
Անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել. Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին

Մայիսի 4-ին, կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է:
Չնայած վերջին օրերին ոստիկանությունն աշխատում է գերլարված ռեժիմով, համապատասխան ծառայությունները շարունակում են ողջ ծավալով իրականացնել հանցավորության հակազդման իրենց գործառույթը:
Ահազանգին անմիջապես արձագանքած օպերատիվ խումբը Կարմիր բլուր 2-րդ փողոցի թիվ 98 տան դիմաց հայտնաբերեց 20-25 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ` գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած ծակած վնասվածքի հետքերով:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հստակ համագործակցության, անհետաձգելի գործողությունների իրականացման և իրավապահների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ճշտվեց կատարվածի շրջանակը և «տաք հետքերով» հայտնաբերվեց կասկածյալը` 1995 թվականին ծնված Ռազմիկ Ն.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Համալիր միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Իրականացվում են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: