Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների ամփոփ պատկերը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում երեկ տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ինչպես ընդունված է նման դեպքերում, երկրների ղեկավարներն արարողակարգային մասի իրենց ելույթում հիշատակել են երկկողմ հարաբերությունների մի շարք ցուցանիշներ և հույս հայտնել, որ դրանք կշարունակեն աճել։

Մասնավորապես, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը։

«Ռուսաստանյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն՝ պահպանել այն, այլև՝ բազմապատկել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ»,- նշել է ՌԴ նախագահը:

Իսկ ի՞նչ պատկեր է Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններում՝ ըստ պաշտոնական վիճակագրության։

Ամենաթարմ տվյալներն այսպիսին են. 2018 թվականի հունվար-մարտին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը կազմել է 469.7 մլն դոլար՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 363.5 մլն դոլարի դիմաց։ Առևտրաշրջանառությունը, այսպիսով, աճել է 106.2 մլն դոլարով կամ 29.2%-ով։

Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունն այս ընթացքում ավելի արագ է աճել՝ 37.4%-ով, ինչի արդյունքում Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում մի փոքր նվազել է՝ 29.1%-ից հասնելով 27.4%-ի։ Չնայած այս նվազմանը՝ Ռուսաստանը հսկայական առավելությամբ շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։

Նշենք նաև, որ 2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը։ Այսպես, 2018 թվականի հունվար-մարտին (2017-ի հունվար-մարտի համեմատ) արտահանումն աճել է 45.7%-ով և կազմել 149.3 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ներմուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի) աճել է 22.7%-ով և կազմել 320.5 մլն դոլար։

Չնայած արտահանման առաջանցիկ աճին՝ Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը Ռուսաստանի հետ շարունակում է մնալ բացասական 171.2 մլն դոլարի չափով։ Այսինքն՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Իսկ ի՞նչ դինամիկա ունենք վերջին 10 տարիների կտրվածքով։ Բերված գծապատկերում ներկայացված է ՀՀ-ՌԴ արտահանումը, ներմուծումը և հաշվեկշիռը՝ 2008-2017 թվականների համար։

Ինչպես տեսնում եք, 2015թ. անկումից հետո՝ 2016-ից սկսած, առևտրաշրջանառության ծավալը սկսել է վերականգնվել, և 2017թ. գրանցվել է արդեն ռեկորդային ծավալ՝ ավելի քան 1.7 մլրդ դոլար։

Ընդ որում, ուրախալին այն է, որ վերականգնումը գրանցվել է հիմնականում արտահանման հաշվին։ 2017թ. Հայաստանից ՌԴ արտահանվել է 541.6 մլն դոլարի ապրանք, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է և 1.7 անգամ գերազանցում է 2014թ. ցուցանիշը։ Մինչդեռ Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը շատ չի փոխվել 2014թ. համեմատ։

Իսկ ինչի՞ հաշվին է աճել Հայաստանից Ռուսաստան արտահանումը, և ընդհանրապես՝ ի՞նչ ենք արտահանում։ Այս տարվա առաջին եռամսյակի համար այդ մանրամասն տվյալները դեռ չկան, սակայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն արդեն հրապարակել է ՀՀ արտաքին առևտրի տվյալները ապրանք-երկիր կտրվածքով՝ 2017թ. համար։

Աղյուսակում ներկայացված են ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքները՝ 2016 և 2017թթ. համար։ Խոշորագույն ապրանքախումբը թունդ ալկոհոլային խմիչքներն են (հիմնականում՝ կոնյակ)։ 2017թ. Ռուսաստան է արտահանվել 177.4 մլն դոլարի կոնյակ՝ 42%-ով ավելի շատ, քան 2016թ.։ Արտահանման երկրորդ հոդվածը, ըստ արժեքի, լուսավորման սարքերն են (լամպեր, ջահեր և այլն)։ 2017 թվականին այս գծով արտահանումը կազմել է 37.4 մլն դոլար` այն դեպքում, երբ 2016թ. արտահանման ծավալն ընդամենը 299 հազար դոլար էր։

Ադամանդի արտահանման ծավալը չի փոխվել՝ 26.2 մլն դոլար։

Փոխարենը՝ 41%-ով նվազել է լոլիկի արտահանման ծավալը։ Անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 24.9 հազար տոննա լոլիկ՝ 13.5 մլն դոլար մաքսային արժեքով։ Իսկ 2016թ. արտահանվել էր 36.3 հազար տոննա՝ 22.9 մլն դոլարի։

2.5 տոկոսով նվազել է նաև պանրի և կաթնաշոռի արտահանումը և կազմել 12.2 մլն դոլար։ Հագուստի արտահանումը նույնպես զգալիորեն աճել է՝ ըստ տարբեր տեսակների՝ 50-80%-ով։

Արտահանման աճի չեմպիոններից են նաև դեղամիջոցները (5 անգամ աճ, ծավալը՝ 7.4 մլն դոլար) և շոկոլադը (7.8 անգամյա աճ, ծավալը՝ 7 մլն դոլար)։

Վերջում անդրադառնանք նաև ներդրումներին։

Այո, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն ներդրողը՝ թե՛ ընդհանուր, թե՛ ուղղակի ներդրումների գծով։

ՀՀ տնտեսության իրական հատվածում Ռուսաստանից կատարված ընդամենը ներդրումների համախառն հոսքերը (որոնք ընդգրկում են 1988թ. մինչև 2017թ. դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը) 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 7.4 տրլն դրամ, իսկ ուղղակի ներդրումների գծով՝ 3.9 տրլն դրամ։

Սակայն զուտ հոսքերի գծով (հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունները) վերջին 2 տարիներին պատկերն այնքան էլ մխիթարող չի։ 2017թ. Ռուսաստանից կատարված թե՛ ընդամենը, թե՛ ուղղակի ներդրումները բացասական մեծություն են ունեցել, համապատասխանաբար՝ 9.7 և 12 մլրդ դրամի չափով։

Տեսանյութեր

Լրահոս