
Ամերիկահայ ընտանիքի կողմից ապրիլյան պատերազմում զոհված 28 ընտանիքների երեխաների տրամադրվել են հեծանիվներ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամերիկաբնակ ամուսիններ Հրաչ և Նևրիգ Գևրիգյանների կողմից ապրիլյան պատերազմում զոհված 28 ընտանիքների երեխաների տրամադրվել են հեծանիվներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հրաչ Գևրիգյանն ասել է, որ այդ նպատակով 56 հեծանիվներ են բերվել ԱՄՆ-ից:
«Այդ հեծանիվներից 18-ը նախատեսված է 10 տարեկանից փոքր երեխաների, իսկ մնացածը՝ ավելի բարձր տարիքային խմբի համար: Սա մեր ընտանիքի կողմից կազմակերպված առաջին նախաձեռնությունն է: Սակայն պետք է նշեմ, որ ունեցել ենք աջակցողներ, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վճարել է ճանապարհածախսը»,- նշել է Հ. Գևրիգյանը:
Նվիրատվության համար շնորհակալություն հայտնելով բարերարներին՝ ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի հերոս Մերուժան Ստեփանյանի քույրը՝ Մանիկ Ստեփանյանը, մեզ հետ զրույցում ասել է, որ կրտսեր Մերուժանը ծնվել է եղբոր զոհվելուց հետո: Այսօր էլ դառնում է 2 տարեկան, այն հաճելի նվեր էր ծննդյան տոնի կապակցությամբ:
Զոհված զինծառայողի այրի, 4 երեխաների մայր Էլլադա Դադայանն էլ նշել է, որ այսպիսի ծրագրերը սփոփանք են իրենց կարգավիճակում գտնվող ընտանիքների համար:
Նրա խոսքով՝ իրենք մշտապես գտնվում են հանրության, բարերարների և պետության ուշադրության կենտրոնում: