Բաժիններ՝

Ինչո՞ւ են թմրում ձեռքերը

Յուրաքանչյուր մարդ էլ բազմաթիվ անգամներ իր կյանքում բախվել է ձեռքի կամ ոտքի զգայունության կորստի հետ, որն ուղեկցվում է թեթև այրոցով կամ ծակոցով: Հաճախ դա տեղի է ունենում վերջույթների արյան շրջանառության ժամանակավոր խանգարման պատճառով՝ որպես հետևանք անոթների և նյարդային վերջավորությունների սեղմման: Բավական է շարժվել կամ դիրքը փոխել, զգայունությունը վերականգնվում է:

Սակայն, ամեն դեպքում, քնի ժամանակ անհարմար դիրքը, ցավոք, ձեռքերը թմրելու միակ պատճառը չէ: Եթե հաճախ են թմրում վերջույթները, և դա երկար է տևում, պետք է զգուշանալ, քանի որ թմրելը կարող է լուրջ հիվանդության նշան լինել:

Ձեռքերը թմրելու պատճառները

1. Պարանոցային օստեոխոնդրոզ:

Կարդացեք նաև

Ողնաշարի պարանոցային հատվածի ցանկացած խաթարում, որը հարուցում է նյարդի սեղմում, կարող է ձեռքերը թմրելու պատճառ հանդիսանալ, ինչպես նաև առաջացնել գլխացավեր ու կենտրոնացման հետ կապված խնդիրներ:

Սկսեք հետևել ձեր կեցվածքին, ինչպես նաև՝ կատարեք հատուկ գիմնաստիկա: Լավագույն բանը, իհարկե, բժշկին այցելելն է: Նա համապատասխան հետազոտություններ կնշանակի պաթոլոգիան ի հայտ բերելու համար:

2. Ցրված սկլերոզ:

Այս առիթով կատակներ, որքան ասես, կարող ես անել, սակայն սկլերոզը միայն մոռացկոտությունը չէ, այլ լուրջ նյարդաբանական հիվանդություն է: Գլխուղեղի և ողնուղեղի նյարդային կաղապարների խաթարման հետևանքով տեղի է ունենում նյարդային իմպուլսների անցանելիության խանգարում: Զգայունությունը պակասում է, և ձեռքերում թմրածության զգացողություն կարող է լինել: Եթե ձեռքերի թմրածության մյուս պատճառները բացառված են, իմաստ ունի դիմել նյարդաբանին:

3. Թունելային սինդրոմ:

Հաճախ դիտվում է այն մարդկանց մոտ, որոնց գործունեությունը կապված է ձեռքերի միատոն աշխատանքի հետ: Դրանք են ծրագրավորողները, դերձակները, երաժիշտները:

Մատների կրկնվող գործողությունների հետևանքով տեղի է ունենում մկանների այտուց: Նյարդը սեղմվում է. մարդը թմրածություն է զգում և անդուր ծակծկոց՝ հատկապես առավոտյան: Անպայման դիմիր նյարդաբանին, որովհետև այս հիվանդության բարձիթողի վիճակը հղի է շատ անդուր բարդություններով, ընդհուպ՝ մատի մկանների ատրոֆիա:

4. Վերջույթի երակների թրոմբոզ

Սա նույնպես հանգեցնում է թմրածության: Թրոմբը դանդաղեցնում է արյան հոսքը: Այդ պատճառով էլ վերջույթների նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար կարևոր նյութերը դժվար են հասնում դրանց: Թրոմբոզը հղի է նաև այտուցներով և այլ լուրջ բարդություններով` գանգրենա, թրոմբի պոկում: Այդ պատճառով էլ հիվանդությունն անպայման ախտորոշում և համապատասխան բուժում է պահանջում:

5. Սակավարյունություն և շաքարային դիաբետ

Այս հիվանդությունները հաճախ ուղեկցվում են վերջույթների արյան շրջանառության խանգարմամբ և որպես հետևանք` թմրածությամբ:

6. Ուսագոտու նևրալգիան, ինչպես նաև շրջապատող հյուսվածքներում երկարատև բորբոքային պրոցեսները կարող են հարուցել ցավային սինդրոմ` դրան հաջորդող ձեռքի թմրածությամբ:

7. Գլխուղեղի արյան շրջանառության խանգարում կամ ինսուլտ

Ձեռքերի թմրածության ամենավտանգավոր պատճառն է: Եթե այն ուղեկցվում է նաև ստորին վերջույթների աշխատանքի խաթարմամբ, գիտակցության մթագնումով, գլխացավով, խոսքի ու տեսողության խաթարմամբ, անհապաղ շտապօգնություն կանչեք:

Մենք ներկայացրինք ձեռքերի թմրածության հիմնական պատճառները: Եթե ձեզ շարունակ անհանգստացնում է վերջույթների թմրածությունը, անպայման անհապաղ հետազոտվեք ու խորհրդակցեք բժշկի հետ: Ավելի լավ է այն անուշադրության չմատնել, քանի որ դրանք կարող են վերածվել լուրջ քրոնիկական հիվանդությունների:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս