«Այս համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատագամավորների հետ։
«Քանի որ «Ելքն» արդեն պաշտոնապես առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, մենք ունենք պայմանավորվածություն՝ շատ մանրամասներ չհրապարակել։ Ընդամենը քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ապագա աշխատանքի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը որևէ նախապայման չի թելադրում. «Մենք վստահ ենք մի բանում, որ մեր երկրում տարիներ շարունակ արմատավորված «Մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը, որ դեռևս 20-30 տարի բոլոր ճանապարհները պետք է անցնեն Մելիք-Ադամյանով, այս համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու, իսկապես, արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել, և պետք է առանց որևէ նախապայմանների՝ միավորել մեր բոլոր ուժերը։ Միավորել, ոչ թե վհուկների որս հայտարարելով, ոչ թե դաշտը սևի և սպիտակի բաժանելով, միավորել, իսկապես, երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»։
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ հասկանալի է, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն. «Բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ արտահերթ ընտրությունը մեկ ժամում կազմակերպելու խնդիր չէ։ Արտահերթ ընտրության համար մենք պետք է լրջագույն քայլ անենք՝ բարեփոխելու ԸՕ-ն։ «Ծառուկյան» դաշինքն առաջարկել էր հանել ռեյտինգային ընտրակարգը, որն ուղղակի ապաքաղաքականացրեց ընտրությունը։ «Ծառուկյան» դաշինքն առաջարկել է հաշվի առնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկները, որոնք վերաբերում են վարչական ռեսուրսի կիրառմանը, և Քրեական օրենսգրքում խիստ պատասխանատվություն ֆիքսել։ Այսինքն՝ մայիսի 1-ից հետո սկսվելու է իրապես սևագործ աշխատանք։ Մենք պետք է ընտրությունների գնանք՝ հստակ ունենալու լուրջ ԸՕ, նաև՝ կրկնաքվեարկությունները բացառելու ռեալ մեխանիզմ»։
Նա ասաց, որ քննարկվել է մեկ կարևոր խնդիր՝ անմիջապես սկսել պատրաստվել նոր խորհրդարանական ընտրությունների. «ԸՕ փոփոխություն փետրվար ամսին ներկայացրեց ԲՀԿ-ն, խորհրդարանական մեծամասնությունը մերժեց»։
Զոհրաբյանը վստահեցրեց՝ «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորները վաղը լինելու են քվեարկության. «Գագիկ Ծառուկյանն իր կողմ դիրքորոշումը հայտնել է, մենք ունենք խմբակցության նիստ, նրանք, ովքեր Հայաստանում ենք, անպայմանորեն քվեարկելու են կողմ։ Ովքեր երկրից բացակայում են, փորձում ենք կազմակերպել՝ սահմանված կարգով գրավոր իրենց քվեարկությունը թողնելու տեխնիկական խնդիրը»։
Նա հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի նոր վարչապետի ընտրությանը, ինչպես հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը։