Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի վրա փորձաքննության գործընթացը դադարեցվել է. նախարար
Հայաստանում մետաղական հանքերը երկարատև ժամանակ չեն ստուգվել: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը, շահագործման թույլտվություն ունեցող 28 հանքեր կան, որոնցից որոշներն իրականում չեն շահագործվում, ստուգումներն իրականացնելու է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը:
«Խզում կար փորձաքննություն ստանալուց հետո և իրական գործունեություն հետ կապված, այսինքն` երբ հանքարդյունաբերական կազմակերպությունը ստանում էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը դրական, դրանից հետո գործունեությունը մոնիթորինգի կամ ստոգման պետք է ենթարկվեր: Մոնիթորինգի համակարգը հստակեցված չէր, թե ոնց պետք է արվի, ստուգումներն էլ դադարեցված էին»,- ասաց Է.Գրիգորյանը:
Հարցին` ստուգումների ժամանակ տարբերակում լինելո՞ւ է, թե ում հանքն է, նախարարը զարմացավ. «Բայց ի՞նչ կապ ունի: Այսօրվա դրությամբ մինչև այս ամեն ինչը նույն Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի վրա փորձաքննության գործընթացը դադարեցվել է, այսինքն` անունը, ով է, ինչ է, ի՞նչ կապ ունի: Կա օրենք»: