ՀԱԿ-ի հայտարատությունը՝ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է իրավիճակ, որում, մի կողմից, գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխությունը իրագործած եւ ժողովրդի վստահությունը վայելող ուժին, մյուս կողմից, սակայն, Ազգային Ժողովի կազմը, ձեւավորված լինելով 2017 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում, շարունակում է արգելք լինել երկրի զարգացման եւ արմատական փոփոխությունների համար։ Երկրի կայունությանը վտանգող եւ պետական արդյունավետ կառավարումը խոչնդոտող քաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական այնպիսի ընտրությունների անցկացումն է, որոնց արդյունքներն անվիճելի կլինեն հանրության համար եւ որոնց ազատ եւ արդար բնույթը որեւէ կասկածի ենթակա չի լինի։
Մեր մշտական համոզմունքն է եղել, որ սեփական իշխանություն ընտրելու ժողովրդի իրավունքի հարգումը եւ երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը պահանջում է ընդամենը պետական իշխանության հստակ եւ աներեր քաղաքական կամք։ Օրենսդրական որեւէ դրույթ կամ օրինականության վերահսկման որեւէ մեխանիզմ չեն կարող երաշխավորել ժողովրդավարական ընտրություններ, եթե այդ կամքը բացակայում է։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում ամհրաժեշտ է պետական իշխանությանը զինել ընտրությունների օրինականության երաշխավորման բոլոր անհրաժեշտ գործիքներով։
Նկատի ունենալով, որ նոր, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը իր առաջնային նպատակներից է հռչակել Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումը, Հայ Ազգային Կոնգրեսը անհրաժեշտություն է համարում վերաիմաստավորել և վերափոխել ողջ ընտրական համակարգը` համապատասխանեցնելով այն քաղաքակիրթ աշխարհում ընդունված հիմնարար սկզբունքներին:
Կարեւորելով ընտրատեղամասերում ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների կառուցման շուրջ ձեռք բերված այնպիսի արմատական նվաճումները, ինչպիսիք են, մասնավորապես, ընտրողների մասնակցության ստորագրված ցուցակների հրապարակումը եւ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղակայումը, միեւնույն ժամանակ վստահ ենք, որ երկրում զարգացող ժողովրդավարական գործընթացը հիմք է ստեղծել ավելի խորքային փոփոխությունների համար, որոնք ուղղված կլինեն ընտրակաշառքի, ընտրողների վրա վարչական, քրեական եւ մասնավոր ընկերությունների կողմից ճնշումների վերացմանը եւ քաղաքացիների ազատ կամքի անարգել դրսեւորմանը։
Այսպիսով, Հայ Ազգային Կոնգրեսը
1. Վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը (առաջարկությունների ամբողջական փաթեթը կցվում է սույն հայտարարությանը առանձին հավելվածով)։
2. Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև Համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։
3. Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը /կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչեւ 6 տարի սահմանելով/, եւ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:
4. Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձին Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
Կոնգրեսը պատրաստ է աջակցել կառավարությանը` օրվա գլխավոր այս խնդիրների լուծման համար օրենսդրական համապատասխան մեխանիզմները մշակելու գործում:
ՀԱՎԵԼՎԱԾ
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության
Անվիճելի է, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհնար է առանց պետության կողմից իրական քաղաքական կամքի դրսեվորման` գործընթացի բոլոր մակարդակներում: Մյուս կողմից, սակայն, անհրաժեշտ է նաև փակել ընտրական մեխանիզմներում առկա` կեղծարարության համար հնարավոր բոլոր սողանցքերը:
Հայաստանյան ընտրություններին բնորոշ են եղել ընտրակեղծարարության հետևյալ դրսևորումները.
- ընտրակաշառքը
- բազմակի քվեարկությունը
- ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն <քվեարկությունը>
- ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը
- ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները
- լցոնումները
- վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը
- անպատժելիությունը (ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը)
- բողոքարկման համակարգի փաստացի չգործելը:
Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ընտրակեղծարարության վերոնշյալ դրսևորումների կանխմանն ուղղված, հայտարարության տեքստում չներառված, լրացուցիչ հետևյալ քայլերը.
1. Ընտրակաշառքը
ա) Փոփոխություններ կատարել Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում` հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ընտրակաշառքին առնչվող հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, ինչպես նաև կիրառել խրախուսական գործիքներ` ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու և ապացույցներ ներկայացնելու համար:
բ) Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունների օրը նշանակվելու օրվանից սկսած մինչեւ քվեարկության օրը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը:
գ) Սահմանել ընտրակաշառք բաժանող և դրան հավասարեցված այլ հանցագործություններ կատարած կուսակցությունների և ընտրացուցակներում ընդգրկված անձանց ընտրական գրանցումը չեղյալ համարելու հստակ ընթացակարգեր։
դ) Քանի որ ընտրակաշառքի մեխանիզմը անխափան կարող է գործել միայն ընտրողի փաստացի կամարտահայտության նկատմամբ հսկողության իրականացմամբ, ուստի դա կանխելու նպատակով`
– վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը և մինչև քվեարկության ծրարում հայտնվելը այն դիտարկել որպես ազատ շրջանառության փաստաթուղթ: Վերացնել քվեաթերթիկը տպագրելու, հաշվառելու, պահպանելու, ՏԸՀ անդամների կողմից ստորագրելու բարդ, խճճող և ծախսատար ընթացակարգերը: ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրել ընտրացուցակներում հաշվառված ընտրողների կրկնակի քանակով, իսկ դրանք որոշակի խմբաքանակներով տեղադրել նաև քվեախցիկներում,
– ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար սահմանել առանձին քվեաթերթիկներ` բացառելով գրիչով որևէ նշագրում, անվավեր համարել ոչ միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա կա որեւէ նշում, այլ նաեւ այն քվեաթերթիկները, որոնք ունեն հատուկ նշան պարունակող ծալվածք կամ ծրարի մեջ ուղեկցվում են թղթային կամ այլ նույնականացնող առարկաներով,
– Որեւէ մեկի օգնությամբ քվեարկությունը թույլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում, իսկ տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից,
– սահմանել քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք դնելու հստակ տեղ` քառանկյան տեսքով, այլապես փոքր տեղամասերում ծրարի տարբեր մասերում կնիք դնելը ընձեռում է ընտրողի նույնականացման հնարավորություն:
2. Բազմակի քվեարկությունը: ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն քվեարկությունը:
ա) Կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.
– ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,
– թանաքի դրոշմը ընտրողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,
– ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:
բ) կիրառել բոլոր մատնահետքերը հանձնելու միջոցով ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչպես սահմանված էր Ընտրական օրենսգրքում ԱԺ կողմից 2016թ.-ի հունիսին կատարված փոփոխություններով:
գ) ապահովել ընտրական ցուցակների վերահսկելիությունը և դրանք ներբեռնելու հնարավորությամբ մատչելի դարձնել բոլորի համար նաև միջընտրական ժամանակահատվածում:
3. Ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը: Լցոնումները:
Ընտրողների ահաբեկման և ընտրական այլ հանցագործությունների ապացուցման բեռը պետք է ստանձնի նախևառաջ պետությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են մշտադիտարկել քվեարկության ընթացքի տեսանկարահանման ընթացքը և նյութերում հանցագործության կատարման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, դրանք ընդունել որպես հաղորդում և օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստերի կապակցությամբ:
4. Ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները:
ա) Խստագույնս վերահսկել նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական ծախսերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, ընդլայնել ԿԸՀ վերահսկիչ ծառայության լիազորությունները:
բ) Կրճատել ընտրական գրավի չափը մինչև 7մլն. դրամ և ընտրական ծախսերի թույլատրելի շեմը` մինչև 200 մլն.դրամ:
գ) Միջոցներ ձեռնարկել հանրային լրատվամիջոցներով նախընտրական գովազդի վճարովի եթերաժամերի սակագները կրճատելու ուղղությամբ:
դ) Օրենքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրին Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է օրական 10 րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` ժամը 19:00-ից 23:00-ի միջակայքում:
5. Բողոքարկման համակարգը
ա) Օրենքով սահմանել, որ բողոքները կարող են ձեւակերպվել և ԸԸՀ ներկայացվել ինչպես առանձին, այնպես էլ քվեարկության օրը` նախաձեռնողի կողմից դրանք գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում: Ընդ որում, ՏԸՀ գրանցամատյանում բողոքները բողոքող կողմը կարող է գրանցել անձամբ:
բ) Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովները պարտավոր են ընթացք տալ ընտրախախտման վերաբերյալ դիմումներին, հաղորդումներին եւ բողոքներին ու քվեարկությամբ կամ այլ եղանակով չեն կարող դրանք անտեսել:
գ) ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ինչպես առանձին ներկայացված, այնպես էլ ՏԸՀ-ների գրանցամատյաններում վստահված անձանց և դիտորդների կողմից արձանագրված բոլոր բողոքների և դիտողությունների վերաբերյալ: ԿԸՀ կամ ԸԸՀ կողմից բողոքը չքննարկելը կամ ձևական քննարկելը առաջացնում է պատասխանատվություն:
դ) Փոխել և պարզեցնել վերահաշվարկի դիմումները ներկայացնելու կարգը և սահմանել, որ.
– վերահաշվարկի դիմումը կարելի է ներկայացնել նաև քվեարկության օրը` արդյունքներն ամփոփելուց հետո, գրանցելով այն ՏԸՀ գրանցամատյանում,
– վերահաշվարկի դիմումները քննարկելու հաջորդականությունը որոշել միայն վիճակահանությամբ,
– հավասարեցնել վերահաշվարկի դիմում ներկայացրած և վերահաշվարկին ներկա գտնվող կողմերի իրավունքները, մասնավորապես նախատեսելով, որ վերահաշվարկին ներկա գտնվող կողմը նույնպես ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունք ունի,
– սահմանել, որ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ պարտավոր է վերահաշվարկել այն տեղամասերի արդյունքները, որոնց ամփոփիչ տվյալները նկատելիորեն տարբերվում են հարակից այլ տեղամասերում գրանցված արդյունքներից:
ե) Ընդլայնել վստահված անձանց լիազորությունները և նրանց թույլ տալ, մասնավորապես, ստորագրել ընտրական ցուցակները:
6. Այլ փոփոխություն
Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարի ընտրվելու իրավունքի ժամկետային սահմանափակումը վերացված է: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ գյուղական համայնքների ղեկավարների շուրջ 70%-ը պաշտոնավարում են 10 և ավելի տարիներ: Համայնքներում ձևավորվել են տեղական փոքրիկ կլաններ, որոնց գերխնդիրը համապետական ընտրությունների ժամանակ իշխանության վերնախավի պատվերով անհրաժեշտ արդյունքների ապահովումն է: Այդ ծառայության դիմաց նրանք ստանում են անժամկետ պաշտոնավարման և համայնքի ունեցվածքի անվերահսկելի տնօրինման իրավունք: Մրցակցությունը համայնքներում փաստացի վերացված է, նոր, երիտասարդ կադրերի ձևավորման համար ոչ մի հեռանկար չի նշմարվում:
Ստեղծված իրավիճակը մեկ քայլով կամ գործողությամբ չես շտկի, սակայն որպես հրատապ քայլ առաջարկում ենք փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերականգնելով համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը երկու ժամկետով սահմանափակող դրույթը:
Հայ Ազգային Կոնգրես