Պաշտոնական այցով ԱՄՆ ժամանող Մակրոնը «բարեկամության կաղնի» է բերում Թրամփին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 23-ին ԱՄՆ կժամանի առաջին պաշտոնական այցով: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, չնայած այն բանին, որ երկու երկրների հարաբերություններում կան սուր հարցեր, Մակրոնն ինքն այս այցի մասին խոսում է, ավելի շուտ, որպես խորհրդանշական այցի մասին: Թրամփի հետ իր հանդիպման հիմնական նպատակները նա համարել է լավ ու կայուն հարաբերությունների ցուցադրումը։
Այցը նվիրված է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հարաբերությունների 250-ամյակին: Մակրոնի ծրագրում նախատեսված է ոչ միայն շփում նախագահական զույգի հետ, այլեւ ելույթ Կոնգրեսում: Ի պատիվ ֆրանսիացի հյուրերի Թրամփն իր նախագահության ընթացքում առաջին անգամ կազմակերպում է կառավարական ընթրիք: Մակրոնն իր հերթին Թրափի համար տանում է կաղնի Ֆրանսիայի հյուսիսից, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսել են ափ իջնել ամերիկյան զորքերը:
Նա կարծում է, որ ծառը, որը նախագահները կտնկեն Միացյալ Նահանգների ղեկավարի այգում, կդառնա երկու երկրների երկարատեւ հարաբերությունների խորհրդանիշը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, Ֆրանսիայի ղեկավար Էմանունել Մակրոնին կնվիրեն Սպիտակ տան Երկնագույն սենյակի աթոռի պաստառի մի մասը՝ շրջանակում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ապրիլի 23-ին Մակրոնին եւ նրա կնոջը՝ Բրիջիտին, սպասում է առանձին ճաշկերույթ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ: Նա նրանց կընդունի ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի տանը՝ Վիրջինիայի նահանգում Պոտոմակ գետի ափին: Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, դա ընդգծում է Ֆրանսիայի՝ որպես ԱՄՆ-ի առաջին դաշնակցի բացառիկ կարգավիճակը: