Ավտովթարից տուժած երեխան մահացել է
Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին՝ 00:05-ին, ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան Յուրի Պոպովը մահացել է: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառման միջոցով հայտնել է հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը՝ նշելով, որ վթարը եղել է համարանիշը փակած ավտոմեքենայի պատճառով. այն հարվածել է Mercedes մակնիշի մեքենային, որի մեջ եղել են երեխան ու նրա ծնողները: Մեքենան փախուստի է դիմել դեպքի վայրից:
Ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. ժամը 00:05-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, 27-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GX 352 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին: Վթարի հետեւանքով վարորդ Դավիթ Ա.-ն, 45-ամյա Գեւորգ Պոպովը, 1-ամյա Յուրի Պոպովը, 32-ամյա Տաթեւիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Դավիթ Ա.-ի վարած մեքենային հարվածել է հետևից ընթացող մեքենան, որն էլ եղել է առանց համարանիշի: Հայտնի է դարձել, որ բաժանմունք է ներկայացել Mercedes-ին հարվածած Opel-ի վարորդը և խոստովանել, որ ինքն է եղել Mercedes-ին բախվողը։
«Արմենպրես»-ը ՀՀ քննչական կոմիտեից ճշտում է դեպքի մանրամասները:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ից Երևանում ակցիաներին մասնակցողների շրջանում ակտիվացել է առանց համարանիշի մեքենաների շարժը: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ մեկ գիշերում (ապրիլի 25-ի լույս 26-ի), Երևանում հայտնաբերվել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա: