«Ոստիկանությունն այն, ինչ ունի, դա օգտագործելու է, դուրս է բերել, որպեսզի կարողանա կարգ ու կանոնը պահպանել». Գագիկ Մինասյան
«Ստեղծված իրավիճակում լուծումը պետք է լինի քննարկումների և բանակցությունների ճանապարհով։ Վարչապետը դիմել է hանրապետության նախագահին։ Քննարկումների ժամանակ կառաջանան ընդհանուր մոտեցումներ, և դրանց ՀՀԿ-ն կհամաձայնի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա քնարկումների ձախողման պատճառը Կարեն Կարապետյանը հստակ նշել է:
Հարցին՝ ընդդիմության ներկայացրած բանակցությունների ձևաչափն ընդունելի չէ՞ ՀՀԿ-ի համար, նա պատասխանեց. «Ոչ մի կերպ ընդունելի չեն»:
«ՀՀԿ-ն պնդում է, որ լինեն քննարկումներ ու բանակցություն, և պնդում է, որ պայմանավորվածությունները պահպանվեն, չխախտվեն»,- հավելեց նա։
ՀՀԿ ԳՄ անդամը ընդդիմադիրներին մեղադրեց պայմանավորվածությունները չպահպանելու մեջ. «Պետք է լինեն բանակցություններ, վերջնագրեր չլինեն, քաղաքական լուծում պետք է լինի»։
Երևանի կենտրոնում՝ Մելիք-Ադամյան փողոցում, որտեղ գտնվում է ՀՀԿ-ի գրասենյակը, կուտակված ոստիկանական ուժերի և տեխնիկայի մասին Գ.Մինասյանն ասաց, որ տեխնիկական միջոցներն անկարգությունները կանխելու համար են. «Ոստիկանությունն այն, ինչ ունի, դա օգտագործելու է, դուրս է բերել, որպեսզի կարողանա կարգ ու կանոնը պահպանել»։
Հարցին՝ ՀՀԿ-ն կդիմի՞ կոշտ միջոցների, Գ.Մինասյանը պատասխանեց. «Մենք միշտ եղել և մնում ենք բանակցսւթյուների կողմնակից, քաղաքական պրոցեսները պետք է լուծվեն քաղաքական գործիքներով»։
Դիտարկմանը, որ ժողովուրդն է հաղթել, ժողովուրդը պետք է որոշի, Գ.Մինասյանը նշեց, որ այդ ամեն ինչը պետք է քննարկել, բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով լուծումները գտնել։ Թե այդ դեպքում ՀՀԿ-ն ինչո՞ւ չի ընդունում բանակցելու ձևաչափի մասին ժողովրդի պայմանները, Գ.Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ պետք է այդ քաղաքական ուժի տեսակետները, անկախ նրանից, թե դրանք ինչպես են ձևավորվել, ներկայացնի գործընկերներին, լսի հակափաստարկներ, գա ընդհանուր մոտեցումների։ Նման ձևաչափ գոյություն չունի, բանակցությունների ընթացակարգեր կան շատ վաղուց ձևավորված»։
«Ես կարծում եմ՝ պետք է հաղթանակի այն մոտեցումը, որ գործել է քաղաքակիրթ աշխարհում՝ բանակցություններ, քննարկումներ, պայմանավորվածություններ։ Քաղաքական գործընթացների համար կան ստեղծված մխանիզմներ։ Դա է»,- հավելեց Գ.Մինասյանը։