«Հայաստանում տեղի ունեցողն անկանխատեսելի է Ադրբեջանի համար». Ֆելգենգաուեր
«Հայկական կողմն իրավունք չունի զգոնությունը կորցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ-ում հայտարարված թավշյա հեղափոխության աշխարհաքաղաքական հնարավոր ազդեցություններին:
Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ հայ-ռուսական համագործակցության ճակատագիրն անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես ՀՀ նոր իշխանությունները կձևավորեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ըստ նրա, եթե ապագա իշխանությունները հակված են պահելու այս համագործակցությունը, դրական են տրամադրված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, փոփոխություններ չեն կանխատեսվում:
«Քննարկումներ կան նախկինում Փաշինյանի քաղաքական ծրագրերի վերաբերյալ` ելք ԵԱՏՄ-ից, և այլն: Բայց ես ներկայումս նրա արտաքին քաղաքական շեշտադրումներին ծանոթ չեմ: Բնականաբար, եթե այդ ծրագրերը պահպանվում են, Ռուսաստանը դրան անհանգստությամբ պետք է վերաբերվի, եթե ոչ, կարծում եմ` խնդիր չկա: Բայց առավել ընդգրկուն կարող եմ խոսել ավելի ուշ»,- ասաց նա:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի ազդեցությանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վրա` Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ իր համար դրականորեն տարօրինակ է, որ այս օրերին շփման գիծը խաղաղ է եղել, թեև ֆիքսել է, որ տեղեկություններ են եղել դեպի առաջին գիծ ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին: Ֆելգենգաուերի խոսքով, ներքին անկայունությունը հակառակորդի համար հարմար առիթ է իրավիճակից օգտվելու և սեփական ծրագրերն իրագործելու համար:
«Իսկ այդ անկայունությունը Հայաստանում ձգվեց շաբաթներ, ինչը չի կարող չանհանգստացնել նաև ռուսական կողմին, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և միջնորդ: Իհարկե, ես չէ, որ այդ մասին պետք է հայկական կողմին ասեմ: Նման իրադարձությունների դեպքում հայկական կողմը պետք է ուժերի կրկնապատկմամբ հսկի շփման գիծն ու սահմանը, քանի որ սադրանքներ հնարավոր են, ինչպես նախկինում:
Շատ իրադարձություններ կարելի է հիշել, որոնց ադրբեջանական կողմը «արձագանքել» է միանգամից: Բայց իմ համոզմունքն այն է, որ ադրբեջանական կողմը զգուշավորությամբ է հետևում երևանյան զարգացումներին և չգիտի` ինչ սպասել այդ ամենից: Այս ամենն անկանխատեսելի է Ադրբեջանի համար, որը որոշակի զգուշավորություն է հաղորդում նրա գործողություններին և զսպվածություն շփման գծում:
Կարծում եմ` նրանք ևս հետևում են և փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Բայց դա ամենևին չի նշանակում, որ հայկական կողմն իրավունք ունի զգոնությունը կորցնել»,- ասաց նա: