«Մենք ընդունում ենք, որ այսօր էլ կառավարությունում ունենք մարդիկ, ովքեր ունեն մեծ ներուժ». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին «լիկվիդացնելու» մասին

Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ճիշտ ճանապարհ չէ հրապարակից պատգամավորներին ահաբեկելը: «Թե չէ, փողոցից ահաբեկելով՝ «շուտ արեք, ինձ վարչապետ ընտրեք, թե չէ՝ էս ա չգիտեմ՝ ինչ կանեմ», սա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել էր Ա. Սարգսյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավորի այդ ձևակերպմանը:

«Ես չեմ կարծում, որ դուք տեսել եք որևէ դեպք, երբ ես որևէ մեկին ահաբեկել եմ: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, ու իմ՝ մեկուսարանից դուրս գալու օրը, եթե ահաբեկելու մտադրություն ունենայինք, այդ օրն ում ուզենայինք, որտեղ ուզենայինք, կահաբեկեինք: Մենք ասել ենք, որ մենք վենդետաներ չենք ուզում, էդ ո՞վ է մեզ մեղադրում ահաբեկելու մեջ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Հիշեցմանը, որ նման հայտարարություն արել էր Ալիկ Սարգսյանը՝ Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ալիկ Սարգսյանը ոստիկանության պետ է եղել, կարծում եմ՝ ևս մեկ անգամ պետք է բացի բառարանը և տեսնի՝ ինչ է նշանակում՝ ահաբեկում»:

Անդրադառնալով Ա. Սարգսյանի կողմից հնչեցված այն մտքին, որ պետք չէ ՀՀԿ-ականներին «լիկվիդացնել»՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Մենք ասել ենք, մենք չենք մերժում ոչ մի բան, մենք ընդունում ենք, որ այսօր էլ կառավարությունում ունենք մարդիկ, ովքեր ունեն մեծ ներուժ, պարզապես կան լավ շինարարներ, որոնք կառուցում են այն, ինչ նրանց հանձնարարվում է կառուցել, եթե նրանց հանձնարարվում է կառուցել բանտ, նրանք կառուցում են բանտ, եթե նրանց հանձնարարվի դրախտ, նրանք կկառուցեն դրախտ»:

Տեսանյութեր

Լրահոս