
«Ի՞նչ արյունահեղության մասին են խոսում, արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն». Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արյունահեղությունից խուսափելու ի՞նչ ուղիներ է տեսնում՝ հաշվի առնելով, որ վարչապետն ասաց, որ նա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից դասեր չի քաղել:
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «Ինչ արյունահեղության մասին է խոսքը, ի՞նչ հիմքով»:
Դիտարկմանը, թե ասում են՝ հավաքներն անօրինական են՝ Ն. Փաշինյանը մեջբերեց Հավաքների մասին օրենքը, որի համաձայն՝ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ոստիկանությունն իր իրավասության սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին.
«Ի՞նչ արյունահեղության մասին են խոսում, արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն»:
Նրա խոսքով՝ Մարտի 1-ից Ս. Սարգսյանը դասեր չի քաղել:
Ն. Փաշինյանն ասաց, որ իրենք ավելի ուժեղ են շարունակելու պայքարը: Նրա խոսքով՝ իրենք պետք է ուժեղացնեն ճնշումը: Այսօր շարունակելու են քայլերթը և հանրահավաքը: «Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: