Իրանում առաջին անգամ մամոնտների քարացած ատամներ են գտել. IRNA

Իրանում հայտնաբերել են փղերի ընտանիքի՝ շուրջ 2 միլիոն տարի առաջ ապրած եւ բնաջնջված կաթնասունների քարացած ատամներ: Հազվագյուտ գտածոն, ինչպես հայտնել է IRNA գործակալությունը, Իսլամական Հանրապետության հյուսիս – արեւմուտքի Արդեբիլի նահանգում է:

Ինչպես պատմել է երկրի Բնական գիտությունների եւ ծագումնաբանական պաշարների բյուրոյի հնէաբանության բաժնի ղեկավար Զահրա Օրաքը, կենդանիների մնացորդները, որոնք վերագրվում են չորրորդական պարբերաշրջանի սկզբին (անտրոպոգեն), եզակի են ոչ միայն այն բանով, որ լավ են պահպանվել եւ գրեթե վնասվածքների չեն ենթարկվել, այլեւ նրանով, որ դրանք նման տիպի առաջին գտածոներն են արդի Իրանի տարածքում:

«Նախկինում նման բան այստեղ չեն գտել,- նշել է նա:- Քարացածություններից մեկը պատկանում է մազազուրկ մամոնտների արուի, երկրորդն՝ էգի»:

Փորձագետի խոսքով՝ ատամների չափերի հիման վրա կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ առանձնյակները եղել են չափահաս: «Դրանցից մեկը հիշեցնում է հնդկական փղերի ատամները, որոնք, հնարավոր է, Իրանում բնակվել են շուրջ 2 միլիոն տարի առաջ»,- նշել է Օրաքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս