ԱՄՆ-ի պետքարտուղարը և ԿԺԴՀ-ի հանձնակատարը քննարկում են առաջիկա գագաթնաժողովի անցկացման պայմանները
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը Նյու Յորքում քննարկում են, թե առաջիկա երկու շաբաթում ինչ է անհրաժեշտ անել երկու երկրների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի անցկացման համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, նրա բրիֆինգի սղագրությունը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Յուրաքանչյուր կողմից երկու կարեւոր մարդիկ հանդիպում են անցկացնում՝ պարզելու՝ ինչ պետք է արվի երկու շաբաթում, որպեսզի գագաթնաժողովը հնարավոր դառնա»,- ասել է դիվանագետը: Ընդ որում նա հրաժարվել է մանրամասնություններ ներկայացնել, նշելով, որ Թրամփը եւ Փոմպեոն ավելի վաղ պարզորոշ շարադրել են իրենց տեսակետը: Վաշինգտոնը պնդում է ԿԺԴՀ-ի «լիակատար, ստուգելի ու անվերադարձ միջուկազերծումը»:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի վարկածով՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները համոզված են, որ միջուկային զենքը չի երաշխավորում իրենց անվտանգությունը: «Մենք ցանկանում ենք համագործակցել նրանց հետ, որպեսզի նրանց անվտանգության երաշխիքներ տրամադրենք, որոնք, նրանց կարծիքով, հարկավոր են իրենց»:
Ավելի վաղ լրագրողների համար անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել Է, որ Վաշինգտոնը նախատեսում է ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովն անցկացնել հունիսի 12-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: