Բաժիններ՝

Կրթության հետհեղափոխական առաջնահերթությունները

Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունները լայն հնարավորություններ են բացում կրթության համակարգի առջև։ Հայաստանի կրթական համակարգը հայտնվել էր մի իրավիճակում, որում, պատկերավոր ասած, կար թթվածնի պակաս։ Հիմա այդ թթվածինն առկա է։ Իհարկե, դա բավարար չէ զարգացման համար, բայց պարտադիր պահանջ է։ 21-րդ դարում անհնար է կրթության զարգացումը խիստ սահմանափակումների պարագայում։

Կրթության ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության մասին շատ էին խոսում, և այս պահին հասարակության ներսում կան մեծ սպասումներ։ Մեծ սպասումներն արդեն դրսևորվում են առաջարկների տարափով։ Հասարակության տարբեր խմբեր, անհատներ հանդես են գալիս բազմաթիվ, հաճախ՝ իրարամերժ առաջարկներով։ Մի մասն ասում է՝ եկեք դպրոցական ծրագրից հանենք այսինչ առարկան, մյուսներն ասում են՝ եկեք ավելացնենք այդ առարկայի ժամերը։ Մի մասն ասում է՝ դպրոցական կրթությունը դարձնենք 11-ամյա, մյուսներն առաջարկում են անցնել 10-ամյա կրթության։

Այս տեղատարափի մեջ, որը երբեմն կարող է տեղեկատվական աղմուկի ձևով դրսևորվել, շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվելը և կրթության հեռանկարային զարգացումն այսրոպեական կոչերի չզոհաբերելը։ Շատ կարևոր է, որպեսզի ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան առաջարկություններ ներկայացնելու, բայց չպետք է մոռանալ, որ կրթության կառավարումը պահանջում է որոշակի մասնագիտական հմտություններ։ Պարզապես դպրոցական երեխա ունենալը չի նշանակում՝ գլուխ հանել կրթական խնդիրներից։

Ստեղծված իրավիճակից լավագույն ելքը կրթական խնդիրների նկատմամբ մեթոդաբանական և ապացուցողական մոտեցում ցուցաբերելն է։ Այսինքն՝ պետք է լինեն որոշումներ կայացնելու չափանիշեր, որոշումը պետք է գիտական հիմքեր ունենա։ Օրինակ՝ եթե ինչ-որ առարկա հասարակության մի խմբի դուր չի գալիս, դա չի նշանակում, որ այն դպրոցից պետք է հանել։ Հնարավոր է՝ այդ առարկան դուր է գալիս հասարակության մեկ այլ խմբի։ Ուրեմն՝ պետք է լինեն որոշումներ կայացնելու կողմնորոշիչներ։

Կարդացեք նաև

Կրթության ոլորտում որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ։

Առաջին. թեև Հայաստանի կրթական համակարգում արմատական փոփոխությունների կարիք կա, չպետք է անտեսել այն արժեքավոր գաղափարները, որոնք արդարացրել են իրենց։ Կրթական համակարգում ամեն ինչ մերժելը ճիշտ չէ, և առաջին խնդիրը դրականը շարունակելն է։

Երկրորդ. եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ինչ-որ բաներ հանել համակարգից, ապա անհրաժեշտ է դրանք փոխարինել նոր բաներով։ Օրինակ՝ ժամանակին Ուելսում կար մեծ դժգոհություն թեստային համակարգից։ Հանրային ճնշման տակ որոշում կայացվեց հրաժարվել թեստերից՝ առանց գնահատման այլ ձևեր ներդնելու։ Արդյունքում՝ իրավիճակն ավելի վատացավ։ Հետևաբար՝ ինչ-որ բան չեղյալ հայտարարելուց առաջ պետք է մտածել այն մասին, թե ինչով ենք այն փոխարինում։ Պարզապես մերժելը ոչինչ չի տալիս։

Երրորդ. պետք է հասկանալ, որ կրթության ոլորտում կան անշրջելի բաներ։ Այսինքն՝ կան նախկինում կայացված սխալ որոշումներ, որոնցից հրաժարվելը շատ ավելի կոպիտ սխալ կլինի։ Օրինակ՝ այդպիսի որոշում կլինի առանձնացված ավագ դպրոցներից հրաժարվելը։ Որքան էլ այդ որոշումը Հայաստանի նման երկրի համար լավ հաշվարկված չէր, շատ ավելի բարդ կլինի այդ որոշումից հետ կանգնելը։

Չորրորդ. կրթության ոլորտում կան բաներ, որոնք ամրագրված են փաստաթղթերով, բայց իրականության մեջ անտեսված են։ Հետևաբար՝ շատ հարցերում կարիք չկա նոր հեծանիվ հորինելու։ Ընդամենը պետք է հետևողականորեն իրագործել այն, ինչը կրթությանը վերաբերող իրավական ակտերում ամրագրված է։ Ի դեպ, սա մեր կրթական համակարգի ամենամեծ թերություններից մեկն է։ Վերջին տարիների ընթացքում մենք ստեղծել են լավ նորմատիվային դաշտ, բայց չենք դրսևորել այդ ամենը կյանքի կոչելու կամք։

Հինգերորդ. Հայաստանի կրթական համակարգում վերջին տարիներին եղել է երկակիություն։ Այսինքն՝ բացահայտ հայտարարվել է, որ դպրոցները, ուսուցիչներն ազատ են։ Նրանց ոչ ոք չի պարտադրում դառնալ կուսակցական։ Հայտարարվել է, որ դպրոցների տնօրեններն ընտրվում են կառավարման խորհուրդների կողմից։ Բայց իրականում եղել է փափուկ կամ կոշտ պարտադրանք կուսակցական դառնալու հարցում։

Եղել է միջամտություն դպրոցների տնօրենների ընտրության հարցում։ Ներկա փուլում շատ կարևոր է այս երկակիության հաղթահարումը։ Հայաստանը չի կարող ունենալ բացահայտ և քողարկված կրթական քաղաքականություն։ Պարզապես անհրաժեշտ է իրականացնել այն քաղաքականությունը, որը գրված է փաստաթղթերում։

Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս պահին կա կրթության կառավարման գործող մշակույթ։ Այդ մշակույթը, որպես կանոն, ուժեղ է և արմատացած։ Մարդիկ սովորել են որոշակի աշխատաոճի և իներցիայով աշխատում են։

Երբ դու ցանկանում ես փոփոխություններ անել, գործող մշակույթը միշտ այդ փոփոխությունները փորձում է հարմարեցնել իրեն։ Ինչպես ասում էր կառավարման հայտնի մասնագետ Պիտեր Դրակերը. «Ցանկացած մշակույթ փորձում է կուլ տալ նորամուծությունները»։

Հետևաբար՝ այս փուլում կարևոր է ոչ այնքան՝ նորամուծություններ կատարելը, որքան՝ գործող մշակույթն իներցիոն ռեժիմից հանելը։ Փոփոխությունը ենթադրում է հարմարավետության գոտուց դուրս բերել մարդկանց։ Քանի դեռ նոր իշխանություններն ունեն վստահության մեծ պաշար, դա հնարավոր է անել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս