«Ցեղասպանություն» ասելը հանցանք չէ. Ստամբուլի դատախազությունը կարևոր վճիռ է կայացրել
Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել: Այս մասին հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը:
Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը 2018 թվականի ապրիլի 24-ին Սուլթանահմեթի հրապարակում ցանկացել էր Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն կազմակերպել, սակայն ոստիկանությունը արգելել էր միջոցառումը՝ պատճառաբանելով, որ դրանում բարձրացվել են «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ:
Այդ պաստառները հրապարակ բերած ակտիվիստներ Լեման Յուրթսևերը, Ժիյան Թոսունը և Գամզե Օզդեմիրը ձերբակալվել, ապա ավելի ուշ ազատ էին արձակվել: Որպես ձերբակալության պատճառ նշվել էր պաստառի վրա առկա «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր» գրությունը: Օրերս ավարտվել է ակտիվիստների գործով հետաքննությունը, Ստամբուլի հանրապետական դատախազությունը վճռել է, որ չկան հիմքեր նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար:
Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում: Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ:
Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը կարևորել է դատախազության վճիռը՝ նշելով, որ նախադեպային այդ վճիռը հետագայում էլ կարևոր նշանակություն է ունենալու: «Այսուհետ ամեն ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ մեր հետ կվերցնենք դատախազության այս որոշումը: Ու եթե ևս մեկ անգամ փորձ արվի խափանել մեր միջոցառումը, այս որոշումը ցույց կտանք համապատասխան պաշտոնյաներին»,- նշել են նրանք: