«Ինչպես կանխել հնարավոր նահանջը». Արծրուն Պեպանյան
Քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես կանխել հնարավոր նահանջը.
1. 1990-ին համազգային շարժումը հաղթանակեց, շարժման առաջնորդները եկան իշխանության։ Ժողովուրդը տրվեց երանելի երկիր ունենալու երազանքին՝ հուսալով, որ անցյալ կդառնան հանրային կյանքում եղած խորշելի երևույթները։
Այդ օրերին ես գյուղում էի։ Թողել էի գիտությունը ՝ գրականությանը նվիրվելու նպատակով, և մտադիր էի գյուղատնտեսությամբ հոգալ ընտանիքիս խնդիրները ։
Իշխանափոխությունից հետո մարդիկ չէին ուզում իրար հետ հարաբերվել հին մեթոդներով, չէին ուզում հարցեր լուծել կաշառքով, ծանոթով ու այլ մերժելի ձևերով։ Բայց և մարդիկ պատկերացում չունեին նոր մեթոդով շփվելու, ծագած հարցերը կարգավորելու մասին։ Եվ մարդկանց սոցիալ-տնտեսական հարցերը մնում էին չլուծված։ Մարդիկ սպասումի մեջ էին, թե իրենց կներկայացվի նոր ապրելակերպը։ Բայց նորը ոչ ոք չէր ներկայացնում նրանց։
Այդ սպասումը տևեց մի քանի ամիս։ Հետո մարդիկ կամաց-կամաց սկսեցին հարցերը կարգավորել հին եղանակներով։ Ու մի որոշ ժամանակ հետո ժողովուրդը սկսեց ապրել հին մեթոդներով ու հինը վերականգնվեց։
2. Բայց իշխանական բուրգի գագաթում դեռ գաղափարակիրներ էին, այնտեղ դեռ ապրում էին նորի հույսերով, սակայն նրանց հույզերը չէին իջնում, հասնում ժողովրդին։ Այդ օրերին նոր նշանակված մի քաղաքապետի հանդիպեցի։ Սկսեց տրտնջալ իր վիճակից։ Ասում էր՝ ուրիշները գնում, կառավարության վարչություններում կաշառքով հարցեր են լուծում, ֆոնդեր են բերում իրենց համար, իսկ ինքն իրեն թույլ տալ չի կարողանում նման վարք դրսևորել, քանի որ հենց նման վարքի դեմ են հեղափոխություն արել։
Այդպես իշխանական համակարգի միջին օղակը կամաց կամաց հեռացավ հեղափոխական հովերից ու վերականգնվեց հինը, քանի որ իրենց էլ հայտնի չէր, թե ինչ է նորը։
Մի որոշ ժամանակ անց հանդիպեցի նախագահականի մի աշխատակցի։ Հետևյալը պատմեց․ սփյուռքից մի հարուստ գործարար է գալիս՝ հայրենիքին օգնելու մտադրությամբ։ Հանդիպում է նախագահականի մի բարձր պաշտոնյանի հետ։ Այս պաշտոնյան լսում է , լսում ու հարցնում ՝
– Իսկ ինձ անձամբ որքան գումար կտաք, որ ձեր ծրագրերին աջակցեմ։
Սփյուռքահայ գործարարը սա որ լսում է, թողնում՝ հեռանում է երկրից։ Նրա հետ երկրից հեռանում է նաև հեղափոխության գաղափարը, ու մի որոշ ժամանակ անց երկրում վերականգնվում է հինը՝ ավելի խեղաթյուրված։
3. Ինչու՞ եղավ այսպես։
Պատճառները շատ են, անդրադառնամ գլխավորներից մեկին։
Որպեսզի հեղափոխությունն անշրջելի բարեփոխումների հանգեցնի ու հինը չվերադառնա, անհրաժեշտ է, որ շարժման ղեկավարները մինչև իշխանության գալը աշխատեն շարժման հետևորդների հետ, հասցնեն վերափոխել, նոր համակարգի կրող դարձնել անհրաժեշտ և բավարար թվով մարդկանց, ովքեր կլինեն նոր իշխանությունների հենարանը իշխանափոխությունից հետո։ Մյուս կարևոր հանգամանքը․ անհրաժեշտ է, որ շարժումը մինչ իշխանափոխությունն անցնի ինքնակազմակերպման փուլ, վերածվի նոր արժեքների վրա հենված միկրոհանրության, իր ներսում ստեղծի կառավարությանն ընդօրինակող բաժիններ, փորձարկի իր անդամներին, վեր հանի ղեկավարման հմտություն ունեցողներին, ձևավորի ղեկավարման խմբեր ըստ ոլորտների։ Այս պայմանների բավարարման դեպքում մեծանում է իշխանության անցնելուց հետո արագ հաջողության հասնելու հավանականությունը։
4. Մինչ իշխանափոխությունը հանդիպում եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական մերձավոր շրջապատի մի ներկայացուցչի հետ, ներկայացրել վերը բերված մոտեցումները։ Եղել է լիակատար փոխըմբռնում։ Նաև կարծիք եմ հայտնել, որ հարկավոր է խուսափել արագ իշխանափոխությունից, քանի որ այդ դեպքում ժամանակի սղության պատճառով բավարար աշխատանքներ չեն տարվի վերը նշված ուղղություններով և հնարավոր իշխանափոխությունից հետո նոր կառավարիչները կկանգնեն լուրջ դժվարությունների առաջ և մեծ կլինի հնի վերադարձի հավանականությունը։
Այս հարցում ևս լիակատար փոխըմբռնում էր։
Բայց ստացվեց այնպես, որ իշխանափոխությունը եղավ շատ արագ ու, որքան նկատում եմ, թե՛ սոցիալական հենարանի, թե՛ կադրային ռեսուրսի առումով անհրաժեշտ աշխատանքները տանելու ժամանակ չեղավ։ Եվ նկատելի է, որ այդ պատճառով նոր իշխանությունները հայտնվել են բարդ իրավիճակում ու առկա է 1-2 կետերում նկարագրված եղանակով հնի վերադարձի ռեալ վտանգ։ Հատկապես, որ ի տարբերություն 1990-ի, հիմա կա հնի վերադարձը ձգտող կազմակերպված քաղաքական ուժ՝ իր աջակիցներով։
Այսօր նոր իշխանությունները կատարում են նորը հաստատելու քայլեր, բայց հաշվի առնելով հենարան սոցիալական շերտերի բացակայությունը, կադրային բանկի սղությունը, տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՀՀԿ-ի ձեռքում գտնվելը՝ նորը չի հասնում ժողովրդի շերտերին: Եվ հնի իներցիան ու դարերի ընթացքում ձևավորված ժողովրդի մտակեցվածքը լրջորեն վտանգում են բարեփոխումների գործընթացի արդյունավետությունը, որի հետևանքով հիմքեր են ստեղծվում մարտյան Հայաստանի վերադարձի համար։ Իսկ դա թույլ տալ չի կարելի:
5. Ինքս որոշ հարցեր եմ ունեցել շարժման կազմակերպման հետ կապված, բայց դրանք չեմ հրապարակայնացրել, որպեսզի խոսքս չքաղաքականացվի ու չվնասեմ շարժմանը։ Հիմա էլ ունեմ հարցեր, բայց էլի չեմ հրապարակայնացնում նույն պատճառներով։ Մյուս կողմից՝ երբեք չեմ գտել ու հիմա էլ չեմ գտնում, թե հնի բոլոր վատ դրսևորումների մեղավորները բացառապես նախկին իշխանություններն են․ ես միշտ պնդել եմ ու հիմա էլ նույնն եմ անում՝ իշխանությունները հետևանք են, իսկ պատճառներն ավելի խորքային են ու այդ պատճառներն այսօր էլ կան և իրենց բացասական դրսևորումներով միտված են նպաստելու հնի վերադարձին։
Նոր իշխանությունները նպատակ ունեն բարեփոխել հասարակական գաղջացած հարաբերությունները, որոնք բառի բուն իմաստով խեղդում էին պետությանը։ Հիմա ժողովրդի մի ստվար հատվածի մոտ կա հնի արատներից զերծ Հայրենիք ունենալու երազանք։ Եվ եթե այս անգամ էլ հիասթափություն լինի, եթե այս անգամ էլ չհաջողվի կերտել մեր երազանքի երկիրը, ապա ժողովուրդը կհայտնվի անդառնալի, խոր ընկճախտի մեջ, որը թույլ տալու իրավունք չունենք։ Այսօր որոշվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ թե Ելք դաշինքի, այլ մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը։ Եվ երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց խնդիրը կարծում եմ պիտի լինի իրենց կարողությունների չափով սատարել բարեփոխումների իրականացման գործընթացին՝ միաժամանակ մատնացուցելով իշխանությունների թերացումներն ու շեղումները: Որպես սատարման կարևոր քայլ՝ ինքս տեսնում եմ ժողովրդի՝ վերափոխման ձգտող անդամների ինքնակազմակերպումը, որը կարող է լինել արհմիությունների տեսքով, մասնագիտությունների, նախընտրությունների, հետաքրքրությունների, մտահոգությունների կամ բնակության վայրի հիման վրա ինքնակառավարվող սոցիալական հարթակների ու կառույցների ստեղծմամբ և այլն։ Այս կառույցներն ու հարթակները կարող են հանդիսանալ որպես հենարան իշխանության վերին շերտից եկող բարեփոխումների նյութականացման, փորձարկման, ապա նաև՝ ժողովրդին հասցնելու համար։ Այս հարցերը պատշաճ կերպով կարգավորելու դեպքում հնարավոր կլինի լրացնել շարժման ՝ ժամանակի սղությամբ պայմանավորված վերը նշված բացերը, և բարեփոխումները կունենան «անառիկ միջնաբերդեր» ու կլինեն անշրջելի։
Ինքս ունեմ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ձևավորված որոշ մտորումներ ու խոհեր վերոբերյալ հարթակների ու կառույցների ձևավորման և կյանքի կոչելու ուղղությամբ, որոնք բարեփոխումները կներարկեն ժողովրդի մեջ ու կնպաստեն երկրի վերափոխմանը ։
Բոլոր նրանց, ում հետաքրքրեց սույն հոդվածս և պատրաստ են վերը նշված քայլերի օգնությամբ նպաստել բարեփոխումների հաստատմանն ու անշրջելությանը, հրավիրում եմ ֆեյսբուքյան և ակումբային գործնական քննարկումների՝ հստակեցնելու համար անելիքները։
Հավանության կոճակը սեղմելը կդիտարկվի որպես գործելու պատրաստակամության հայտ, և իմ կողմից կուղարկվի համագործակցության հրավեր»։
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՆԱՀԱՆՋԸ1.1990-ին համազգային շարժումը հաղթանակեց, շարժման առաջնորդները եկան իշխանության։…
Gepostet von Պեպանյան Արծրուն am Samstag, 26. Mai 2018