Twitter-ը շուկայի կանխատեսումից բարձր շահույթ է արձանագրել
Twitter ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է միկրոբլոգների համանուն ցանցը, զուտ շահույթ է ստացել 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով. նրա հասույթի եւ ակտիվ օգտատերերի թվի աճը շուկայի կանխատեսումներից բարձր է եղել։
Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, հունվար-մարտ ամիսներին զուտ շահույթը կազմել է 61 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 8 ցենտ՝ մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի արդյունքներով 62 մլն դոլար վնասի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 9 ցենտի համեմատությամբ:
Twitter-ի ակտիվ օգտատերերի միջին թվաքանակը մարտի վերջին կազմել է 336 միլիոն, ինչը 6 միլիոնով ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից: Փորձագետներն օգտատերերի թվի աճ էին սպասում 4 միլիոնով: Twitter-ի բաժնետոմսերի գնանշումները ապրիլի 25-ին կայացած էլեկտրոնային սակարկություններում կտրուկ բարձրացել են 3,4 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան տարեսկզբից աճել է 27 տոկոսով՝ մինչեւ 23,5 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: