Հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, և այդ թեկնածուին ընտրելու է ԱԺ-ն. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց։ Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի, եւ թե՛ կողմերի շահերից։ Սա ուղղակի ակնհայտ է։
Բայց շատ շատերի համար անակնկալ այս գործընթացը կանգ է առել, որի իմաստը այնքան էլ հասկանալի չէ։ Ու անջրպետը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն է։
Սերժ Սարգսյանի հրաժարականի բովանդակությունը չափազանց հստակ էր՝ դա անձի հրաժարական չէր միայն, այլ նրա ղեկավարած կուսակցության հեռացում։ Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն դասական առումով կուսակցություն չէ արդեն շատ վաղուց։
Դա միակենտրոն, անձի շուրջ հավաքված, հստակ գաղափարախոսություն ու սկզբունքներ չունեցող կարիերիստների նոմենկլատուրային կուսակցություն է, որի գոյության միակ իմաստը միանձնյա իշխանություն ունենալն է եւ անընդհատ վերարտադրվելը։
Ու եթե այդ «կուսակցության» առաջնորդը բառիս բուն իմաստով ժողովրդի ճնշման տակ հրաժարական է տալիս երկրի ղեկավարի պաշտոնից եւ հայտարարում, որ ինքը սխալվել է, ապա դրանից ուղղակիորեն հետեւում է, որ իր ղեկավարած նոմենկլատուրային կուսակցությունը հեռանում է քաղաքականությունից։ Այդ կուսակցությունը պարտվել է։
Բայց, ինչպես տեսանք, ՀՀԿ-ի փոխնախագահ Կարեն Կարապետյանը չընդունեց այդ իրողությունը եւ այդ կուսակցության վերնախավի մի քանի ներկայացուցիչների հետ այնպիսի պահվածք ընդունեց, որը ավելի շուտ կարելի է բնորոշել որպես արկածախնդրություն։
Ակնհայտորեն չունենալով ուժայինների անվերապահ աջակցությունը, եւ առավել եւս չունենալով հանրության լայն շերտերի համակրանքը, Կարեն Կարապետյանը կառչել է պաշտոնից եւ անհասկանալի շարժումներ է անում։
Նա հանդիպում է դեսպաններին եւ հայտարարում, թե ժողովրդի թեկնածուին պատրաստվում են ընտրել Հանրապետության հրապարակում, փորձում համոզել, որ դրանով կխախտվի Սահմանադրությունը։
Այնինչ հստակ ասվել է, որ հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը, ինչը 100 տոկոսով համապատասխանում է Սահմանադրության ոգուն ու տառին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: