Բաժիններ՝

Հայաստանում երիտասարդները կստեղծեն առաջին լեռնահեծանվային պարկը

Ապրիլի սկզբին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներն ի հայտ բերելու և զարգացնելու Հեքեթոն:

Հեքեթոնն իրականացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: 

Հեքեթոնը նպատակ ուներ խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում` առավելապես մարզերում` շուկայում ներդնելով զբոսաշրջիկների համար առավել գրավիչ նորարար լուծումներն ու ծառայությունները

Լոռու մարզում տուրիզմը զարգացնելու համար լավագույն գաղափար անվանակարգում՝ Լոռու մարզպետարանի կողմից դյուրակիր համակարգիչ ստացավ Boo Mountain Bike Park թիմը, որն առաջարկում էր Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացման համար նպաստավոր պայմաններ: 

Կարդացեք նաև

Boo Mountain Bike Park-ի թիմում նշում են, որ իրենք մի խումբ երիտասարդներ են, ովքեր սիրում են ակտիվ հանգիստ, բնություն և սպորտ։ Իրենց երազանքն է՝ ստեղծել Հայաստանում առաջին լեռնահեծանվային պարկը, որի աշխատանքների սկիզբը դրվեց 2016 թվականի օգոստոսին Էկոլ աբ հիմնադրամի աջակցությամբ։

Նախագծի հեղինակ Էմմա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գաղափարն իր մոտ առաջացել է հեծանվային ֆիլմից: «Գաղափարը ծնվեց, երբ ես բախտ ունեցա նկարահանվել գերմանական VAUDE ֆիլմում, որը պատմում էր Հայաստանում էկոտուրիզմի մասին։ Այդտեղից ծնվեց գաղափար լեռնային հեծանվային արահետներ կառուցելու համար։ Հետո մի անգամ էլ Երևանում հեծանվով ավտովթարի ենթարկվեցի, և դա էլ խթան հանդիսացավ հասկանալու, որ լեռներում հեծանիվ վարելու համար պետք է տեղ լինի, ու ամեն ինչ սկսվեց այդտեղից; 2016-ի օգոստոսի վերջին մասնակցում էի Էկոլաբ հիմնադրամի դասընթացին, իրենք փոքրիկ դրամաշնորհ տրամադրեցին, ու սկսեցինք Բու պարկ ծրագիրը»: 

Էմմա Պետրոսյանը պատմում է, որ իրենց ծրագիրը հիմա Լոռու մարզպետարանում է, և իրենք սպասում են ֆինանսավորման պետությունից: Բացի այդ, իրենց թիմը հիմա պատրաստվում է քրաուդֆանդինգի, որը կլինի հունիսին կամ սեպտեմբերին:

«Գեղեցիկ հոլովակ ենք նկարել, որի արդյունքում ամենաքիչը պետք է $20,000 հավաքենք։ Թիմում ես եմ աշխատում, Վաղինակը՝ հիմնադիրը, շատ կամավորներ ունենք Վանաձորից և Էկոլաբ հիմնադրամից։ Այս տարի պատրաստվում ենք միջազգային կամավորներ հյուրընկալել Բու պարկ արահետների մաքրման աշխատանքների համար»:

Boo Mountain Bike Park-ի հիմնադիրները կարծում են, որ իրենց գաղափարը հետաքրքիր կլինի զբոսաշրջիկների համար: «Մեր էջին շատ արտասահմանցիներ են գրում, ովքեր պատրաստ են այսօր էլ գալ հեծանիվով կտրել-անցնել անտառներ լեռներ, ժամերով լինել բնության գրկում։ Դրանից լավ առաջարկ կա՞: Վերջին տարիներին Եվրոպայում, Նոր Զելանդիայում, ՀՎ Ամերիկայում շատ է զարգացել սպորտային և էքստրեմալ տուրիզմը։ Մենք էլ լիքը լեռներ ունենք, հրաշք բնություն և հյուրընկալ ազգ, իսկը տուրիստների համար է ստեղծված մեր երկիրը»,- պատմում է Էմմա Պետրոսյանը:

Էմման նշում է նաև, որ իրենք քրաուդֆանդինգի ժամանակ շատ հետաքրքիր իրեր են պատրաստելու և վաճառեն: «Կուզեի՝ ակտիվ բոլորը մասնակցեն ու Բու պարկի զարգացման մեջ իրենց ներդրումն ունենան»: Նշենք, որ լեռնահեծանվային պարկը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի սահմաններում, մասնավորապես՝ Փամբակ լեռան լանջերին։

Լուսանկարները՝ Boo Park-ի

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս