«Այս պահին էլ դեռ կորսված չէ, որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը նորից հանդիպեն ու խոսեն». Արամ Սարգսյան
«Ակնհայտ է, որ լարումները հասել են իրենց գագաթնակետին»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա ասաց, որ ինքը փորձել է հանդիպել և զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները. «Անգամ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին, որ ինձ թույլ տան մտնել ու զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ես հիմա խոսում եմ՝ ոչ որպես «Հանրապետություն» կուսակցության նախագահ կամ «Ելք» դաշինքի անդամ, մեր հանրությունը տեղյակ է, որ այս ընթացքում ես ինձ հնարավորինս անկողմնակալ եմ պահել ու ես ուզում եմ խոսել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի թիմի կողմից:
Ես ուզում եմ ինձ իրավունք վերապահել ու խոսել ՀՀ շահի տեսանկյունից: Այդ տեսանկյունից էի ուզում այդ հանդիպումն անել: Այլընտրանքը, քան երկու թիմերի լիդերների երկխոսությունն է, գոյություն չունի: Պետք է փորձել ամեն ինչ անել, այս պահին էլ դեռ կորսված չէ, որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը նորից հանդիպեն ու խոսեն: Կարևոր չէ, թե ինչից՝ ժամկետներից, հրաժարականից և այլնից, կարևորը՝ երկխոսություն լինի: Ես անցել եմ 2004 թվականի ապրիլի 12-ով, 2008 թվականի մարտի 1-ով, ես չեմ ուզում այդ տեսարանների կրկնությունը, մեր երկիրն այլևս չի կարող նման ցնցումներ ապրել»:
Ա. Սարգսյանն ասաց, որ ինքը հասկանում է, որ հանրության հետ խոսելու, առաջնորդելու՝ հանրությանը կոչեր անել կարող է միայն այդ հանրության լիդերը. «Դրա համար կոչ եմ անում իշխանություններին՝ ազատ արձակել ձերբակալվածներին, ուրիշ ոչ ոք չի կարող հանրությանը բան բացատրել: Իշխանություններին սթափության կոչ եմ անում, բաց թողնեն ձերբակալվածներին, վերսկսեն բանակցությունները: Կոչ եմ անում իշխանական թիմի բոլոր ներկայացուցիչններին, որ իրենք էլ փորձեն ճնշումներ գործադրել իրենց լիդերի վրա:
Նույնը դիմում եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներին, փորձեք որևէ կերպ երկխոսության բերել լիդերներին, հակառակ դեպքում տեղի է ունենալու այն, ինչը վնասելու է մեր երկրին: Ինչ մնում է մնացած գործողություններին, ես կլինեմ ժողովրդի հետ, կգամ հրապարակ, բայց ելքն այդ հրապարակը չէ, ելքը և՛ դահլիճում է, և՛ հրապարակում է, եթե այս երկու տեղում էլ չի գտնվում, խնդիրը գնում է առճակատման»: