Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր
Լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը դարձել է 2018 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կազմկոմիտեում՝ Լոնդոնի Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանում կայացած արարողությանը հաղթողների հայտարարումից հետո:
«Օլգա Տոկարչուկի Flights «Թռիչքներ» վեպը, որը թարգմանել է Ջենիֆեր Քրոֆթը եւ լույս է ընծայել Fitzcarraldo Editions հրատարակչությունը, մայիսի 22-ին հայտարարվել Է 2018 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի հաղթող: 50 հազար ֆունտ ստեռլինգ (67 հազար դոլար) մրցանակը, որն ըստ արժանվույն գնահատում է գեղարվեստական գրականության թարգմանված ստեղծագործություններից լավագույնները, երկու հավասար մասի կբաժանվի հեղինակի եւ թարգմանչի միջեւ»,- ասված է մրցանակի կազմկոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ: Financial Times թերթն ավելի վաղ «Թռիչքներ» վեպը համարել է «փիլիսոփայական հեքիաթ մեր խելահեղ ժամանակներում»:
Կազմակերպիչների խոսքով՝ «Միջազգային Բուքերյան մրցանակի առաջին լեհ դափնեկիր Տոկարչուկը» նվաճել է բազմաթիվ գրական պարգեւներ եւ Լեհաստանում գրքերի վաճառքների առաջատարներից մեկն է, իսկ այժմ նրա ստեղծագործություններն սկսում են ճանաչում ձեռք բերել նաեւ անգլալեզու աշխարհում: Նրա առաջին գիրքը եղել է 1989 թվականին հրատարակված բանաստեղծությունների ժողովածուն: Այդ ժամանակվանից Տոկարչուկը լույս է ընծայել եւս ութ վեպ եւ համառոտ պատմվածքների երկու ժողովածու: