Նոր Թումո՝ Փարիզում, ARLOOPA-ն՝ SmartEx-ում. Շաբաթը՝ հայկական IT-ում
168.am-ը շարունակում է ներկայացնել շաբաթվա ընթացքում հայկական ՏՏ ոլորտում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները:
20 թիրախ մինչև 2020
Բրյուսելում տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչև 2020» թեմայով քննարկումը: Քննարկմանը Հայաստանից մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը:
«Արևելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման և շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։
Հարթակի հիմնական կետերից է նաև նորարարության և տեխնոլոգիաների դերի խթանումը՝ որպես թվային տնտեսության շարժիչ ուժ։
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ՏՀՏ ոլորտի փորձն ու ձեռքբերումները՝ Ամալյա Եղոյանն ընդգծել է էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման դերը, թվային տնտեսության մեջ անվտանգության մեծացմանն ուղղված ռազմավարությունը, էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված աշխատանքները, նորարար և ստարտափ էկոհամակարգի ուղղորդումը դեպի տնտեսության այլ ճյուղեր և այլն։
Նա կարևորել է նաև ԵՄ անդամ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայման անհրաժեշտությունը, տեխնոլոգիական ու թվային հմտությունների ձևավորումը։
Նոր Թումո՝ Փարիզում
2018 թվականի սեպտեմբերին Փարիզում կբացվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Փարիզի քաղաքապետ Էնն Իդալգոն նշել է, որ իրենք ներդնելու են բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը հաջողությամբ պսակվի:
Հիշեցնենք, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։
Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:
2013 թվականի հունվարի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Թումո կենտրոնի բացումը, որը հնարավոր դարձավ Կենտրոնական բանկի աջակցությամբ։
2015 թվականի մայիսի 25-ին Թումո Գյումրին դարձավ իրականություն. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց կենտրոնի բացումը Գյումրիի Տեխնոպարկի տարածքում։
2015 թվականի սեպտեմբերի 2-ին ՝ Արցախի հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի օրը, ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության արդյունքում Թումո ծրագիրը հասանելի դարձավ Արցախի պատանիների համար։ Ստեփանակերտի կենտրոնը ունի 1000 ուսանող հյուրընկալելու հնարավորություն։
«Հայկական բլոկչեյն» առաջին համաժողովը
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Հայկական բլոկչեյն» միջազգային համաժողովը:
Համաժողովին մասնակցում էին բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 600 ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Հոնգկոնգից, Ուկրաինայից և այլն:
Համաժողովին մասնակցում են միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներդրողներ, ինչպես օրինակ, Դիրք Ահլբորնը (Hyperloop Trasportation Technologies), Ջոն Լին (ESL Gaming), պրոֆեսիոնալ ներդրող Ուոլթեր Կոմարեկը Circle.one) և այլք:
Համաժողովի շրջանակներում անցկացված 12 կրթական վարպետության դասերի ընթացքում 15 ստարտափ թիմեր հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց նախագծերը, որոնցից լավագույնները պարգևատրվել են:
Նոր աշխարհներ՝ Shadowmatic-ում
Triada Studio-ի թողարկած Shadowmatic խաղում արդեն հասանելի է նոր ենթաբաժին: Այն կոչվում է «Ուրիշ աշխարհներ» և ներառում է 30 մակարդակներ:
Ընկերությունում նշում են, որ նոր մակարդակների շնորհիվ հնարավոր կլինի ճանապարհորդել ժամանակի և տարածության մեջ:
Նշենք, որ այս տարի հայկական Shadowmatic-ը մի շարք երկրներում ճանաչվել է լավագույն նորարարական խաղ:
Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic խաղն Android-ի օգտատերերի համար հասանելի դարձավ միայն 2017 թվականի մարտին: Այն տեղ էր գտել նաև App Store Best of 2015 լավագույն հավելվածների ցանկում՝ որպես լավագույն դիզայնն ունեցող, ինչպես նաև՝ որպես լավագույն նոր խաղ:
ARLOOPA-ն՝ SmartEx 2018-ում
Այս օրերին Բեյրութում տեղի է ունենում SmartEx 2018 ցուցադրությունը: Ցուցադրությանը մասնակցում է հայկական ARLOOPA-ն՝ ARLOOPA Lebanon-ի հետ:
168.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչները նշում են, որ իրենք ներկայացնում են ընկերության գործունեությունը՝ AR/VR, իրականցրած նախագծերը, ներկայացնում են, թե ինչպես այս նոր տեխնոլոգիաները կարող են կիրառվել տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ ARLOOPA-ն զբաղվում է «Լրացված իրականություն» և «Վիրտուալ իրականություն» տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեծմամբ:
Սիրարփի Աղաբաբյան