«Ես իմ տեսակն ու ազգանունն այս վերջին ճակատագրական պահերին երբեք չեմ փոխի». ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այս պահին Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ա. Սարգսյանն առաջարկեց Ն. Փաշինյանին՝ գալ ԱԺ, խոսել իրենց հետ, որպեսզի իրենք հասկանան՝ ինչ է նա ուզում:

«Թե չէ, փողոցից ահաբեկելով՝ «շուտ արեք, ինձ վարչապետ ընտրեք, թե չէ՝ էս ա չգիտեմ՝ ինչ կանեմ», սա ճիշտ ճանապարհ չէ: Ամբողջ աշխարհը նայում է, պատգամավորներին ուժի ազդեցությամբ չի կարելի տանել ընտրության: Սա ամենավատ բանն է»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

Հարցին՝ ՀՀԿ-ն պե՞տք է իշխանությունից հեռանա, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես հիմա այդ կարծիքին չեմ, թույլ տվեք, այս հարցը կքննարկենք, կորոշենք՝ ինչ է հնարավոր անել: Կարծում եմ՝ ՀՀԿ-ի՝ այս պահին այսպես թողնել-հեռանալն ընդամենը դավաճանություն կլինի ժողովրդի ու պետության նկատմամբ»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Ա. Սարգսյանը մնալո՞ւ է խմբակցության մեջ: Ի պատասխան՝ նա ասաց. «Այսինքն՝ առնետավազք կա, ես հիմա վաղուց պետք է փախա՞ծ լինեի: Չէ, ես իմ տեսակն ու ազգանունն այս վերջին ճակատագրական  պահերին երբեք չեմ փոխի, 60 տարեկան մարդ եմ»:

Տեսանյութեր

Լրահոս