«Ադրբեջանը պետք է վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը և վերադառնա կառուցողական խոսակցության դաշտ». Փաշինյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիարժեք սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին: «Անվտանգությանն առաջնահերթություն է մեզ համար: Վարչապետ ընտրվելու պարագայում առաջին քայլերից կլինի անվտանգության հետ կապված օպերատիվ իրավիճակին ծանոթանալը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական և ագրեսիվ է որակում: «Այն պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ Երևանը գրավելու մասին, մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել բանակի մարտունակությունը, մարտական ոգին, բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, դա է ճանապարհը Ադրբեջանը բերելու կառուցողական դաշտ: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը նման ոչ կառուցողական հայտարարություններ է անում, բանակցությունների շարունակման համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նպաստեն, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը և վերադառնա կառուցողական խոսակցության դաշտ»,-նշեց Փաշինյանը: