Բաժիններ՝

«Չգիտեմ՝ Հայաստանում փառատոն կլինի՞, թե՞ ոչ, չէ՞ որ ձեր երկրում հեղափոխություն է եղել». Կիրիլ Ռազլոգով

Ֆրանսիական լազուրի ափին մայիսի 8-ին մեկնարկել և մինչ այսօր շարունակվում է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի ընթացքում 168.am-ը հանդիպել և զրուցել է «Культура» հեռուստաալիքի «Культ кино» հաղորդման հեղինակ, համաշխարհային ճանաչում ունեցող մշակութաբան և կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովի հետ:

– Պարոն Ռազլոգով, շատ ուրախ եմ ձեզ հանդիպել այստեղ՝ Կաննում: Եթե չեմ սխալվում, դուք ամեն տարի փառատոնի օրերին ներկա եք լինում Կաննում, այո՞:

– Այո, ամեն տարի փառատոնի օրերին այցելում եմ Կանն, նայում եմ ֆիլմերը, հոդվածներ եմ գրում: Սա իմ աշխատանքն է: Եթե տեղյակ եք, իմ կողմից իրականացվող Մոսկովյան կինոփառատոնն օրերս ավարտվեց, և ինձ շատ հետաքրքիր է, թե ի՞նչ է կատարվում դրանից անմիջապես հետո այստեղ՝ Կաննում: Ինձ հետաքրքրում է նաև, թե ի՞նչ փառատոնային ֆիլմեր են նախապատրաստվում հաջորդ տարվա համար, որոնք կարող են լինել մեր՝ Մոսկովյան փառատոնում, արդեն հաջորդ տարի: Իսկ ընդհանրապես, սա զուտ գործնական այց է՝ տեղեկացված լինելու համար՝ ի՞նչ է կատարվում մեկ այլ փառատոնի շրջանակներում և առհասարակ կինոաշխարհում: Բացի այդ, մեծ թվով ծանոթներ և ընկերներ ունեմ, որոնց հետ հանդիպում եմ փառատոների ընթացքում: Ի դեպ, ես մշտապես ներկա եմ լինում նաև Բեռլինյան կինոփառատոնում:

 – Այս տարի Կաննում, այդ թվում՝ նաև փառատոնի մրցութային ծրագրում, կարծես մեծ է նաև ռուսական արտադրության ֆիլմերի քանակը:

Կարդացեք նաև

– Այո, ճիշտ եք: Եվ ինձ համար շատ կարևոր է սեփական ներկայությամբ տեսնել ու հասկանալ, թե ինչպե՞ս են դրանք ընդունվում փառատոնի ընթացքում, փոխարենը՝ հույս չդնելով կոլեգաների գրախոսականների վրա:

– Իսկ ինչպե՞ս են դրանք ընդունվել այս տարի Կաննում:

– Դեռևս ամեն բան նորմալ է: Շատ լավ ընդունելության արժանացավ ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմը, քիչ ավելի զուսպ էր Սերգեյ Լոզնիցայի «Դոնբաս» ֆիլմի նկատմամբ հանդիսատեսի վերաբերմունքը, և դեռ կսպասենք ևս մեկ ռուսական ֆիլմի, որ կցուցադրվի փառատոնի վերջում: Ստացվել է այնպես, որ այս տարի ռուսական ֆիլմերը Կաննում հայտնվել են կամ փառատոնի առաջին, կամ վերջին օրերին…

– Ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:

– Կամ պատահականություն է, կամ այդպես նախապես է որոշվել, այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող: Եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա պետք է նկատեմ, որ մինչ այս պահը հատուկ որևէ տպավորություններ չեմ ստացել փառատոնից: Ինչ-որ հետաքրքիր ֆիլմեր, ամեն դեպքում, պատահում են, նայում եմ:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է այս տարի առանձնանում Կաննը:

– Ճգնաժամային իրավիճակով, որ առհասարակ վերջին տարիներին շատ հատուկ է փառատոնային ինդուստրիային: Սա կարող է կապ ունենալ Netflix-յան կոնֆլիկտի հետ, որով պայմանավորված՝ փառատոնին չտրամադրվեցին որոշակի և Կաննի համար շատ կարևոր ֆիլմեր: Անշուշտ, կան նաև կինոարտադրությանը շատ տիպիկ խնդիրներ, որ նույնպես անդրադարձել են փառատոնային կյանքի վրա, և, որ ամենակարևորն է, ինչպես տեսնում ենք, բավական դաժան հարված է հասցվել փառատոներից անբաժան գլամուրին, որն անմիջական կապ ունի վերջերս մեծ թափ առած կանանց բողոքի ալիքների հետ:

Իսկ ի՞նչ է գլամուրը՝ դա մեծահարուստ տղամարդիկ են և նրանց ուղեկցող գեղեցիկ կանայք, իսկ եթե գլամուրը հայտնվել է ոչ լեգիտիմ իրավիճակում, ստացվում է, որ փառատոնը կտրուկ կրճատել է հրավիրված աստղերի քանակը, ինչին էլ մենք ականատես ենք լինում այս տարի Կաննի փառատոնում: Հետևաբար, պետք է փաստենք՝ առկա է ճգնաժամային իրավիճակ, բայց չեմ կարող նաև չշեշտել, որ այսօրինակ իրավիճակներն ինքնին նույնպես պակաս հետաքրքիր չեն:

Ավարտելով Կաննի թեման՝ կուզենայի հարցնել՝ կտեսնե՞նք ձեզ այս տարի մեր երկրում անցկացվող կինոփառատոնում նույնպես:

Թեև «Ոսկե Ծիրանն» իմ նախընտրելի փառատոներից է, և ես աշխատում եմ բաց չթողնել այնտեղ լինելու առիթը, բայց այս տարվա համար ոչինչ ասել չեմ կարող: Չգիտեմ՝ այս տարի հայաստանյան կինոփառատոնը կլինի՞, թե՞ ոչ, չէ՞ որ ձեր երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, և դեռ հայտնի չէ՝ կշարունակվի՞ «Ոսկե Ծիրանի» կյանքը, թե՞ ոչ: Կարող եմ ասել միայն՝ հուսանք, որ կլինի, և ես այնտեղ կլինեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս