«Այստեղ խաբվեց իշխանությունը և բոլոր նրանք, ովքեր հովանավորում էին իշխանությանը». Ռուբեն Բաբայան

«Մենք արդեն իսկ ապրում ենք նոր և հաղթանակած երկրում,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, նշում է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ու հավելում,- իմ ցանկությունն է, որ հայաստանյան առաջիկա սպասվելիք ընտրությունները լինեն վերջինը, որտեղ կտեսնենք մեկ թեկնածու, այլևս նման բան չպետք է լինի:

Մենք հասկանում ենք, որ այս օրերին մենք գտնվում ենք այնպիսի մի իրավիճակում, երբ այդ միակ թեկնածուն ոչ թե կուսակցական պատկանելությամբ որևէ մեկն է, այլ ժողովրդի կողմից առաջադրված նախընտրելի թեկնածուն:

Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ որևէ վիրավորական միտում կամ տրամադրվածություն չկա, որպեսզի Ազգային ժողովում ներկայացված մնացյալ այլ կուսակցությունները պաշտպանեն ժողովրդի թեկնածուի ընտրությունը, հակառակ դեպքում նրանք կհակադրվեն ոչ թե կուսակցության, այլ հանրության զգալի մասի տրամադրությանն ու ցանկությանը, իսկ վերջիններս հենց Նիկոլ Փաշինյանի հետ են կապում երկրում կտրուկ և արմատական փոփոխությունների իրենց արդարացված հույսը, սա է կարևորը: Կարդարացնի՞ արդյոք Ազգային ժողովն իր ժողովրդի հույսերը, թե՞ ոչ, կտեսնենք վաղը»:

Ռուբեն Բաբայանը նկատում է՝ ամեն դեպքում պետք է մշտապես հիշել, որ ժողովուրդը երբեք չի քնում.

«Երբ ասում են՝ ժողովուրդը քնած էր և արթնացավ, այդպիսի բան չկա, պարզապես նրան գործի դնելու ճիշտ և արդյունավետ գործիքներ են պետք, իսկ երբ հնացած գործիքներ եք օգտագործում, ուրեմն մի բողոքեք, որ ժողովուրդն անհաղորդ է մնում այդ գործընթացին: Պետք է առաջ գնալ ժամանակակից մեթոդներով և բաց ձեռքերով, այլ ոչ թե զենքով: Ինչպես արդեն հասկացանք, բաց ձեռքն ավելի ուժեղ է, քան զենքի ուժը, սերն ավելի ուժեղ է, քան ատելությունը»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում առկա հրամայականներին, Ռուբեն Բաբայանն առանձնահատուկ նշում է՝ հարկավոր է նայել առաջ. «Եթե Աստված ցանկանար, որ մենք ետ նայեինք, ապա մեր աչքերը կնախատեսեր գլխի ետնամասում, այլ ոչ թե դեմքի վրա: Իհարկե, կարելի է հետ նայել, փորփրել անցյալը՝ ո՞վ ժամանակին ի՞նչ սխալներ թույլ տվեց, ո՞ւմ ինչպես պատժել, կամ վրեժխնդիր լինել, բայց դա ժամանակի և ուժերի անօգուտ կորուստ է:

Փոխարենը՝ Աստված մեզ տվել է ականջներ և պատվիրել լսել ու առաջ շարժվել: Սա, իհարկե, չի նշանակում՝ մոռանալ անցյալը, այլ դրանից դասեր քաղելով՝ շարժվել առաջ, միայն առաջ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք պետք է կարողանանք քրիստոնյային վայել վարք դրսևորենք՝ ներող ու հանդուրժող լինենք, ոչ մի պահ չմոռանալով, որ մեզանից ոչ ոք անթերի չէ:

Սա ասելով՝ նկատի չունեմ՝ փախուստ պատասխանատվությունից, իսկ դրա համար նախևառաջ, խոսելով հրամայականների մասին, պետք է առանձնացնել՝ մեզ անհապաղ պետք է անկախ և արդար դատական համակարգ, որն անցյալ 20-25 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք ստեղծել: Բուրգն իրեն չարդարացրեց, որովհետև բուրգն ամուր է, եթե ներքևում եղած քարերը բոլորը հերթականությամբ ամուր են կառուցված»:

Անդրադառնալով հաջողված հեղափոխության հիմնական պատճառներին, Ռուբեն Բաբայանն առանձնացնում է.

«Երբ մենք վերլուծում ենք մարդու կամ մարդկանց գործողությունները, ոչ ամեն ինչն է պատճառաբանված լինում գիտակցական գործոններով, կա ենթագիտակցություն: Կարծում եմ՝ այդ ենթագիտակցական ցանկությունը՝ փոխելու համակարգը, շատ ամուր էր նստած մեր մեջ: Փոխելով միայն անհատին՝ Սերժ Սարգսյանին, կփոխեինք միայն այսբերգի երևացող մասը: Իրականում խնդիրները շատ ավելի խորքային էին, հենց այդ պատճառով էլ բողոքի ելած բազմահազար հանրությունը չսահմանափակվեց միայն անհատի փոփոխությամբ, այլ պահանջեց նաև համակարգի հեռացումը:

Այստեղ խաբվեց իշխանությունը և բոլոր նրանք, ովքեր հովանավորում էին իշխանությանը: Նրանց թվում էր, որ կփոխեն անհատին, և դրանով ամեն ինչ կփակվի, բայց իրականությունն այլ պահանջ էր ներկայացնում: Իսկ այս ամենի շարժառիթը, իհարկե, եղավ Սերժ Սարգսյանի հավակնությունը՝ կրկին ղեկավարելու երկիրը, հատկապես այն պարագայում, երբ նախկինում նա արդեն հայտարարել էր՝ չի պատրաստվում անել դա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս