«Չեմ կարող ընդունել մի բանակցություն, որը տեղի է ունենում մամուլի ներկայությամբ. դա արդեն ոչ թե քաղաքական բանակցություն է, այլ պարզապես PR-է». Կարեն Վարդանյան

Երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բուռն ընթացքը՝ անհնազանդության խաղաղ ցույցերի տեսքով, մայրաքաղաքում երկօրյա դադար է վերցրել: Ինչպես հանրության լայն զանգվածները, այնպես նաև քաղաքական էլիտան, սպասում են մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք հատուկ նիստին, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

Ըստ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, մայիսի 1-ին պատգամավորներն ունեն մեկ օրակարգ՝ կա՛մ հանգուցալուծել երկրում առկա ներքաղաքական ճգնաժամը, կա՛մ խորացնել այն. «Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով, աջակցությամբ, կա՛մ էլ՝ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- երեկ հանրահավաքում հայտարարել է նա:

Երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին 168.am-ը զրուցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին,  որտեղ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Կարեն Վարդանյանը նշում է՝ արտառոց ոչինչ չկա, Վլադիմիր Պուտինն ասել է այն, ինչ մենք ինքներս էլ շատ լավ գիտեինք.

«Այո, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում՝ գործող Սահմանադրության շրջանակներում: Փոխարենը խնդրահարույց իրավիճակ կստեղծվեր, եթե նա ասեր հակառակը՝ մերժելով ՀՀ Սահմանադրության սահմանած նորմերը:

Ենթադրենք՝ նմանօրինակ իրավիճակ է ստեղծվում Ռուսաստանում, և մենք էլ մեր հեռախոսազրույցի ընթացքում ասում ենք, որ խնդիրները պետք է հարթվեն Ռուսաստանի Սահմանադրության շրջանակներում, ի՞նչ կա սրանում: Նորմալ բան է ասել, իսկ թե մենք մեր Սահմանադրության շրջանակներում ինչպե՞ս կկարգավորենք մեր երկրում ստեղծված այս իրավիճակը, սա արդեն բացառապես մեր որոշելիք գործն է»:

Թե ինչպե՞ս կարելի է Սահմանադրության ընձեռած դրույթներին հավատարիմ մնալով՝ կազմակերպել անցնցում և օրինական համապատասխան հանգուցալուծում, Կարեն Վարդանյանը պատասխանում է.

«Դրա համար կային գործողություններ, որոնք պետք է վաղուց արված լինեին, ինչը, սակայն, չարեց հրապարակը: Մենք ունենք պատգամավորներ, որոնց հետ պետք է աշխատեին, փոխարենը՝ մենք ավելի շատ տրվեցինք փողոցային պայքարին, այնինչ պետք էր այդ ընթացքը կազմակերպել՝ նրանց բացատրելու, համոզելու, խնդրելու, որպեսզի համակարգը ժամանակ չունենար վերակազմավորվելու և դիմադրելու: Իմ հրապարակային ելույթներում ես բազմիցս նշել եմ՝ քանի դեռ հրապարակի էներգիան չի սպառվել, ժամանակը պետք է օգտագործել և զբաղվել ինստիտուցիոնար փոփոխություններով: Սա հասարակության սխալն էր:

Անգամ, եթե Նիկոլ Փաշինյանը դա չի զգում կամ չի կարողանում անել, ապա այն հասարակական ուժերը, որոնք այս ողջ ընթացքում ակտիվորեն ներգրավված են եղել վերջին շրջանի զարգացումներում, պետք է այդ աշխատանքը կատարեին»:

 «Ինձ համար «Բարգավաճ Հայաստանը» բացարձակ նույնն է, ինչ Հանրապետական կուսակցությունը, ոչ մի տարբերությամբ՝ իր օլիգարխիկ, ինչպես նաև իր արտաքին կառավարման բնույթով»

Գնահատելով Փաշինյան-Ծառուկյան համագործակցության ջանքերը, Կարեն Վարդանյանը նշում է՝ քաղաքական պրոցես է, և ի՜նչ ասես կարող է պատահել.

«Ես ինքս գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույն համակարգի մի մասնիկն է, իսկ եթե ես միտված եմ համակարգային փոփոխությունների իրականացմանը, ապա այդ համակարգը պետք է ամբողջությամբ քանդվի, որովհետև ինչպես՝ համակարգը, այնպես էլ՝ այդ համակարգի սերտաճումները որևէ կապ չունեն Հայաստանի ապագայի հետ: Ինձ համար «Բարգավաճ Հայաստանը» բացարձակ նույնն է, ինչ Հանրապետական կուսակցությունը, ոչ մի տարբերությամբ՝ իր օլիգարխիկ, ինչպես նաև իր արտաքին կառավարման բնույթով: Հիմա վերադառնալով Նիկոլ Փաշինյանի քայլերին, կրկնեմ, որ նա այս պահին զբաղված է քաղաքականությամբ»:

«Դա նույնն է, որ փողոցում մոտենաս անծանոթ կնոջն ու զանգվածի ներկայությամբ սեռական հարաբերություններ առաջարկես, պարզ չէ՞, որ այդ մարդը պետք է փախներ»

Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակի կողմից տարածած հայտարարությանը, որով Կարեն Կարապետյանը հրաժարվել էր ընդունել Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված երկխոսության առաջարկը, Կարեն Վարդանյանն ընդգծում է՝ այն, որ Սարգսյան-Փաշինյան բանակցություններն ակնհայտ անարդյունավետ էին, դրանում այլ կարծիք լինել չի կարող.

«Ես որևէ կերպ, և, առաջին հերթին՝ որպես գաղափար, չեմ կարող ընդունել մի բանակցություն, որը տեղի է ունենում մամուլի ներկայությամբ: Այստեղ խոսքը ոչ թե քաղաքական բանակցության մասին է, այլ պարզապես PR-ի: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի որդեգրած դիրքին՝ հրաժարվել նմանատիպ բանակցային ձևաչափից, ապա դա ուղղակի ակնհայտ էր, բանակցային արդյունքի իմաստով դա ոչինչ չէր տալու: Բանակցությունն ինքնին շատ ինտիմ պրոցես է:

Այս առնչությամբ վերջերս ես շատ կոշտ համեմատություն եմ արել՝ դա նույնն է, որ փողոցում մոտենաս անծանոթ կնոջն ու զանգվածի ներկայությամբ սեռական հարաբերություններ առաջարկես, պարզ չէ՞, որ նա ուղղակի կփախնի: Մոտավորապես նույն իրավիճակն է ստեղծվում, երբ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին առաջարկում է լրագրողների ներկայությամբ բանակցություններ անցկացնել, պարզ չէ՞, որ այդ մարդը պետք է փախնի…»:

Տեսանյութեր

Լրահոս