«Սիրիան մոտենում է պատերազմի ավարտին». Ասադ
Սիրիայի իշխանությունները ահաբեկչներին կվտանգազերծեին մեկ տարում, եթե նրանք օգնություն չստանային դրսից: Այդ մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Յուրաքանչյուր հաջող հարձակում, հաղթանակ, յուրաքանչյուր ազատագրված շրջան մեզ մոտեցնում է հակամարտության ավարտին: Ես միշտ էլ ասել եմ, որ, եթե չլիներ արտաքին միջամտությունը, մեզ դրա համար մեկ տարուց ավելի չէր պահանջվի»,- ընդգծել է Ասադը:
Նախագահն ասել է, որ առայժ «դժվար է նշել» պատերազմի ավարտման ստույգ ժամկետը: «Սակայն մենք մոտենում ենք դրան, դա ակներեւ է»,- հավելել է նա:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, վերջին երկու ամսվա ընթացքում սիրիական բանակն իր հսկողության տակ է վերադարձրել Հոմսի նահանգի հյուսիսի եւ Համայի նահանգի հարավի բնակավայրերը, ինդպես նաեւ Դամասկոսի արվարձանները:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում ավելի քան 220 հազար մարդ է զոհվել: