Բաժիններ՝

Ազգային մշակույթը հարկավոր է պահպանել՝ ինչպես երկրի պետական սահմանը

Դար ու դարեր մշակույթը յուրաքանչյուր երկրի անկախությունն ու պետականությունը ձևավորող-հաստատող ամբողջականության ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բաղադրիչներից մեկն է եղել, կա և կլինի հավիտենապես: Ինչպես՝ հացը, ջուրը, ճանապարհը:

Իր տիրապետության սահմանները շարունակ ընդլայնելու նպատակամղված պատմական յուրաքանչյուր զավթիչ-նվաճող յուրաքանչյուր ասպատակում-ավերումից հետո, փաստորեն խորտակելով համապատասխան երկրի անկախությունը, բռնազավթումը լիակատար և հիմնավոր դարձնելու հետևողականությամբ շտապել է անհապաղ ոչնչացնել նվաճված տարածքի և՛ հոգևոր ինքնությունը, որպեսզի կարողանա մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջական ազգ տարրալուծել-անհետացնել իր կայսրություն-տիրակալության մարդաքանակի, պարտադրվող հավատք-ավանդույթների, ազգագրական կենցաղի, կեղծ պատմագրության և օտարոտի շնչառության մեջ:

Եվ առաջին հերթին ձեռնամուխ է եղել տվյալ ազգի մշակո՛ւյթը ոչնչացնելուն՝ երբեմն այն բառացիորեն հավասարեցնելով հողին:

Այսօր կայսրություններ կարծես թե չկան, տիրակալներն իրենց անվերջանալի ուղևորություններն են շարունակում պատմության էջերում, զորաբանակային տեղաշարժերի փոխարեն՝ «ճկուն» ռազմավարական քաղաքականություն է գործադրվում, արշավանքները վերածվել են տնտեսական արգելափակումների և երբեմն-երբեմն հայտնվող օդային-ծովային արմադաների նշանակետային ռմբակոծումների՝ «պատժամիջոցներ» են կոչվում, մի բան, սակայն, բոլոր ժամանակների համար, մնում է անփոփոխ՝ ուզում ես հիմնավորապես կործանել որևէ երկիր՝ կործանիր նրա ազգային մշակույթը:

Կարդացեք նաև

Ուստի այն երկիրը, որի ազգային մշակույթը կորցրել է յուր դեմքը, անկախությունը, մինչև ո՞ր աստիճան կարող է արտահայտվել իր պետականության ինքնուրույնության ամբողջականության մասին… Իսկ ի՞նչ նշանակություն է ստանում և իմաստ ռազմականորեն կուռ, հզոր պաշտպանված այն պետական սահմանը, որի ներսում գտնվող երկրի հենց մայրաքաղաքում, այդ երկրի տեր բնակչության աղավաղված գիտակցության թողտվությամբ, ազգը մասնատող մշակութային և հոգևոր արմատական արժեքները պղծող ու հոշոտող օտարաեղծանքների լկտի բանակը հիմնավոր ճամբար է խփել և, արշավանքը արշավանքի ետևից, սուրում է ծայրեծայր:

Եթե ամեն մի ազգուրաց, հայրենածախ տգետ-դրամատենչի երախը հագեցնող գումարով կարելի է ցանկացած բեմահարթակ զավթել և այդ բեմից տխմարաբար կամ նպատակադրված նենգադավությամբ ներկայացնել-հնչեցնել ցանկացած ցնկնման ու ոճի նողկալի, հակաազգային ելույթ-կատարում, դա հավասարազոր չէ՞ նույն երկրի պետական սահմանը ցանկացած հատվածում խախտելուն, այդ հատվածը ազգադավորեն ծախելուն և այդ հատվածով ցանկացած դավադիր ներանց կատարելուն: Նաիրի երկրնե՜ր, Հայասա՜, Մեծ ու Փոքր Հա՛յք, Հայաստա՜ն… Երկու ձեռքի իրար միացած ափերից մի՛ ճկույթ է մնացել ընդամենը…

Եվ մեր վտիտ ու առավելապես ոչ մեր բարին կամեցողներով շրջապատված երկիրը, որ գոյատևել է ու հնադարերի ի վերուստներից հասել մինչ մ.թ. երրորդ հազարամյակի սկիզբ միայն ու միայն զտարյուն հայկական արարումների, ազգային հզոր մշակույթի շունչարմատների շնորհիվ, այսօր հեղեղված է բազում կրոնական աղանդներով, «հոգևոր-մշակութային» աղարտիչ այլաբանումների, այլևայլությունների և այլանդակությունների զանազանումներով: Մեր ազգը մասնատելու համար ներմուծել են ինչ ասես…Խեղճ Հայաստան…

Իսկ ովքե՞ր էին, ովքե՛ր են հիմնական եղանակ ստեղծողներն ու խնդացողները… Իհարկե, առաջին հերթին, ազգային մտածելակերպից զուրկ, տգետ ու բութ, գռեհկաճաշակ, ամբարտավան-դրամաանհագ, սեփական ժողովրդի հաշվին աստիճանաբար պարարտացող ցեխավիկային-օլիգարխային ոստայնի տերերը, որոնք մայրենի լեզվի փոխարեն՝ մեկ այլ լեզվի են տիրապետում ընդամենը՝ ֆինանսերեն, և նրանց հովանու տակ սաղարթացած իրեն արդեն տեր ու տիրական բնիկ համարող, մեր մայրենին ու ականջները, մեր ուղեղի խստենին հոշոտող այդ կլկլակոկորդ եղկելի ռաբիսը:

«РАБИС» հապավումը լույս աշխարհ եկավ բոլշևիկների օրոք: Արվեստի աշխարհն ի մի բերելու, արվեստագետներին մի պրոլետարական կազմակերպության մեջ ժողովելու, հսկելու և բոլշևիկյան-կոմունիստական գաղափարներով քաղաքականացնելու նպատակով 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՌՄ արվեստի աշխատողների արհմիության «РАБОТНИКИ ИСКУССТВА» միությունը:

Կարճ՝ «РАБИС», և, համապատասխանաբար, ՌԱԲԻՍ-ի հայաստանյան նահանգային բաժինը: Ուշագրավ է, որ Հայաստանում ՌԱԲԻՍ-ի առաջին անդամներից են եղել՝ Ալեքսանդր Սպենդիարյանը, Հայկանուշ Դանիելյանը և ուրիշ մեծանուն ու հայտնի արվեստագետներ: Որոշ ժամանակ անց հիմնվեցին-կազմավորվեցին ստեղծագործական միությունները, արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան, և ՌԱԲԻՍ-ն աստիճանաբար վերածվեց հարսանիք և հուղարկավորություն սպասարկող սիրող երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական, դարեր շարունակ հայկական հողն ու նրա սահմանները ներլիզող կլկլակոկորդ երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն:

Այնուհետև, աղճատելով մեր ազգը և կույր կլիմայական բարենպաստ պայմաններից օգտվելով, ռաբիսը փարթամացավ հանդուգն և, վերջնականապես լպիրշ, ձեռնոց նետեց մեր անաղարտ ազգային երգարվեստին՝ ասես որպես կանխամտածված հակակշիռ, բոլշևիկածին ձեռնարկումներից շատերին յուրահատուկ՝ պառակտող, քայքայիչ, կործանարար իր հատկանիշով:

Եվ այսօր արդեն բեմ ելած, բե՜մ, այդ շողոքորդ, կլկլակոկորդ անպատկառությունը, շարունակում է ցնծալ, մորեխի բանակի վերածված, վերջնականապես փորձում է խժռել մեր ազգային, զուլալ, ծողովրդական, շարականական, Նարեկացի-Կոմիտասյան երգարվեստի արմատները: Զարհուրանք մեզ՝ ապրեցինք և այն օրն էլ տեսանք, որ մայրաքաղաքի կենտրոնական գովազդային ճաղաշարի և Ազգային Ժողով տանող աստիճանների ստորոտում ազդագրեր խոյացան՝ «ՌԱԲԻՍ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ»:

Ուրիշ է՞լ ինչ փառատոներ էիք նախապատրաստել, սերունդ ու Հայաստան կործանողներ…

Ռաբիս ասելով՝ մենք վաղուց արդեն միայն կլկլակոկորդ երգը չէ, որ հիշատակում ենք ու որակում: Իրեն ու իր երկիրն հարգող յուրաքանչյուր հայ՝ անճաշակը, վուլգարը, գռեհիկը, օտարոտին, խորթը ընդգծելու, ցավոք, միայն զգացողականությամբ-հոգեբանորեն իրենից հեռու վանելու համար մի բառ է օգտագործում ընդամենը՝ ռաբիս: ԵՎ ինչպիսի՜ հաճախականությամբ՝ ռաբիս երգ, ռաբիս համերգ, ռաբիս խոսելաձև, ռաբիս ներկայացում, ռաբիս հաղորդում, ռաբիս հարսանիք, ռաբի՜ս, ռաբի՜ս, ռաբի՜ս…    Մեսրո՜պ Մաշտոց, Գրիգո՜ր Նարեկացի, Ներսես Շնորհալի, մյուս երախտավոր Մեծեր, ի՞նչ եք լռվել դարերի խորքում. ելե՛ք-եկեք ձեր ազգի մշակույթն ու լեզուն փրկելու…

Կկարողանա՞ն բայց… Ի զորու կլինե՞ն… Չէ՞ որ՝ նրանք էլ իրե՛նց ժամանակների ցավ-դառնությամբ են հրաժեշտ տվել ու մեկնել՝ փունջ հառաչանաց… Եվ, համենայնդեպս, եթե կարողանային ժամանել… Համոզված եմ՝ մի սթափ հայացքից հետո, շվարած ու սարսափած, միաբերան կասեին՝ մենք էլ ենք տրոհում ու եղծում տեսել, սակայն ո՜չ այս աստիճան…

Ուրեմն, ի՞նչ է ստացվում՝ դարերն անցնում են, իսկ լեզվամշակութային իրավիճակն առաջընթացի փոխարեն՝ շարունակում է հակահայկական լպրշանքների և ծամածռությունների դատապարտված զո՞հ մնալ… Մենք ազգովի հիվա՞նդ ենք, ի՞նչ է…

Ես խորհրդային ժամանակաշրջանի ծնունդ եմ և, այն օրերից սկսած, շատ բան եմ հիշում՝

Հիսունական-վաթսունականներին այն ո՞ւմ համերգների համար էին երևանցիները բաղձալի ջարդում Հայֆիլհարմոնիայի դռները, ո՞ւմ կլկլագալար երգ ու երաժշտությունը վայելելու կրքով էին արհամարհում՝ Եկմալյան, Կոմիտաս, Սայաթ-Նովա և հայ մյուս դասականների գոհարները ներկայացնող Արմենակ Տեր-Աբրահամյանի, Արմենակ Շահմուրադյանի, Շարա Տալյանի, Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի անզուգական ռադիոհամերգային կատարումներն ու ճչում իրենց ժառանգներին՝ զահլա՛ տարան, շո՛ւռ տուր ալիքը… Ի՞նչ է փոխվել… Որ այսօր նույն երգերը հայերե՞ն են երգում, «հայերը»…

Հետո Շա՜ռլ Ազնավուր եկավ Հայաստան. Երևանի ճաշակին բռներ-չբռներ՝ հայ էր, հռչակավոր էր և վե՛րջ: Օ՜, մեր ազգը սիրո՜ւմ, պաշտո՜ւմ է դրսում հռչակ ձեռք բերածներին: Ազնավո՜ւր, Շերիլին Սարգսյա՜ն, Սերժ Թանկյա՜ն, և՜, և՜ .. Երբեմն մտածում եմ՝ վերոհայտնիները, եթե հայաստանցիներ լինեին, ապա…

Այնուհետև, բացառիկությամբ, եթե չեմ սխալվում, հենց Ազնավուրի խնդրանքով մեծն Ժակ Բրելը Մոսկվայից հետո երկօրյա համերգով ժամանեց և Երևան, որ Հայֆիլհարմոնիայի նո՛ւյն դահլիճում ելույթ ունենա… Դե, հայ չէր, հռչակից էլ տեղյակ չէին, կլկլակոկորդ երգից հետո էլ՝ ի՞նչ Ժակ Բրելի երգաոճ… Ա՛յ, որ մի քիչ կլկլցներ… Ամոթով, մեծ ամոթով եմ հիշում՝ առաջին համերգին դահլիճում այնքան քիչ մարդ էր ներկա: Երկրորդ համերգն արդեն կազմակերպվեց «վարչականորեն»…

Վաթսունական-յոթանասունականներին Երևանում հայերեն խոսելն ամոթալի էր համարվում, հետամնացության նշան, և միջավայր ու դիրքի տերերը ռուսերենին տիրապետողներն էին: Եթե նախորդած ողբերգությունների դեպքում գործ ունեինք անգիտակից քաղքենիության հետ, ապա վերջինը «գիտակցական» բարձրագույն քաղքենիության ծաղիկ է համարվում:

Սակայն հանուն արդարության պիտի ասեմ, որ այդ ծաղիկն ունեցավ և իր դրական կողմերը: Ճաշակ, համենայնդեպս, կար: Միջավայրից սկսվեց գռեհիկի դուրսմղումը և մշակութային որոշակի աճ սկսվեց: Սիմֆոնիկ, օպերային, էստրադային, ժողովրդական երգ ու պարի, գուսանական արվեստի, գիր ու գրականության, գեղանկարչության, կինոյի, թատրոնի, ընդհանուր մշակութային վերելք, և կլկլակոկորդ երգը՝ ռաբիսը, ռաբիս երևույթը սկսեց նահանջել: «22 անց 30» հաղորդաշարը պաշտոնական պայքար սկսեց ռաբիսի դեմ՝ փորձելով վերջնականապես արմատախիլ անել այն հայի հոգևոր-երաժշտական ճաշակացանկից: Ստացվում էր… Հավատում էի ու սպասում…

Բայց տեղի ունեցավ Խորհրդային Միության անհավատալի փլուզումը և մատուցարանի վրա հրամցված Հայաստանի անկախությունն ազգային հերոսների կեցվածքով ճանկեցին արդեն մեզ լավ հայտնի և անմոռանալի գործիչները… Եվ որոշ ժամանակ անց ստիպված եղանք էլի մի անգամ հիշել Օտտո Բիսմարկին՝ «Հեղափոխությունը հնարում են հանճարները, իրականացնում են ֆանատները, շահում են ստահակները»…

Իրար հաջորդող՝ հատկապես ներհայաստանյան տնտեսական-մշակութային եռափուլ, հայատյաց, հայրենածախ քաղաքականությունն էլ հենց աճեցրեց մուտացիոն-մերձավոր առանձնյակներին, որոնք էլ անխնա սկսեցին կոխկրտել ու ոչնչացնել մարդկային և բարոյական բոլոր արժեքները՝ կոռուպցիան սկզբից հասցնելով մինչ ծնկներ, հետո՝ մինչ գոտկատեղ, ապա՝ մինչ կզակ: Այո, այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեր երկրի ղեկավարման վերջին տասնամյակի ընթացքում՝ չարագործությունների ապոգեյ կարելի է գրանցել: Երկրի ղեկավարման ձև, որ կազմված էր երկու բառից՝ «Գնհատում եմ, որպեսզի…», որն էլ դարձավ բոլոր մուտանտների կարգախոսը: Եվ հայի մշակույթն ավելի ու ավելի ոտնատակ գնաց…

Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի բայց, և դեռ էլի որքա՞ն պիտի ցախավելային գիտելիքների տեր, լեպ-շուկայական եռուզեռի մեջ թրծված դեբիլոմուտանտները խցկվեն շահութաբեր շոու-բիզնեսի վերածված մշակութային աշխարհ, հեռուստաընկերություններ, նախարարություններ, վխտան՝ պղծելով ու ոչնչացնելով հայ-ազգայինը՝ սաղարթավորեն մշակութային կոռուպցիան ու իսկական հային պարտադրեն իրենց հետին, քստմնելի ճաշակը:

Մինչև ե՞րբ պիտի ահ ու սարսափով հեռուստացույց միացնենք՝ սպասումով, որ գռեհկության հերթական, նոր մեկնաբանումի և մեր մայրենի լեզուն կախաղան հանելու կերպի նորարարության ականատեսը պիտի լինենք:

Մինչև ե՞րբ պիտի առանց գեղարվեստական ատաղձավոր պրոֆեսիոնալ կարծիքի, առանց իսկական-պետական հսկողության՝ ո՜վ ասես և և ի՜նչ ասես մեր ազգի անունից արտերկրներում ներկայացնի՝ որպես հայ արվեստ, հայկական մշակույթ:

Մինչև ե՞րբ պիտի ազգագրական անվանվող խայտաբղետ երգերն առանց ստուգաբանության կոչվեն հայկական, հնչեն մեր բեմերից, հեռուստաէկրաններից ու նաև այլ երկրներում՝ իբրև մեր ազգային ժողովրդական երգարվեստ:

Մինչև ե՞րբ պիտի մեր հեռուստաընկերություններն անճարակ ինքնուսների խանդավառությամբ նմանակեն-թութակեն…

Մինչև ե՞րբ պիտի աչքներս ջուր կտրած սպասենք մշակութային նոր վերածննդին, հայտնվելուն նրա, որ ազգ սթափեցնի, և սերնդին հիշեցնի ով լինելը մեր…

Ամեն օր մեր հեռուստաալիքներով՝ նորանոր անճաշակության, գռեհկության նույն կաղապարից թռած, տեղական «սցենարիստ-դրամատուրգների» քանքարային սերիալներ և ուրախ ժամանցային հաղորդումներ, բեմական խոսքից անտեղյակ դերասանների տարա՛փ, նրանց կողքին՝ ապրուստ հայթայթող դատապարտված պրոֆեսիոնալներ, բերովի՛ տարտամ սերիալներ, օրապակաս, շլդիկացնող գովազդներ, գովազդային հոլիվուդյան խեղկատակների հեղակարծ կենգուրուացատկեր, անկերպար երգիչ-երգչուհիներ, պրոդյուսերազոհ, երգարվեստաուրաց ռաբիսիատորներ, կոչումնավորների շքե՜րթ՝ աստղաճահի՜ճ, հիբրիդահումոր, մոդիֆիկացված-պեստիցիդախառը տհաս ժյուրինե՜ր, բենեֆիսնե՜ր, բենեֆիսնե՜ր. շուրջօրյա մարաթոնը շարունակվում է, ե՛ռ գալիս, իսկ մշակույթ չկա:

Տպավորությունն այնպիսին է, թե այդ ամենը պետբյուջեի-ժողովրդի հաշվին մուտացիոն առանձնյակների կամք-հրահանգով հատուկ կազմակերպվում-ստեղծվում է անհույս թերի զարգացածների համար՝ խոստումով, որ, եթե երբեմն-երբեմն գիտակցական կայծկլտումներ հանդես բերողներ լինեն, ուրիշ բաներ էլ ցույց կտան…

Հապա՝ պրոֆեսիոնալ թատրոնների՜ վիճակը… Դահլիճներն ինչո՞ւ են դատարկ, ինչո՞ւ վերջին տասնամյակի խաղացանկ-ներկայացումները հայ հանդիսատեսին չեն հետաքրքրում… Բեմադրությունների՞ց է տհաճ հոտ գալիս, թե՞ բեմա – դրությունից… Ո՞վ է հիշում, թե վերջին անգամ ո՞ր թատրոնի ո՞ր բեմադրությունն է աշխույժ աղմուկ բարձրացրել… Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Կարպ Խաչվանքյան, Վլադիմիր Մսրյան, Կարեն Ջանիբեկյան (թող ինձ ներեն մյուս երախտավորները, ում այս պահին չեմ հիշատակում) սերնդից հետո, սերնդակից հատուկենտ ողջ մնացածներով հանդերձ (երկար կյանք նրանց), հայ բեմն ինչո՞ւ մնաց ամուլ, ինչո՞ւ շնորհապաշար դերասանը զրկված մնաց անհատականություն-անուն նվաճելու, մեծ դառնալու հնարավորությունից: Ո՞վ պիտի դերասանից դերասան քամեր… Վարդան Աճեմյան, որտե՞ղ ես…

Ո՞վ պիտի, վերջապես, թատրոնից հասկանալով վարվի թատրոնի հետ… Դեռ վերջերս, սերժաենթակա վերջին վարչապետ Կարեն Կարապետյանն իր հավաքած պիժոնների կառավարության նիստի ժամանակ հարցրեց՝ էդ թատրոններին որ ֆինանսավորում ենք, եկամուտ բերում ե՞ն… Ա՜յ քեզ խայտառակությո՜ւն, ա՜յ քեզ մակարդակ, ա՛յ քեզ…

Իսկ գրադարանները, թանգարանները եկամուտ բերո՞ւմ են… Ինչ արած՝ մշակույթն ամեն մեկի խելքի, զգացողության բանը չէ:

Ինչո՞ւ է այսօր նույն հայ հանդիսատեսը, երբեմնի նախանձախնդիր ընթերցողն արհամարհում և գիրքը… Նախկինում ամոթալի-անթույլատրելի համարվող «Ես՝ քեզ, դու՝ ինձ», այժմյան գրական միջավայրում արմատավորված, օրինազանցորեն ներմուծյալ, մեդալամրցանակատենչ, քվեարկող ագրեսիվ մեծամասնության իրարագովքային հանցավոր արատը, հարմարվող-կողմնապահ, կաշառակեր ու «փառքից» մանկամեծամտացած գրականագետների գրախոսականները, յուրային-ոհմակային, կրիմինալ գործելաոճը, տնայնավար դրամաշորթությունը, ապարանքակառուցակիրքը, և արդյունքում՝ պետական, նախագահական և այլ մրցանակների ախպերավարի բաշխումը, սարսռեցնող քանակությամբ գրաղբի հրատարակումը չէ՞ արդյոք պատճառը…

Երկրի ո՞ր ղեկավարն է երբևիցե կարդացել մրցանակի ներկայացված որևէ գիրք… Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանի առթիվ, նախագահ-վարչապետ զույգից, երևի ավելի գրագետ և խելոք համարելով, ձայնը տվել էին տխրահռչակ Տիգրան Սարգսյանին, և նա ասաց (մեջբերում եմ բառ առ բառ). «Ճիշտ է, ես Վիլյամ Սարոյանի գրածներից ոչ մեկը չեմ կարդացել, բայց ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ նա համաշխարհային աստղ է»: Մեկնաբանության կարիք կա՞…

Ահա սրա՛նք են եղել հայ մշակույթին տիրություն անողները, ֆինանսավորողները, որոշումներ կայացնողները, ճակատագիր ու բախտ տնօրինող երկրի տեր-տիրականները…

Ի դեպ՝ երկար տարիներ ես ուշադրությամբ հետևում էի պետական, նախագահական, նախագահի մրցանակների ամենամյա բաշխման արարողություններին և անհամբեր սպասում՝ ի վերջո կգտնվի՞ մեկը, իր երկրին ու ժողովրդին նվիրված մի իսկական, զտարյուն մտավորական, որ հրաժարվի մրցանակից, հրաժարվի մրցանակ ստանալ հայատյաց այն չարագործի ձեռքից, ով կործանո՛ւմ է Հայաստանը, կոխկրտում է հային, և տալիս է մի՛ հնարավորություն՝ փախչել Հայաստանից… Ես այդպես էլ չտեսա այդ մտավորականին:

Եվ «ավագ ջոկատավար» մշակույթի քանի՜ նախարար ունեցանք անկախությունից մինչ թավշյա հեղափոխություն…

Անկախությունից՝ ցայսօր՝ քանի՜ գռեհիկ, զզվելի, կառավարական համարվող համերգի ենք ներկա եղել Հանրապետության հրապարակում… Ովքե՞ր են այդ համերգների, թվում է, թե՝ անմահ-անփոփոխ կազմակերպիչները, ովքե՞ր…

Առհասարակ ովքե՛ր են այդ այդերը, դրա՛նք, որ կարողացան, և ո՞ւմ շնորհիվ կարողացան ասպարեզից դուրս վռնդել արժանավորներին ու հղփանալ…

Վերջերս կարդացի աշխարհահռչակ Ալեն Դելոնի գրառումը նրա ֆեյսբուքյան էջում.

«Ես չեմ զղջա, որ գնալու եմ այս աշխարհից, ամեն ինչ դարձել է փողով, և ես ամեն օր լսում եմ նոր հանցագործությունների մասին»:

Բա, մե՜նք՝ հայաստանցինե՜րս, ի՞նչ ասենք, փառքի կարիք չունեցող և կարիքի մեջ չապրող Ալեն Դելոն, մե՜նք՝ մանկապարտեզից մինչ ծերանոց կոռումպացված հրեշավոր երկրի բնակիչներս…

Մյուս ոլորտների համեմատությամբ՝ մշակույթի աշխարհ մխրճված կոռուպցիոն չանչերն ավելի խորունկ են, ավելի չարորակ և ավելի քննախույզ բուժում են պահանջում: Փողը տուր՝ բեմ բարձրացիր, փողը տուր՝ տիրիր բեմին, փողը տուր՝ կհնչեցնեն, փողը տուր՝ կբեմադրեն, փողը տուր՝ կցուցադրեն, փողը տուր՝ կտպեն, կգովազդեն, կհռչակեն, փողը տուր՝ կաստվածացնեն, այո, ձգտիր ինչի՛ ուզում ես՝ միայն փո՛ղը տուր, փո՛ղը…

Դեռ երեկ, ուշադիր և սթափ նայելով այսօրվա մեր պատմական Հայրենիքից փրկված վերջին պատառում տիրող՝ մարդկային, բարոյական, տնտեսական, ազգագրական և լեզվամշակութային իրավիճակին, կարելի էր եզրակացնել, որ բազմաբնույթ կաշառում-հրապուրամիջոցների, ազգադավ դրամավասալների տեղատվության, տղմոտ գործավարության շնորհիվ մեր վերջնական ինքնակործանման ճեպընթացը մայրուղու վրա է: Իրականանում է ասես մեր բարին չկամեցողների վաղնջական երազանք-ծրագիրը: Ավելի զարհուրելի է մտածել, որ այդ ծրագիրը համահայկական բնույթ է կրում, որովհետև դեռ ոչ վաղ անցյալում սփյուռքի մեր գաղթօջախները, որ, ի տարբերություն Հայրենիքի, Խորհրդային Միության «Ժողովուրդների բարեկամություն» և «Եղբայրական ազգեր» վարած շինծու քաղաքականության մշակութային փոխադարձ պարտադրանքներից զերծ ու հեռու, ընդգծված-հայաշունչ, պահպանողական օազիսներ էին և գաղափար անգամ չունեին ռաբիս երգի, ռաբիս մշակույթի մասին առհասարակ, այսօր իրենց գոյակերպի մեջ առատորեն կրում են հայակործան ռաբիսի պալարները:

Ուժի մե՞ջ է, այսօր էլ, երեկվա զգացողությունը… Մի՞թե հայկական առասպելը մոտենում է իր վերջնագծին… «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՏՈ», կլկլակոկորդ երգ, խորոված, քոչարի ու վե՞րջ…

Եթե որևէ ազգի ներկայացուցչի հարցնելու լինեն, թե ո՞րն է, նրա կարծիքով՝ մեր մոլորակի ամենա-ամենաազգը, նա, ամենայն հավանականությամբ, կհայտարարի՝ այդ ազգը ի՛մ ազգն է: Իսկ ես էլ կասեմ՝ մարդ արարածի համար չկա ավելի մեծ պարգև, ավելի մեծ, նվիրական իմաստ, քան հայ ծնվելն է, հայ մեծանալը և գիտակցելը, թե ինչ է նշանակում՝ հայ լինել:

Սակայն դարաշրջաններ, ավաղ, դրսից՝ քաղաքական անվերջանալի, նենգ հետապնդումներով, ասպատակումներով բարբարոս, արյունահեղությամբ, բզկտելով հայի պատմական-հայրենի հողը, նաև՝ իրենց երկրի միակողմանի շահերից ելնելով և լռելյայն, ներսից՝ անձնական շահին հարենածախորեն տուրք տալով, ծառայելով օտարերկրյա իրենց տերերին, դավադրաբար, մատնությամբ արել են ամեն ինչ, կանգ չեն առել ոչ մի միջոցի առջև՝ ջանացել են մշուշել ու բթացնել ազգի միտքը, որպեսզի չհաղթահարի ու չկայանա հայի իսկական գիտակցությունը, ա՛յն գիտակցությունը, որի շնորհիվ մեզ պետք է ոչ թե թելադրեին, այլ պիտի հաշվի առնեին մեր կարծիքը:

Թվում էր՝ դեռ անհույս-երկար ենք սպասելու փրկարար գիտակցության ընձյուղին, սակայն հենց այն պահին, երբ մտավախություն կար արդեն, թե ուր որ է՝ կորցնում ենք մեր մի պատառ Հայրենիքն էլ, բռնկվե՛ց Հայաստանի պատանեկան-երիտասարդական թավշյա հեղափոխությունը՝ երանավետ գիտակցության անդիմադրելի մղումը, և՛ ընձյուղվեց, և բողբոջեց, և պայթեց՝ ի լուր աշխարհի ազդարարելով՝ ես արդեն բացվե՜լ եմ…

Չեմ ուզում անվանական նշել, թե մեր Հայաստան հրաշալի փոքրիկ երկրում, որ այսօր վերջապես կարող էր հայի դրախտավայր համարվել, ով ի՞նչ է արել (ժողովուրդն ամեն ինչ գիտի), ի՞նչ է անում, ու դեռ ինչե՜ր է անելու… Սակայն անզուսպ ցանկություն ունեմ ասելու՝ ժողովրդի բերանից կտրելով, ազգ ու սերունդ կեղեքելով-ոտնահարելով և միայն սեփական ու մերձավոր-մտերիմների բողազը ճխտելով՝ երկիր ու մշակույթ չի կարելի պահել:

Դա Աստծո՛ Դատաստանի գործ է…

Ավաղ՝ պատմությունը, վատ կամ լավ, ստեղծել-կերտել են անհատները, ստեղծում են, և այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա մեր Երկիր մոլորակը ու նրա վրա ապրող մարդկությունը: Նույնիսկ Ստալինի պես կասկածամիտ ճիվաղը հասկանում էր, որ առանց մշակույթի և մտավորականության՝ պետությունը դեմք ունենալ չի կարող: Մշտապես հետաքրքրվում էր, հետևում, կարդում, ուշադրության կենտրոնում էր պահում ողջ մշակութային աշխարհը, բաց չէր թողնում ոչինչ, ու նրա մտքով անգամ չէր անցնում՝ մշակույթը վերածել բիզնեսի ու հարցնել՝ եկամուտ բերո՞ւմ է, թե՞ ոչ…

Ինչ արած, կրկնում եմ, մշակույթն ամեն մեկի խելքի բանը չէ… Եվ այդ խելքը պիտի անհատի, առավել ևս՝ երկրի ղեկավարի արյան մեջ լինի: Չկա՝ չկա: Ճշգրիտ գիտություն չի, որ ապացուցելով՝ գլուխը մտցնես: Սակայն ազգային մշակույթը հենց այն է, որ, եթե զգաս արյամբ, այո, ապա ամենաճշգրիտն է բոլոր գիտությունների մեջ:

Առանց հզոր, պետական բանիմաց ուշադրության և հոգածության՝ արվեստը, գրականությունը, գիտությունը և սպորտը դատապարտված են շնչասպառության: Ցայսօր հրեշավոր արհամարհանքի, անտարբերության և հայրենադավ բողազամոլության հետևանքով կործանման եզրին են հայտնվել իրենց նշանակությամբ մեր բանակին հավասարազոր, մեր երկրի պետականությունն ու անկախությունը հաստատող, հույժ կարևոր՝ մեր մշակույթն ու լեզուն:

Մենք հայ եք, մեր ազգն անհամար զրկանքներ է տեսել, սակայն դիմակայել է միշտ իր բառ ու բանով, մշակույթով իր անկրկնելի: Այո, հայ ենք, մենք ապացուցեցինք աշխարհին, որ ամեն ինչ կարող ենք: Դեռ էլի աղքատության մեջ ապրելը չնչին բան է մեզ համար, բայց Աստված չանի՝ անհայերեն ու անմշակույթ ապրել մենք չենք կարող: Այդպես մենք կվերածվենք մեկ այլ ազգի: Այստեղ տեղին է հիշել և վերահրապարակել հարյուր տարվա վաղեմություն ունեցող՝ Թումանյանի, Տերյանի,Պատկանյանի, Բաշինջաղյանի և մեր ազգի մյուս Մեծերի՝ մեր ծխականության, գավառականության, քաղքենիության, մեզ պատիվ չբերող այլ բարքերի մասին դառնորեն գրված հոդվածներն ու նամակները… Մինչ երեկ՝ հարյուր տարի անց, ի՞նչ է փոխվել…

Ի զորո՞ւ ենք, կարո՞ղ ենք այսօր, վերջապես, թավշյա, համազգային հեղափոխությամբ վերածնված հայի մեր գիտակցությունը, մեր ըմբռնումն ու զգացողությունը մաքրամաքրել, վերաարմատավորել այնպես, որ մեր Մեծերի մտավախություն-դառնությունը, մեկ դար անց, գոհունակության մի արտաշնչանքով ազատ արձակի նրանց կրծքերը:

Կարո՛ղ ենք: Կարող ենք, այո, որովհետև մենք հա՛յ ենք, որովհետև ողջ աշխարհն է սևեռուն հետևում մեր անկրկնելի, միակնային հեղափոխությանը:

Հարգելի, սիրելի հայրենակից, հայրենակցուհի, թանկագին, անգի՜ն հայ, վերջնականապես, ողբերգական դարեր անց, նախնիներիդ ու արյանդ կանչով գիտակցի՛ր քո ով լինելը և ըմբռնիր՝ այդ կլկլակոկորդ երգաոճը, երգը քո՛նը չէ, հայինը չէ, հակահայկական է, հակաազգային է, հակապետական, մեր հինավուրց ազգի համար կլկլակոկորդ եղկելի երգն այն թմրաթույնն է, որ ականջներ լիզելով ներս է սողոսկում, հասնում է թաղանթին ուղեղի, ձվարկվելով՝ բթացնում է մտածելակերպ-զգացողություն, և հանդուրժողականություն է կորզում ամեն եղծում-պղծումի, պետության ողջ կառուցվածքն ու մեր ոսկեղենիկ մշակույթը հոշոտող կոռո՛ւպցիա երևույթի նկատմամբ:

Ուստի ժամանա՛կն է մեր նոր համաժողովրդական զարթոնքի, նոր Հայաստանի հրամայականը՝ մեր ազգային-հայի ոգին, մշակույթն ու լեզուն մաքրամաքրել և պաշտպանել՝ ինչպես մեր երկրի պետական սահմանը:

Մի քիչ էլ համբերիր, հայ, հայաստանցի, սատար մնա քո իսկ երաշխավորած իշխանությանը, մաքրիր քո լեզուն ու մշակույթը և դու կապրես քո՛ երկրում:

ԲԵՐԴ ՄԵՆԱՅՐ-ԲԱԲԱՅԱՆ
գրող, հրապարակախոս
Հեռ. 24-32-01, բջջ. 077- 243201

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս