ՀՀԿ-ի թեկնածուն՝ վերահսկողականի պետի տեղակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։ Աբգարյանը եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել: Մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր Աբգարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերմությունն սկսվել է 2007-ի վերջերից։

Սերժ Սարգսյանը, որպես վարչապետ, հանդիպել է ՀԿ-ների ղեկավարների հետ, վաղ տարիքից տեսողությունից զրկված Աբգարյանը հանդիպման ընթացքում բարձրացրել է հաշմանդամների աշխատանքի խնդիրը եւ կոչ արել Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար:

2 ամիս անց Ս․ Սարգսյանը, դառնալով նախագահ, չի մոռացել Ալբերտի խնդրանքը եւ նրան հրավիրել է նախագահական՝ աշխատանքի։ 2005-ից նա աշխատում է պետական համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ազգային ժողովում: Իսկ 2009-ից աշխատել է Սերժ Սարգսյանի աշխատակազմում:

Դավիթ Սանասարյանի մյուս տեղակալ է նշանակվել Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի «թիկնապահը», Սոցիալական պետական հիմնադրամի նախկին ղեկավար Զարեհ Սարգսյանի որդին, ով քայլարշավի ողջ ընթացքում, ինչպեսեւ մինչեւ վերջերս ուղեկցում էր Փաշինյանին։ Նա 2017 թ․ մարտի 31-ի միջադեպի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարման մասնակիցներից է եւ պարբերաբար հրավիրվում է դատարան՝ որպես տուժող»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս