ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) մայիսի 8-ին տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Մայիսի 18-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով:

Փաստաթղթում փաստարկներ են ներկայացվում, որոնք ցուցադրում են ադրբեջանական կողմի ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկների սնանկությունը, որոնք` իրենց ամբողջությամբ, յուրահատուկ դրսևորումն են Ադրբեջանի մտադրության՝ հետագայում ևս խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքի՝ մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքի իրացումը։

Հուշագրում ընդգծվում է, որ աղավաղված կերպով մեկնաբանելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն անհաջող փորձեր է անում արդարացնել Արցախի մեկուսացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը: «Տապալելով ցանկացած նախաձեռնություն, ագրեսիվ կերպով պարտադրելով առճակատման տրամաբանություն, փորձելով սանձազերծել նոր պատերազմ՝ ադրբեջանական իշխանությունները հույս ունեն փոխել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որտեղ հստակ երևում է Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու վճռական դերակատարության աճող ընկալման միտում»։

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է առ այսօր՝ հենց ադրբեջանական կողմի՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և կոլեկտիվ իրավունքները ժխտելու իր քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայության պատճառով: Այս քաղաքականությունը, որն արտահայտվում է, մասնավորապես, ադրբեջանական կողմից շարունակվող ռազմական սադրանքներին զուգահեռ Արցախը մեկուսացնելուն ուղղված ջանքերի գործադրմամբ, ոչ միայն Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների ոտնահարում է, այլև լուրջ սպառնալիք՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշված է հուշագրում։

Տեսանյութեր

Լրահոս