
Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» կտավը Նյու Յորքում աճուրդի կդրվի ռեկորդային գնով

Իտալացի ականավոր նկարիչ Ամեդեո Մոդիիլյանի «Պառկած մերկ կինը (ձախ կողքին)» Sotheby՚s-ի՝ մայիսին Նյու Յորքում կայանալիք աճուրդում կդրվի ռեկորդային գնով՝ 150 միլիոն դոլարով: Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում:
Ինչպես ասված է կայքում, 1917 թվականին ստեղծված նկարը Sotheby՚s-ի Impressionist & Modern Art Evening Sale աճուրդում կներկայացվի մայիսի 14-ին: «Սպասվում Է, որ Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը (ձախ կողքին)», կվաճառվի ավելի քան 150 միլիոն դոլարով»,- հայտնել են Sotheby՚s-ում: Sotheby՚s-ի տվյալներով՝ նկարի ներկայիս տերը այն ձեռք Է բերել 2003 թվականի աճուրդում 26,9 միլիոն դոլարով:
Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, նկարի մեկնարկային գինը ռեկորդային է դարձել այն ստեղծագործությունների համար, որոնք երբեւէ հանվել են աճուրդի:
Նախկին ռեկորդը պատկանում է Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (1955) նկարին, որի մեկնարկային գինը կազմել է 140 միլիոն դոլար: Ի վերջո ստեղծագործությունն աճուրդով վաճառվել է 179 միլիոն դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: