Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ

Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին կանցկացնեն երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Հիմնական շեշտադրումը լինելու է պահանջատիրությունը, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև շնորհակալությունը Չեխիայի խորհրդարանի ստորին պալատին՝ Պատգամավորների պալատին, որ արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Հակոբ Ասատրյանը:

Ապրիլքսանչորսյան միջոցառումերը կմեկնարկեն երեկոյան, Պրահայի խաչքարի մոտ կխոնարհվեն ծաղիկներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այնուհետև Պրահայի կենտրոնով կանցկացվի երթ դեպի Սուրբ Հոգի եկեղեցի, որտեղ կկատարվի եկեղեցական կարգ, կհնչեն ելույթներ: Միջոցառումների շրջանակում նախատեսված է Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի համերգը:

Տեսանյութեր

Լրահոս