Բաժիններ՝

Նախագահի տիկինը պատմում է՝ ինչպես փոքր տարիքում աղերսեց ծնողներին իրեն բալետի ուղարկել ու 6 ամիս հետո աղերսեց, որ էլ չգնա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, գտնում է՝ հայ բալետի պարողներին պակասում է միայն դրամը և ելույթ ունենալու տեղը։ Այսօր նախագահի տիկինն այցելել էր Երևանի պարարվեստի պետական քոլեջ՝ մասնակցելու ավարտական համերգի փորձին։

Ն. Սարգսյանը քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանի հետ նախ շրջեց քոլեջում, մտավ մի քանի լսարան, զրուցեց դասախոսների և աշակերտների հետ, այնուհետև մասնակցեց ավարտական համերգի փորձին։ Քոլեջի տնօրենը շնորհակալություն հայտնեց նախագահի տիկնոջն այցի համար՝ նշելով, որ նա առաջին նախագահի կինն է, որն այցելել է իրենց ուսումնարան։

«Զարմացած եմ և հիացած, որովհետև բալետ ստեղծելը շատ դժվար, երկար տարիների աշխատանք է»,- փորձից հետո լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց Ն. Սարգսյանը։

Կարդացեք նաև

Նա պատմեց, որ ինքն էլ է ցանկություն ունեցել հաճախել բալետի դասերի, սակայն 6 ամիս անց ընդհատել է հաճախումները. «Երբ ես փոքր էի, առաջին բալետը տեսա 6 տարեկանում, հետո աղերսեցի ծնողներիս, որ՝ ինձ տարեք պարարվեստի ուսումնարան։ Ինձ բերեցին, քննություն անցա, ծալեցին, ճկեցին, լսողությունս ստուգեցին, վեց ամիս հետո նորից սկսեցի աղերսել՝ հանեք ինձ պարի ուսումնարանից, շատ դժվար է, չեմ կարող։ Այդպիսի դժվարություն կա, ու ինչպիսի կամքի ուժ է հարկավոր՝ տարիներ շարունակ աշխատել, պարապել ու ստեղծել այս հիանալի գեղեցկությունը»։

Հարցին՝ երբ պարը թողել եք, երբևէ չե՞ք մտածել, որ սխալ ընտրություն էր, Ն. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Այ, հիմա եմ մտածում՝ տեսնելով, թե արդյունքն ինչ գեղեցիկ է։ Բայց դրա փոխարեն՝ իմ ծնողներն ինձ ընդունեցին դաշնամուրի դասարան՝ մի ուրիշ չարքաշ աշխատանք, ու ես 7 տարի սովորեցի։ Ես ավարտել եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և մինչև հիմա հաճույքով նվագում եմ»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ո՞րն է նախագահի կնոջ ամենասիրելի բալետային ներկայացումը։ Ի պատասխան՝ Ն. Սարգսյանն ասաց. «Մեր Արամ Խաչատրյանի «Սպարտակը» եզակի է, նման ներկայացում և երաժշտություն չկա աշխարհում, դա իմ ամենասիրած բալետն է»։

Հարցին էլ՝ ի՞նչն է պակասում մեր հայ բալետի պարողներին՝ նախագահի տիկինը պատասխանեց՝ «դրամ, ելույթ ունենալու տեղ»՝ հավելելով, որ այս ոլորտում ֆինանսական խնդիրներն առկա են ամբողջ աշխարհում։

Խոսելով իր ծրագրերի մասին՝ Ն. Սարգսյանն ասաց, որ դրանք կլինեն հիմնականում արվեստի, երաժշտության, սպորտի ոլորտներում. «Ծրագրում եմ աշխատել նաև երեխաների, կանանց, տարեցների հետ և համար»։

Քոլեջի տնօրեն Հ. Մարկոսյանն էլ հույս հայտնեց, որ իրենց շրջանավարտները կկարողանան աշխատանքի տեղավորվել։ Հարցին՝ խզվա՞ծ է կապը թատրոնի հետ, Հ. Մարկոսյանը պատասխանեց, որ խնդիրը դա չէ. «Թատրոնի գլխավոր բալետմեյստեր Վիլեն Գալստյանը մեզ մոտ աշխատում է, իմ խորհրդականն է, պարզապես տեղերի հարց է, պետք է աշխատատեղեր լինեն, որ երեխաներին վերցնեն, ու մենք հույս ունենք, որ այդ հարցը կլուծվի, որովհետև լավ շրջանավարտներ են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս