«Արցախի ԱԳ նախարարի համարձակ հայտարարությունը նշանակում է, որ Արցախն էլ է հավատում, որ ինքը լիարժեք մասնակից է բանակցային փուլին». Հովհաննես Իգիթյան

«Արցախի անունից բանակցելու մանդատը նախորդ նախագահները կամովին էին վերցրել, ինքնուրույն էին որոշել, որ իրենք այդ իրավունքն ունեն՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախը բանակցային սեղանին բերելու անհրաժեշտության մասին, ասել էր.

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի  ընտրված նախագահը, իսկ Սերժ Սարգսյանն Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է։ Հետևաբար՝ նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց են վերաբերվում։ Նույն բանը չեմ կարող անել ես»։

Հ. Իգիթյանի խոսքով՝ եթե այն ժամանակ Մինսկի խումբն ըմբռնումով էր վերաբերվում այդ հանգամանքին, քանի որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է եղել, որը եղել ԼՂՀ նախագահը, և այսօր Նիկոլ Փաշինյանի ասածը, որ ԼՂՀ-ն ներկայացնելու հնարավորությունը չունի, լրիվ տեղավորվում է նաև Մինսկի խմբի շրջանակներում.

Կարդացեք նաև

«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային սեղանից, ինչի մասին այն ժամանակվա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել է, որ դա եղել է Հայաստանի մեղքով կամ պահանջով։ Այսօր նոր իրավիճակ է, ու այսօր ոչ թե սկզբունքներն են քննարկվում, քննարկվում են այն խնդիրները, որ դրված էին Վիեննայում ապրիլյան պատերազմից ելնելով։ Այսինքն՝ այսօր ոչ թե լուծվում է կարգավիճակը, այլ՝ պայմանները, որ ԼՂՀ հիմնահարցը քննարկվի։ Այս բոլոր հարցերն ուղղակի առնչվում են ԼՂՀ-ի հետ։

Այսինքն՝ ո՞րն է այն սուբյեկտը, որը պետք է ներկայացնի իր տեսակետը սահմանների անվտանգության մասին։ Խոսքը գնում է Ադրբեջանի և Արցախի Հանրապետության սահմանների մասին, ինչպե՞ս կարող է Հայաստանը քննակել այդ հարցը, այդ հարցը պետք է բարձրացնի և առաջ տանի ԼՂՀ իշխանությունը։ Սա է պատճառը, որ բավականին նորմալ ընդունվեց այդ հարցը բոլոր համանախագահների կողմից։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ խոսքը ԼՂՀ-ին կրկին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին է, բոլորը հասկանում են, որ դա մի հարց է, որը եղել է ու հիմա վերականգնվում է»։

168.am-ի հարցին՝ որքանո՞վ է հավանական առաջիկայում այդ խնդրի լուծումը՝ Հ. Իգիթյանն այսպես պատասխանեց.

«Այդ հարցն արդեն լուծված է։ Այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Ադրբեջանի իշխանությունների հետ, Հայաստանի իշխանությունների հետ և այս կամ այն ձևով քննարկում են հարցերը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, դրանով արդեն ասում են, որ Արցախը կա։ Հիմա մենք չենք խոսում անմիջական, ֆիզիկական ներկայության մասին, որովհետև իրոք նման ֆորմատ չկա, որ սեղանի շուրջ հավաքվեն բոլորը։

Անուղղակի ձևով այդ ֆորմատը գոյություն ունի, ու ինչքան ԼՂՀ-ն ավելի ակտիվ լինի իր տեսակետը ներկայացնելու հարցում, այդքան ավելի շուտ Մինսկի խումբը կընդունի դա, և Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել իրավիճակի հետ։ Պետք է նաև հիշենք, որ նախկինում ոչ միայն Հայաստանի մեղքով է ԼՂՀ-ն դուրս մնացել բանակցություններից, այլև՝ ՀՀ-ի իշխանությունների ճնշումով եղել է այնպես, որ Արցախն իր տեսակետը շշուկով էր հասցնում միջազգային մակարդակին։

Այսօր ինչ-որ բան է փոխվել, թեկուզ Արցախի արտգործնախարարի այդ համարձակ  հայտարարությունը նշանակում է, որ Արցախի Հանրապետությունն էլ է հավատում, որ ինքը լիարժեք մասնակից է բանակցային փուլին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս