Human Rights Watch-ը ԵՄ-ին կոչ է արել քաղբանտարկյալների հարցով Ադրբեջանի նկատմամբ ճնշում կիրառել
Human Rights Watch մարդու իրավունքների կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է արել քաղբանտարկյալների խնդրի լուծման նպատակով Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշումներն ուժեղացնել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Կազմակերպության ներկայացուցիչ Կատերին Պիլիշվիլին Human Rights Watch-ի կայքում գրել է, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ խոստումներ են տվել մայիսին ստորագրված համաներման հրամանագրից առաջ, բայց այդ խոստումները չեն կատարվել:
«Ադրբեջանում քաղբանտարկյալների բացարձակ մեծամասնությունը շարունակվում է մնալ ազատազրկված»,-գրել է կազմակերպության պաշտոնյան:
Ադրբեջանի իշխանությունները մայիսին ստորագրված համաներման հրամանագիրն ամիսներ շարունակ շահարկել են, և դրանով խուսափել մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ քննադատություններից:
«Ադրբեջանի իշխանություններն այդ հրամանագրով մեծ արդյունքներ էին խոստանում, բայց դա տեղի չունեցավ: Հրամանագրով ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 634 մարդ, որոնցից միայն 12-ն են համարվում քաղբանտարկյալներ»,-նշված է պաշտոնյայի գրառման մեջ:
Կատերին Պիլիշվիլին դիմելով Եվրամիությանը կոչ է արել հստակ քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատ արձակման համար Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու ուղղությամբ:
«ԵՄ-ին կոչ ենք անում Ադրբեջանի քաղբանտարկյալների և «խղճի բանտարկյալների» ազատ արձակման ուղղությամբ հաստատուն քայլեր ձեռնարկել»,-ասել է նա:
Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը:
Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն՝ այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161: