Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը
Բաքվի Շեքիի շրջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Աֆղան մուխտարլին դիմելով դատավորներին կոչ է արել առաջնորդվել խղճով:
«Մարդը մյուս արարածներից տարբերվում է խղճի զգացումով: Կոչ եմ անում առաջնորդվել խղճով»,- դիմելով դատավորներին՝ նշել է նա:
Աֆղան Մուխտարլին, ով քաղաքական մոտիվներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման հայտարարել է , որ չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամ ազատ արձակմանը:
Լրագրող Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլիի փաստաբանի ներկայացրած բողոքարկումը մերժվել էր, նա բողոքը ներկայացրել էր արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:
Աֆղան Մուխտարլիի ձերբակալությունը որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմն ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը, հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները: