Բաժիններ՝

Ֆրանսիացի կիթառահար Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել Հայաստանում

Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով «Sony Music»-ի արտիստ, ֆրանսիացի հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Թիբո Կոուվինը պարբերաբար վարպետության դասերով է հանդես գալիս աշխարհի մի քանի տասնյակ երկրներում. նա Հայաստանում էր առաջին անգամ: «Հայաստանն ինձ շատ դուր է եկել: Այստեղ հիանալի մթնոլորտ է: Ինչ վերաբերում է վարպետության դասին, պետք է ասեմ, որ իսկապես մեծ հաճույք էր տեսնել նման տաղանդավոր երաժիշտների: Շատ տպավորված եմ այստեղի արտիստներով, նրանց կատարողական տեխնիկայով: Շատ բարձր կարծիքի եմ այն բոլոր երաժիշտների մասին, ովքեր Հայաստանում մասնակցեցին իմ վարպետության դասին»,-նշում է Թիբո Կոուվինը:

Նա փաստում է՝ տեղյակ է, որ Հայաստանում ամեն տարի անցկացվում է Երևանյան միջազգային կիթառի փառատոնը: Աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ելույթ ունեցած արտիստը շեշտում է՝ մեծ հաճույքով կվերադառնա մեր երկիր՝ փառատոնի շրջանակում համերգային ծրագրով հանդես գալու համար: «Կիթառը շատ մեծ ժողովրդականություն վայելող գործիք է: Պետք է ասել, որ այն կիրառվում է երաժշտական բոլոր ժանրերում՝ ռոքից մինչև դասական»,-հավելում է Sony Music-ի արտիստը:

Թիբո Կոուվինի վարպետության դասն իրականություն էր դարձել Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նախաձեռնությամբ: Սա Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված առաջին վարպետության դասը չէր: Ասոցիացիան արդեն իսկ հայ կիթառահարների համար իրականացրել է մի շարք վարպետության դասեր աշխարհում մեծ հեղինակություն վայելող կիթառի վարպետների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս