«Այսօր հարցն այն է, թե ինչ արդյունքի կբերեն ապրիլի 25-ի բանակցությունները». Թևան Պողոսյան

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։

– Պարոն Պողոսյան, Դուք հայտարարել եք, որ առաջիկա քաղաքական քննարկումների արդյունքում, հնարավոր է, գտնվեն նոր լուծումներ։ Ի՞նչ լուծումների մասին է խոսքը։

– Այս ամենի մեջ նոր լուծումներ պետք է գտնենք՝ բանակցելով, բերելով այն փոփոխությունները, որոնք կհզորացնեն Հայաստանն ու Արցախը։ Կան արտաքին ու ներքին մարտահրավերներ, և այդ ամեն ինչին հնարավոր չի լինելու 1 օրում կամ անձերի փոփոխությամբ լուծում տալ։

Մենք պետք է հասկանանք, որ ունենք և՛ ինստիտուցիոնալ դաշտի փոփոխությունների կարիք, և՛ օրենսդրական, և՛ անհատների, և՛ մտածելակերպի, և այս ամեն ինչը պետք է կարողանալ կատարել ճիշտ իր ժամանակի մեջ, որպեսզի այսօրվա դրությամբ Հայաստանի ստացած հնարավորությունը մշտապես կարողանանք օգտագործել՝ ի բարօրություն և ի հզորություն մեր երկրի, Հայաստանը ոչ թե 1 օրվա համար դառնա ժողովրդավարության կղզյակ, այլ իսկապես դա արմատավորվի և դառնա մեր ապրելակերպը։

Երբ ասում ենք՝ պետք է ատելությանը վերջ տանք, ուրեմն պետք է վերջ տանք ատելությանը և բոլորի հետ հավասար խոսենք, չկրկնենք նախկին սխալները։ Չդառնա այնպես, որ, երբ մարդ ինչ-որ համակարգում աշխատել է, և այդտեղ խնդիրներ են եղել, մտածենք, թե այդ մարդուն փոխելուց՝ համակարգի խնդիրները վերանալու են։ Ո՛չ։ Պետք է գիտակցել, թե ինչպես անել, որ դառնանք այն շուկան, որտեղ մարդիկ գան ներդրումներ անելու։

Բայց դրա հետ մեկտեղ՝ պետք է նաև գիտակցենք, որ ունենք պարտավորություններ, որ բանակն ու զինված ուժերն անխախտ զարգանան և միշտ կարողանան դիմակայել բոլոր դժվարություններին։ Իրավապահ մարմինները միայն մեկ անձով չեն պայմանավորված, բայց պետք է գիտակցել, որ շատերն այս փոփոխությունը փորձելու են օգտագործել իրենց շահերի համար։ Երեկ մեզ լավագույն շանսն է տրվել, և այժմ մենք պետք է կարողանանք այն պատվով իրացնել։

– Դուք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ժամանել էիք Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, միջնո՞րդ եք հանդիսացել իշխանություն-ընդդիմություն քննարկումների գործընթացում։

– Ես միջնորդ չեմ եղել, ես արել եմ այն քայլը, որ պետք է անեի, իսկ ինչ եղել է, արել են որոշումներ կայացնողները, նրանք, որոնք բանակցությունների դուռ են բացել։ Գլխավորն այն է, որ մենք այսօր ունենք միասնականության շանսը, և ամեն մեկն իր բաժին ներդրումն ունի դրա մեջ։

– Այժմ առաջնահերթ գործնական քայլը ո՞րը պետք է լինի։

– Ապրիլի 25-ի բանակցությունները։ Պետք է հասկանալ, թե այդ ընդհանուր ձևակերպումը՝ իշխանության անցնցում փոխանցումը, օրինականության դաշտ մտնելը և բոլոր խնդիրներն ինչ օրակարգերով ու սխեմաներով ենք անելու։ Մեկ օրվա մեջ հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել։ Պետք է գիտակցել, որ մենք էլ համբերատար պետք է այդ հնարավորությունը տանք, ձևավորվեն տարբեր թիմեր՝ տարբեր ընկալումներով։

Մի պարզ օրինակ՝ երբ ասվում է, որ պետք է օրենքն արագ փոխվի, ու տեղի ունենան ընտրություներ, բոլորը մտածում են, որ օրենքն օրենսդրական դաշտում պետք է փոխվի։ Միջազգային պրակտիկայում և նաև մեր եվրոպական գործընկերների, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը եղել է այն, որ դու չես կարող Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել 1 տարի առաջ՝ մինչև ընտրությունները։ Հիմա, եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություն ենք անելու, ապա ընտրություններն առնվազն 1 տարի հետո պետք է լինեն։ Խնդիրն այն է, որ սրա մասին պետք է ճիշտ հաղորդակցում լինի, թե ինչպես ենք անում, ինչ որոշում ենք կայացնում։ Սա մի փուլ է, տնտեսությունում երկրորդ փուլն է, անվտանգության հարցերում մյուս փուլն է, արտաքին հարաբերություններում՝ մյուս, և այլն։

Հայաստանը երկիր է, որը հիմա ավելի գլոբալ իմաստով է ընկալվելու աշխարհում և անունը շեշտվելու է։ Բայց տարբեր ինստիտուտներում միջազգային պարտավորություններ ունենք ստանձնած, ո՞նց ենք կարողանալու այդ բոլորը ճիշտ հերթականությամբ կատարել, այլ ոչ թե՝ ինչ-որ հարցերում շտապենք, որը կբերի հիասթափություն և Հայաստանի իմիջի անկման։

Ապրիլի 26-ին կյանքն ամբողջովին փոխված չի լինելու, բայց կա շանս չարչարվելու և փոփոխություններն անշրջելի դարձնելու, հասնելու հզոր Հայաստանի։ Իսկ դա 1-2 օրում չի լինելու։

– Այսինքն՝ օրենքը փոխվելուց հետո ընտրությունները միայն 1 տարի հետո՞ կարող են լինել։

– Կարելի է քաղաքական որոշում կայացնել ու ընտրություններ հայտարարել, բայց եթե այդ ընտրությունները հայտարարվելու են այսօրվա օրենսգրքով, ես չգիտեմ, թե ինչ արդյունք կունենանք։ Մենք միշտ ասել ենք, որ ցուցակներն ուռճացված են, այդ 10 հազարը չպետք է երբևէ լինի գլխավոր ընտրական կետը։

Վստա՞հ ենք, որ մենք ճիշտ հաղորդակցում ենք արել, և ամբողջ հանրությունը գիտակցում է, որ մեր ապագան այլևս 10 հազարով չի վաճառվում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է փոխվի։

Այսինքն՝ այդ օրենքը պետք է մշակվի, քննարկվի, բոլորը համաձայնեն, ԱԺ-ում անցնի, կյանքի կոչվի, կուսակցություններ ձևավորվեն, որից հետո հասկանանք, թե ո՞ր կուսակցությունն է գիտակցում իր նախընտրական ծրագիրը, իր տեսլականը, թե՞ կրկին անհատների վրա են կառուցելու ամեն ինչ, և դրանով մենք ուղղակի կկրկնենք նույն գաղափարը։

Ես հասկանում եմ, որ այս ոգեշնչումը, այս միասնականությունը, այս հաղթանակը, որ հայ ազգն ապրեց, չի կարելի բաց թողնել, դա շատ կարևոր է։ Եվ պետք է իրականացնել այն փոփոխությունները, որ քայլ առ քայլ կբերեն հզոր, կայուն, ժողովրդավարական, ազատ, տնտեսապես լավ աշխատող պետության և հայի, որը հպարտությամբ ասելու է, որ ՀՀ քաղաքացի է։

Բայց, կրկնեմ, դա 1 օրում չի լինելու, պահանջվելու է որոշակի ժամանակ, մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, ու դրա մասին պետք է հանրության հետ խոսել, որ մարդիկ գիտակցված ներգրավվեն այդ աշխատանքի մեջ։

– Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ բոլոր նրանք, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, չանեն դա։

– Շատ ճիշտ կոչ է։ Ես էլ բոլորին խորհուրդ կտամ, որ մնան ու հասկանան, որ իրենք էլ բաժին ունեն ներդնելու նոր Հայաստանի համար, և, եթե նախկինում կային արատավոր դեպքեր, որ հարկերը չէին վճարում, կային մոնոպոլիաներ, դրանք պետք է վերանան, մարդիկ ազատ ստեղծագործեն ու իրենց բիզնես շահերն առաջ տանեն։

– Այսինքն՝ խոչընդոտներ այլևս չե՞ն լինի։

– Խոչընդոտները միայն վերևից չեն եղել, դրանք դարձել էին համակարգի մասնիկներ, դա միայն նախարար, կամ փոխնախարար, կամ վարչության պետ չի, դա ամբողջական համակարգն է։ Կա՞ն ազնիվ պետական ծառայողներ, որ վաղվանից ազնիվ են աշխատելու, թե՞ պետք է գիտակցենք, որ այս համակարգը պետք է իսկապես ծառայողի կարգավիճակով սկսի հանրությանը ծառայել։ Գիտակցո՞ւմ ենք, որ հարկային համակարգը 1 օրում փայլուն չի դառնալու, բայց պետք է, չէ՞, քայլ առ քայլ աշխատանք կատարվի։

Մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի, մարդը պետք է հասկանա, և ունենանք այն բոլոր ինստիտուտներն ու համապատասխան համակարգերը, որոնք թույլ չեն տալու, որ մարդիկ խախտեն օրենքը, կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավվեն։ Այսօրվա օրենքներն էլ շատերը վատը չեն, բայց կյանքի չեն կոչվում։ Գտնելո՞ւ ենք մենք 1 օրվա մեջ համակարգում այդ անհրաժեշտ մարդկային ռեսուրսը, որը վաղվանից օրենքը կյանքի կկոչի։

Այսօր հարցն այն է, թե ինչ արդյունքի կբերեն ապրիլի 25-ի բանակցությունները։ Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անպայման հանրությանը ներկայացնելու է այդ արդյունքները։ Շատ ճիշտ է, որ կոմունիկացիան պահպանվի։ Ինքը դա կանի գրասենյակի՞ց, թե՞ հրապարակում, արդեն երկրորդական է։

Պետք է գիտակցենք, որ վաղն առաջին կոչը, որ պետք է բոլորն անեն, պետք է լինի հետևյալը՝ ուսանողնե՛ր, հիմա լավագույն ժամանակն է գիտելիքներ հավաքելու, որովհետև Հայաստանին ապագայում պետք են հզոր գիտելիքով մարդիկ, դպրոցականնե՛ր, գնացեք, ձեր դասերը սովորեք, աշխատողնե՛ր, գնացեք, այնպես արեք, որ համակարգերն աշխատեն, որովհետև ո՛չ Արցախյան խնդիրն է 1 օրում լուծվելու, ո՛չ էլ մյուս բոլոր մարտահրավերները, որ մեր երկրի առջև կանգնած են։ Պետք է գիտակցել՝ փոփոխությունների համար ժամանակ է հարկավոր։

Տեսանյութեր

Լրահոս