«Սիրտս և հոգիս գուլա». Արսինե Խանջյանը՝ Հանրապետության հրապարակից հեռախոսազանգով ուղերձ հղեց ցուցարարներին

Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունը հանրահավաք է իրականացնում Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ օրերս նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին և Ատոմ Էգոյանին՝ գալ և լինել ժողովրդի կողքին:

Քիչ առաջ հանրահավաքի ժամանակ Արսինե Խանջյանը հեռախոսազանգով իր խոսքն ուղղեց ժողովրդին՝ ասելով, որ նա ժողովրդի կողքին է. «Սիրելի հայրենակիցներ, հայ ժողովուրդ, եթե իմանայիք, թե որքան կփափագեի կանգնել ձեր կողքին: Սիրտս և հոգիս գուլա, բայց ոչ միայն այդ ցավալի թեմայի պատճառով, այլև՝ ուրախությամբ, որ դուք միասնաբար տարածված եք Երևանի ուղիներում, պետական շենքերում, կամուրջներում և կհնչեցնեք ձեր արդար և ճշմարիտ ձայնը: Հավատացեք, որ ուժը ձեր մեջն է: Ձեր ուղերձը ամպից ջինջ է ու օրինավոր: Կաղաչեմ ձեզ, որ այս անգամ չհիասթափվեք: Ես և իմ ընկերներից շատերը՝ Սերժ Թանկյանը, Էրիկ Նազարյանը, Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը, կկիսենք ձեր տեսակետները: Այս պահից մենք ձեզ հետ ենք, բայց ավելի վախով լեցուն, քան՝ դուք: Մարմնապես հեռու ենք և ձեր մարմինները կթողնենք, որ ծեծվեն-վնասվեն, բայց՝ ոչ ձեր կամքը, բարոյական ուժը և հոգին»:

Ա. Խանջյանը նաև բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ արեց համախմբվել: Նա ասաց, որ նախաձեռնության անդամները պետք է խորհրդարանին օրակարգ ներկայացնեն, միայն փողոցի ձայնը չպետք է լսվի, պետք է դնեն կոնկրետ առաջարկներ:

Տեսանյութեր

Լրահոս