Մայիսի 1-ը ոչ աշխատանքային է, բայց ԱԺ-ն հատուկ նիստ կանցկացնի

Թեև մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է, սակայն Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար, քանի որ Սահմանադրությամբ հստակ ժամկետներ են սահմանված։ Այս մասին 168.am-ին հայտնեց ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

«Ոչ աշխատանքային օր է, բայց ժամկետի խնդիր կա, և իրավունքի ուժով նիստ է գումարվելու»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի 2 և 3 կետերի՝

«2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կարդացեք նաև

3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։

 

Տեսանյութեր

Լրահոս