«Իշխանություն չկա, երկրում անիշխանություն է». Կարեն Վարդանյան
Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվեց: Արդեն այսօր՝ վաղ առավոտից, երկրում և մայրաքաղաք Երևանում կաթվածահար է եղել երկրի բնականոն կյանքը, շրջափակման մեջ են հայտնվել ռազմավարական և պետական նշանակության օբյեկտները, վաղ առավոտից՝ նաև «Զվաթնոց» օդանավակայան տանող և միջպետական բոլոր ճանապարհները:
Ստեղծված իրավիճակի շուրջ 168.am-ը զրուցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:
– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կբնութագրեք ներկա իրավիճակը:
– Մեկ բառով՝ ահավոր: Երևի այդպես էլ պետք է լիներ: Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պաշտոնական հայտարարություն կտարածի ստեղծված իրավիճակի առնչությամբ: Հիմնական թեզը կազմակերպված կառույցների ստեղծման անհրաժեշտությունն է, որով կկարողանանք վերահսկել թե՛ նորմալ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, թե՛ պետական մարմինների և հանրային կառույցների մշտական կապի ապահովությունը, թե՛ ինստիտուցիոնալիզացնել հայաստանյան կառույցների աշխատանքը, որպեսզի իրավիճակը կայունանա, այլ ոչ թե ստիպված լինենք փողոցներ փակել, որպեսզի հեղափոխություն անենք, այլ այդպիսի կառույցները կարողանան անխափան աշխատել՝ անկախ երկրում տիրող տարբեր իրավիճակներից:
– Որո՞նք պետք է լինեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված հրատապ քայլերը:
– Դժվարանում եմ ասել: Բնական է, որ բողոքի ելած երիտասարդներն ինձ չեն լսելու, եթե ասեմ՝ եկեք կյանքի բնականոն ընթացքին վերադառնանք: Հետևաբար՝ ստեղծված իրավիճակում ես իմ վերահսկողության տակ եղած դաշտում եմ փորձում արդյունավետ ելքեր փնտրել:
– Ի՞նչ քայլ պետք է անի իշխանությունը հիմա՝ այս իրավիճակում:
– Ի՞նչ իշխանություն… իշխանություն չկա, երկրում անիշխանություն է, նրանք պետք է հնարավորինս արագ հեռանան:
– Իսկ ի՞նչ քայլ պետք է անի փողոցում պայքարող Նիկոլ Փաշինյանը:
– Այն, ինչ նախատեսված է օրենքով:
– Ի՞նչ եք կարծում, այս պայքարն իրո՞ք Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի միջև է, թե՞, ինչպես որոշ փորձագետներ են ասում, այլևս աշխարհաքաղաքական կենտրոնների պայքար է՝ Արևմուտք, Ռուսաստան, Իրան, և այլն:
– Երբ ես մեկ շաբաթ առաջ այդ մասին ասում էի, հազար հատ հայհոյանք ստացա: Աշխարհափոփոխությունների մի ընդհանուր իրավիճակ կա, ԱՄՆ-ում և Չինաստանում իշխանության են եկել, կոպիտ ասած, նացիոնալիստները, իսկ արանքում մնացածները պետք է կողմնորոշվեն, թե որտե՞ղ են իրենք հայտնվում: Ստացվում է, որ երկու աշխարհաքաղաքական ամենախոշոր կենտրոնների ղեկավարները, ըստ էության, ազգայնականության ներկայացուցիչներ են և պայքարում են նոր լիբերալիզմի դեմ:
– Բայց Նիկոլ Փաշինյանը մի քանի առիթներով հրապարակային հայտնել, հավաստիացրել և պնդել է, որ այս շարժման ետևում արտաքին ուժեր չկան, և, որ այն բացառապես հայկական պատկանելություն ունի:
– Ես չեմ ասում, թե Նիկոլ Փաշինյանի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, բայց երբ այս շարժումը պրոցեսի մեջ է, այն կարող է ստանալ՝ ինչպես տարբեր տեսակի աջակցություններ, այնպես էլ՝ նույն տրամաբանությամբ՝ խոչընդոտներ այլ ուժերի կողմից: Այսինքն, շարժումն ու Նիկոլ Փաշինյանը տարբեր հասկացողություններ են:
– Ինչպե՞ս եք գնահատում երեկ Ազգային ժողովի գումարած նիստը:
– Դե, ուզում էին ասել՝ ռուս ձյաձյա, արի մեզ փրկի, մենք քեզ ավելի հավատարիմ ենք, քան ինքներս մեզ, բայց ռուսները, բնականաբար, շան տեղ չեն դնելու: