնողներն ամաչում են այդ հարցը բարձրացնել՝ մտածելով, որ երեխան կարող է խարանի ենթարկվել: Ինձ ասում են՝ այդ դեպքում պետք է պայուսակն էլ անվճար լինի, կոշիկն էլ, բայց դա ծայրահեղություն է, դասագիրքն անհրաժեշտություն է: Եթե կոշիկ չունենա երեխան, էլի կարող է գնալ դպրոց, բայց առանց դասագրքի գնալ չի կարող, որակյալ կրթության վրա է ազդելու»։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին՝ պաշտպանն ասաց, որ մեր հասարակության մեջ կարծրատիպային մոտեցումներ կան նրանց նկատմամբ. «Ֆիզիկական միջավայրը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Միայն թեքահարթակներ կառուցելը քիչ է, հաշմանդամության բոլոր տեսակները պետք է հաշվի առնել։ Հաշմանդամություն ունեցող երեխաները կրթության խնդիրներ են ունենում, որովհետև ծնողը երեխային դպրոց չի տանում՝ մտածելով, որ նա խարանի կենթարկվի դպրոցում։ Երեխան դուրս է մնում կրթությունից, որի հիմնական պատճառներից մեկը համարվում է հաշմանդամությունը։ Ունենք դեպքեր, երբ մի դասարանի ծնողները բողոքում են, որովհետև չեն ցանկանում, որ իրենց երեխայի հետ հաշմանդամություն ունեցող երեխա սովորի։ Սա լուրջ խնդիր է»։
Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին, պաշտպանն ասաց, որ կարծրատիպեր կան, թե կինը պետք է ասոցիացվի խոհանոցի հետ, մինչդեռ շատ համեղ կերակուրներ պատրաստող կինը, ըստ նրա՝ կարող է տնտեսական գործունեության մեջ ներգրավվել ու մեծ հաջողություններ գրանցել: