«Անորոշություններ կան, որ կախված են քաղաքական զարգացումներից»
Եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման միջոցով հնարավոր կլինի ներդնել Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ նշելով, որ այդպես կարող է շահավետ լինել նաև քաղաքացիների համար:
– Պարոն Մարգարյան խոսվում է այն մասին, որ եկամտահարկը նվազեցվի այն աստիճան, որ աշխատողների համար լրացուցիչ բեռ չլինի կենսաթոշակային 3-5 տոկոսը։ Դուք դա իրատեսական համարո՞ւմ եք:
-Հնարավոր է տեսականորեն եկամտային հարկը նվազեցնել ու դրա հաշվին կուտակային պարտադիր բաղադրիչը ներդնել։ Դա նույնիսկ բխում է աշխատողի շահերից։ Նա չի զգում այդ փոփոխությունը, մյուս կողմից՝ մտնում է այդ համակարգ։ Իմ կարծիքով՝ խնդիրը քաղաքական է, այս փուլում գոնե դժվար է դա իրականացնել, որովհետև այդ կարգի փոփոխություններ պետք է անի խորհրդարանը։ Ազգային ժողովում ցանկացած այս կարգի առաջարկներ հաստատ ռիսկային կլինեն ընդունելու տեսանկյունից:
-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն օրենսդրական նախագծով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով: Հետաձգելու դեպքում ինչ ռիսկեր եք տեսնում համակարգի հետագա գոյության առումով:
-Մեկ տարվա հետաձգման խնդիրը կապված է նրա հետ, թե քաղաքական ցիկլն ինչ ընթացք կունենա։ Նկատի ունեմ ընտրական գործընթացը, արդյոք արտահերթ ընտրությունները կգնան առանց ցնցումների, երկրի ֆինանսական համակարգը խնդիրներ չի ունենա դրա պատճառով: Բացի այդ՝ ներդրողների հարցը: Բնական է կենսաթոշակային համակարգն ունի կառավարիչներ, ինստիտուցիոնալացված է ամեն ինչ, այդ վստահությունը կպահպանեն, թե ոչ։
Անորոշություններ կան, որ կախված են քաղաքական զարգացումներից։ Եթե ընթացքը եղավ անցնցում, ձևավորվեց մեծամասնություն (արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով-խմբ.) կամ կայուն մեծամասնություն, լեգիտիմ իշխանություն, ինձ թվում է որևէ խնդիր չի լինի պարտադիր կուտակային բաղադրիչին անցնելու համար: Քանի որ այդ դեպքում ռեսուրսներ են ձերբազատվելու, բյուջետային իրավիճակը բարելավվելու է, փոքր ու միջին բիզնեսի հնարավորությունները մեծանալու են, բյուջեի մուտքերն են ավելանալու: Այս իրավիճակում շատ ավելի ռեալ շանսեր կստեղծվի այդ համակարգին անցնելու, քան հիմա կա։
-Նախարար Մանե Թանդիլյանն ասում է՝ մեկ տարի հետաձգենք, մշակենք մոդելներ, որպեսզի կամավոր համակարգն այնքան գրավիչ լինի, որ մարդիկ կցանկանան միանալ։ Ըստ Ձեզ՝ մեր հասարակությունն ունի բավարար չափի ֆինանսական գրագիտություն ու այնքան եկամուտներ, որպեսզի այսօր մտածի հետագայի համար կուտակելու մասին:
-Այս պահին գուցե ոչ, բայց երբ կառավարության ծրագիրը գա, կտեսնենք: Եթե այն լինի ընդլայնողական, ներառական, այսինքն՝ այդ փոփոխություններից հնարավորինս մեծ թվով մարդիկ օգտվեն, ապա այո: Փոփոխությունների հնարավորություն կստեղծվի աշխատատեղերի ստեղծման, եկամուտների ավելացման, ներգաղթի, հավելյալ ռեսուրսներ երկիր ներհոսքի, օֆշորային ծագման եկամուտների երևակման, դրանց շրջանառությունից արտադրության ոլորտ տեղափոխության միջոցով: Իհարկե, համակարգի գործունեությունը կապված է նաև վստահության ռեսուրսի հետ։ Եթե դրանք սկսեն աշխատել ու համադրվել, իհարկե, Թանդիլյանը ճիշտ է։
-Պարտադրիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցները նշում են, որ եթե այն չներդրվի հետագայում հարկերի բարձրացման հարց է առաջանալու: Ի՞նչ եք կարծում:
-Միանշանակ այդպես է, քանի որ մեր ժողովրդագրական իրավիճակը, ցավոք, լավ վիճակում չէ, միտումները բացասական են։ Ծերացող երկիր է, կենսաթոշակային իրավիճակը խիստ լարված է, այլ բան չի մնա անելու, քան գնալ հարկային բեռի ավելացման։ Դա ծայրահեղ անցանկալի է, քանի որ երկսայրի սուր է:
Հարկերը ավելացնելով՝ խեղդում եք բիզնեսը, հատկապես ճնշումը կգնա փոքր ու միջին բիզնեսի վրա և մենք կրկին կվերադառնանք ի շրջանս յուր: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է քաղաքական գործընթացներն ընթանան անցնցում, ձևավորվի մեծամասնություն ունեցող, կայուն քաղաքական իշխանություն, որի կառավարումը կլինի հնարավորինս էժան։ Եթե իշխանությունը գնաց կոշտ, ավտորիտար, ուժային լծակները ամրացնելու ճանապարհով, դա նշանակում է՝ ռեսուրսներն այդ ուղղությամբ ավելանալու են, բյուջետային իրավիճակը վատանալու է, դրան գումարած պետական արտաքին պարտքի փաստորեն կրիտիկական վիճակը, որը բացասական համադրություն կձևավորի, և կուտակայինի մասին ոչ ոք արդեն չի էլ խոսի։
-Ֆոնդերի կառավարիչները մեկ տարվա հետաձգմանը ինչպե՞ս կարձագանքեն։
-Այս պահին ես ինչքան տեղյակ եմ պոզիտիվ է, պրոֆեսիոնալ կառավարիչներ են ու զարգացումները, եթե գնան էվոլյուցիոն ճանապարհով, սահուն ու վերընթաց, կարծում եմ՝ դրական ու նորմալ։ Բայց միայն այս գործիքը չպետք է լինի, որ կայունացման դեր խաղա, պետք է աշխատեցնել արժեթղթերի մյուս շուկաները։ Այսինքն՝ կորպորատիվ արժեթղթերի շուկաները, որոնք պետք է ի վերջո կայացնել։ Որպեսզի մարդիկ ներդրում կատարեն ոչ միայն ավանդների ձևով, այլ բաժնետոմսեր գնելու:
Եթե ընկերությունները այդ հավելյալ խնայողությունները ներդնելու կամ ներդրումների վերածելու լծակները աշխատեցնեն, ավելի կենսունակ կդառնան, ինչը նշանակում է հավելյալ աշխատատեղեր, եկամուտների ավելացում, նաև իրենց ծերության մասին մտածելու հավելյալ հնարավորություններ։ Հիմքերի հիմքը տնտեսության ռեալ հատվածը զարգացնելն է, որպեսզի բարձրանան աշխատավարձերը, շահույթները, բոնուսները, իրական եկամուտները, որոնցից էլ մասհանվում են այդ ֆոնդերին:
***
Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: «Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը»,-հայտնել է նախարար Մանե Թանդիլյանը:
***
Մինչ փոփոխությունների նախաձեռնումը, ծրագրված էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար ուժի մեջ մտցնել այս տարվա հուլիսի 1-ից: Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգում այս պահին շուրջ 200 հազար քաղաքացի է ներգրավված: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ:
Պատրաստեց Անի Նազարյանը