Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներից տարավ Բաղրամյան պողոտա

Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 18-ին կայացել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքը: Հանրահավաքի մեկնարկին ցուցարարները բացեցին Հայաստանի Հանրապետության մեծ դրոշը՝ տարածելով այն իրենց շարքերում և երգելով պետական հիմնը:

ԱԺ պատգամավորը շեշտեց, որ իրենց մարտավարության մեջ կարևոր դեր են խաղալու մարզերում, հանրապետության փոքր քաղաքներում և գյուղերում բողոքի միջոցառումների կազմակերպումը, այդ թվում՝ մարզային գերատեսչական կառույցների շենքերի արգելափակումը, միջպետական ճանապարհների արգելափակումը և այլ գործողություններ:

Անդրադառնալով հետագա քայլերին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրենք շարունակելու են պետական մարմինների աշխատանքը կաթվածահար անելու մարտավարությունը: Նա միաժամանակ դիմեց շարժմանը մասնակցող երիտասդարդներին ու պատանիներին, ովքեր «տաքարյուն են» և նշեց, որ պետք է մնալ բացառապես խաղաղ գործողություններ անցկացնելու տրամաբանության մեջ: Նա միաժամանակ ընդգծեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի սահմաններում է զանգվածային միջոցառումներին անչափահասների և դպրոցականների մասնակցությունը՝ նշելով, որ նույնիսկ եթե վերջիններս լինեն նման միջոցառումների կազմակերպիչներ, ապա դա չի հակասի օրենքին:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց նաև Երևանի պետական համալսարանին և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին իրենց պահվածքի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բուհերում իրենց առջև դռները չեն փակվել:

Հանրահավաքի ընթացքում ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը, հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը: Հանրահավաքը վարում էր քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Հանրահավաքի ավարտին մեկնարկեց ցուցարարների երթը:

Տեսանյութեր

Լրահոս